Արքայական ակումբը դավաճանեց ու «սպանեց» իր «աստղին». Ինչու և ինչպե՞ս կործանվեց Ֆերնանդո Ռեդոնդոյի կարիերան

1999 թվականի ապրիլի 19-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում սեփական հարկի տակ ընդունել էր «Ռեալին»։ Մադրիդում կայացած խաղում տխուր 0-ներ էին գրանցվել։ Դիմակայության ելքը պետք է վճռվեր մրցաշարի գործող հաղթողների հարկի տակ։ Թեպետ խաղում խփվեց 5 գնդակ, սակայն վճռորոշը դարձավ այն մեկը, որի հեղինակը դարձավ Ռաուլը։

«Ռեալի» հարձակվողի գոլում ոչ մի արտառոց բան չկար, սակայն դրանից վայրկյաններ առաջ ֆանտաստիկ հնարքով աչքի ընկավ նրա թիմակից Ֆերնանդո Ռեդոնդոն։ Արգենտինացի ֆուտբոլիստը բարդ իրավիճակում մոտ էր գնդակը կորցնելուն, սակայն աննկարագրելի գեղեցիկ հնարքով՝ կրնկով գնդակն անցկացրեց իր հետ պայքարող Հեննինգ Բերգի ոտքերի արանքով ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ «Ի՞նչ է նրա խաղակոշիկի մեջ։ Մագնի՞տ», – խաղից հետո զարմացել էր անձամբ Ֆերգին։

Այս հնարքի ու հաղթանակի շնորհիվ «Ռեալը» հաղթեց ոչ միայն այս խաղում, այլև Չեմպիոնների լիգան առհասարակ։ Ռեդոնդոն կրելով ավագի թևկապը՝ ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Սակայն, ինչ տեղի ունեցավ նրա հետ դրանից հետո, նման է ծանրագույն դրամայի (ավելի շուտ՝ դորամայի), որտեղ կա միայն մեկ դերակատար ու մի քանի դժբախտություն։ Եվ դա այն դեպքում, որ նա ժամանակին բարդագույն ճանապարհ էր անցել։

Այս կամ այն հայտնի ֆուտբոլիստի մասին պատմությունները սովորաբար սկսվում են «նա ծնվել ու մեծացել է աղքատիկ թաղամասում» արտահայտությամբ։ Ֆերնանդո Ռեդոնդոն այդպիսին չէ։ Նրա ծնողները եղել են ապահովված մարդիկ՝ բիզնեսմեններ, և Ռեդոնդոն ծնված օրվանից ունեցել է հագուստ, մարզաշապիկ ու մարզակոշիկներ։ Արգենտինայում 70-ականներին գործում էր սոցիալական դասերի կտրուկ տարբերակում։ Որպես հարուստ ընտանիքի ներկայուցուցիչ՝ նա պարտավոր էր լավ սովորել։ Ռեդոնդոն հաջողել էր այդ հարցում։ Եվ ոչ միայն այդ հարցում։

Ինչպես իրեն հարգող «մոր ընկերուհու տղա», Ռեդոնդոն հասցնում էր ոչ միայն դպրոցում լավ սովորել, այլև գերազանց էր վարվում գնդակի հետ։ Հաճախելով «Արգենտինոս Խունիորս» թիմի մանկապատանեկան մարզադպրոց՝ նա տարեցտարի զարգացրեց իր ունակությունները ու 1985 թվականին՝ 15 տարեկանում, նորամուտը նշեց հարազատ թիմում։ 5 տարվա ընթացքում Ռեդոնդոն խաղաց նախատեսվածից քիչ, սակայն կարողացավ գրավել եվրոպական ակումբներից մի քանիսի ուշադրությունը։ Համալսարանի ավարտական քննությունները գերազանցությամբ հանձնելուց հետո Ռեդոնդոն թողեց հարազատ Արգենտինան ու տեղափոխվեց Եվրոպա (այդ չարաբաստիկ քննություններին դեռ կանդրադառնանք)։

Իսպանական «Տեներիֆեում» Ռեդոնդոն ոչ մի լիարժեք մրցաշրջան չանցկացրեց. խանգարում էին վնասվածքները։ 4 տարին, թեկուզ և ոչ լիարժեք, բավական էին, որպեսզի Ռեդոնդոն դառնա եվրոպական թոփ ակումբների տրանսֆերային գլխավոր թիրախը։ Ո՞վ չէր ցանկանա գնել հենակետային կիսապաշտպանի, որը մյուսների նման պրիմիտիվ քանդող չէ, այլ տիրապետում է գերազանց փոխանցումների, տեխնիկապես զարգացած է նույնքան, որքան Մարադոնան, բազմաֆունկցիոնալ է, ինչպես նաև հանդերձարանի բացարձակ առաջատարն է։ Ֆուտբոլիստ մի ասեք՝ մի գանձ ասեք։

Դե եթե գանձ՝ ուրեմն «Ռեալ»։ «Արքայական ակումբը» հաղթեց եվրոպական մի շարք ուժեղ թիմերի հետ մրցակցությունն ու «Տեներիֆեին» վճարեց 1994 թվականի դրությամբ հսկայական՝ 18 միլիոն դոլար։ Դժվար է ասել՝ կկայանար արդյոք տրանսֆերը «Ռեալ», եթե մադրիդյան ակումբի ղեկին կանգնած չլիներ Խորխե Վալդանոն, որը Ռեդոնդոյի հետ արդեն աշխատել էր «կղզիաբնակների» հետ։

«Ռեալի» հետ նորամուտի մրցաշրջանը ձախողվեց, քանի որ Ռեդոնդոն նորից վնասվածք ստացավ նախավարժանքի ժամանակ։ Այդ վնասվածքը նրան գործնականում խանգարեց մինչև 1997 թվականը։ 97/98 մրցաշրջանում Ռեդոնդոն ցույց տվեց իր լավագույն ֆուտբոլը երբևէ Եվրոպայում և օգնեց «Ռեալին» ավելի քան 25 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում ոչնչացնելով «Յուվեի» կիսապաշտպաններ Էդգար Դավիդսին ու Դիդյե Դեշամին։

2 տարի անց Ռեդոնդոն, ինչպես արդեն նշեցինք, կրկնեց իր հաջողությունը «Ռեալի» հետ՝ այս անգամ կրելով այդպիսի լեգենդար ակումբի ավագի թևկապը։ Սակայն «արքայական» թիմի ղեկավարությունը «բանի տեղ չդրեց» Ռեդոնդոյի արած-չարածն ու նրա հետ վարվեց ծայրաստիճան տգեղ ու անհարգալից։ Ռեդոնդոն կարիերան շարունակեց «Միլանում», սակայն, ինչպես ասում են՝ «վայ նման շարունակելուն»։ Խեղճ արգենտինացին 4 տարվա մեջ ընդամենը 16 հանդիպում անցկացրեց «Միլանի» կազմում, սակայն դրանք միջին վիճակագրական «ռոսոներիների» երկրպագուի համար ավելի մեծ արժեք կարող են ունենալ, քան «Միլանի» մարզաշապիկը 200+ անգամ կրած խաղացողն իր բերած տիտղոսներով։ Դա կոչվում է «հարգանք», որը ձեռք են բերում տարիների ընթացքում։ Ռեդոնդոն դրան հասավ անգամ խաղադաշտ դուրս չգալով։

Ինչպե՞ս է դա հնարավոր։

Ֆերնանդո Ռեդոնդոն, լինելով ապահոված ընտանիքի զավակ, երբեք ստիպված չի եղել այս կամ այն առիթով գնալ զիջումների։ Նա սովոր է եղել, որ «կամ իմ ասածն ու ուզածն է լինելու, կամ չի լինելու ոչինչ» տարբերակը աշխատելու է։ Անգամ եթե կշեռքի նժարին դրված է եղել ծանրակշիռ հանգամանք, բայց այն չի համապատասխանել նրա նկրտումներին, դեմ է գնացել նրա սկզբունքներին, Ռեդոնդոն թքած է ունեցել նման բաների վրա։ Դրանից տուժել է, օրինակ, նրա միջազգային կարիերան։

Սկզբունքներն ու հավաքականը

Այդպես 1990 թվականին, Ֆերնանդո Ռեդոնդոն հրավեր էր ստացել ազգային հավաքականից՝ մասնակցելու Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այնպես էր ստացվել, որ Իտալիա մեկնելու օրը Ռեդոնդոն դեռ չէր հասցրել հանձնել իր ավարտական քննությունը։ Ռեդոնդոն գերադասեց շարունակել ուսումը և ստանալ տնտեսագետի որակավորում։ Հատկանշական է, որ Ռեդոնդոն համալսարանն ավարտելիս արդեն «Արգենտինոս Խունիորսի» ավագն էր։ Սակայն դա նրան չխանգարեց համալսարանն ավարտել գերազանցությամբ։ Իսկ այ Արգենտինայի հավաքականի կազմում ԱԱ արծաթե մեդալները նվաճելու հնարավորությունից զրկվեց։

1994 թվականի Մունդիալին Ռեդոնդոն արդեն բոլոր քննությունները հանձնել էր, ակումբում գործերը գերազանց էին, ու ոչինչ չէր խանգարում հավաքականի հետ մեկնելու խոշորագույն մրցաշարի։ 93-ին Կոպա Ամերիկա հաղթած Արգենտինայի հավաքականը Բատիստուտայի, Մարադոնայի Կանիջայի ու Ռեդոնդոյի հետ պատրաստ էր հաղթելու նաև Մունդիալը։ Սակայն այս անգամ էլ համը հանեց Մարադոնան։ Այն, ինչ եղավ՝ գիտեք. Մարադոնայի արյան մեջ կոկային հայտնաբերվեց, նրան որակազրկեցին, Արգենտինան առանց նրա շամպայնի փականի պես ԱՄՆ-ից թռավ հայրենիք։ Բուլղարացիների հետ խաղից հետո Ռեդոնդոն մոտեցել է Մարադոնային ասել. «Ես քեզ էի փնտրում։ Քեզ էի փնտրում, Դիեգո՛։ Փնտրում էի, որ չէի գտնում։ Ի՞նչ արեցիր մեզ հետ Դիեգո»։ 

Այս խոսքերը Ռեդոնդոն 3 անգամ կրկնել է արդեն որակազրկված Մարադոնային՝ հասկանալով, որ առանց նրա Ռումինիայի հավաքականին հաղթելն անհնար էր։ 1998 թվականի Մունդիալից առաջ, ինչպես նշել էինք, Ռեդոնդոն հավաքել էր ֆանտաստիկ մարզավիճակ ու օգնել էր «Ռեալին» հաղթել Չեմպիոնների լիգայում։ Սակայն աշխարհի առաջնության մասնակիցների վերջնական հայտացուցակում նրա անունը տեղ չգտավ. պատճառն առավել քան զավեշտալի է։

Մունդիալ-94-ի ֆիասկոյից հետո հավաքականի ղեկին կանգնեց լեգենդար Դանիել Պասարելան, որն իր համար արդեն որոշել էր. «ովքեր ականջօղ են կրում երկար մազեր ունեն՝ միասեռական են»։ Նման խտրականության զոհ դարձավ հավաքականի ավելի քան 50 տոկոսը՝ այդ թվում՝ ընտրանու առանցքային խաղացողներ Բատիստուտան, Ռեդոնդոն ու Կանիջան։ Բատիգոլը հակառակ գնաց իր սկզբունքներին, կտրեց մազերն ու մեկնեց Ֆրանսիա, իսկ Կանիջան ու Ռեդոնդոն թքած ունեին Պասարելայի որոշման վրա։ «Ալբիսելեստեի» մարզիչն էլ չնահանջեց, սակայն դրանից ավելի շատ տուժեց նա, Արգենտինայի հավաքականն ու երկրպագուները։ Առանց Ռեդոնդոյի ու Կանիջայի, հավաքականը անգամ քառյակ չմտավ, թեպետ և համարվում էր հաղթողի ֆավորիտ։

«Ռեալի» նախկին նախագահի «գործակալն» ու Ֆլորենտինո Պերեսը

Հավաքականում առկա խնդիրները, սակայն չէին անդրադառնում նրա՝ «Ռեալում» հանդես գալուն։ Վերջապես հաղթահարելով բոլոր վնասվածքները՝ Ռեդոնդոն վերջապես ամուր կանգնեց երկու ոտքի վրա, հրաժարվեց հավաքականի մարզաշապիկը հետագայում կրելուց ու ամբողջ ուշադրությունը սևեռեց «Ռեալի» վրա։ «Սերուցքայինների» հետ 2000-ին նա դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Եզրափակիչում հիմնականում հենց նրա ջանքերով «Ռեալը» խեղդեց «Վալենսիային»։ Ռեդոնդոն ավելի ուշ ստացավ ՈւԵՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Սակայն այդ պահին նա պատկերացնել չէր կարող, որ «Ռեալի» մարզաշապիկն այլևս չի կրելու, իսկ նրա թիկունքում մարդիկ արդեն պատերազմ են անում։

2000 թվականի ամռանը «Ռեալում» տեղի ունեցավ ոչ բռնի, թավշ…նախագահի փոփոխություն։ Անհայտ գործարար Ֆլորենտինո Պերեսը 3000 ձայնով հաղթեց գործող նախագահ Լորենցո Սանսին, որին չփրկեցին անգամ 3 տարվա ընթացքում ՉԼ 2 գավաթները։ Ընտրողներին ավելի գայթակղիչ էին պրագմատիկ Պերեսի՝ Ֆիգուին հրավիրելու խոստումները։ Այդպես էլ եղավ. Պերեսը եկավ, դրանից մի շաբաթ անց Ֆիգուն 62 միլիոն եվրոյի դիմաց «Բարսան» փոխեց «Ռեալով»։ Մադրիդ եկան նաև Մակելելեն ու Կոնսեյսաոն։ Դա նշանակում էր, որ մի շարք խաղացողներ պետք է լքեին թիմը։ Այդպես, պրոբլեմատիկ Անելկան փախավ ՊՍԺ, Կարամբյոյին ուղարկեցին համեստ «Միդլսբրո»։ Մնում էր Ռեդոնդոն։

Լավ իմանալով, որ Ռեդոնդոյին վաճառելը հեշտ չի լինելու, բանակցությունները սկսեցին առանց նրան տեղյակ պահելու։ Ակումբի մյուս ղեկավարներին Պերեսը լոլո էր կարդում, որ Ռեդոնդոն 31 տարեկան է, ստանում է թիմում երկրորդ ամենաբարձր աշխատավարձը, հաճախ վնասվածքներ է ստանում, և, ինչն ամենակարևորն է, ընտրությունների ժամանակ սատարել էր նախկին նապագահ Սանսին։ Միջերկրական ծովի մյուս ափին տառապող «Միլանն» իր ականջները սրած լսում էր Իսպանիայից եկած շշուկները։ Խելացի Բեռլուսկոնին ցանկանում էր թիմ հրավիրել իսկական սուպեր աստղի, ինչն ավելի վաղ արել էին Ապենինների մյուս «բնակիչները» («Յուվեն»՝ Տրեզեգե, «Լացիոն»՝ Կրեսպո, «Ռոման»՝ Բատիստուտա)։ Ռեդոնդոն այդ տեսանկյունից իդեալական թեկնածու էր։

Բանակցությունները հաջող ընթացան։ Ընդամենը մի քանի օրում կողմերը համաձայնեցրին Ռեդոնդոյի տրանսֆերը. Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի համար 11 միլիոն ֆունտը ծիծաղելի գումար էր։ Ամենացավալին այն էր, որ Ռեդոնդոն իմացավ այդ մասին, երբ կողմերն արդեն ամեն ինչ որոշել էին։ Մինչ Պերեսն ու Բեռլուսկոնին «անխղճորեն» «առնում-ծախում էին» Ռեդոնդոյին, վերջինս իր սերն ու երախտիքն էր հայտնում ակումբին, այն համարում էր իր տունը։ Մինչդեռ մի քանի օր անց այդ «տան բնակիչները» նրան ճանապարհ դրեցին Իտալիա։

Ընդ որում՝ ամենատգեղն այդ պարագայում այն էր, որ «Ռեալի» պաշտոնական կայքում տեղ գտավ այսպիսի տեքստ. «Ռեալն» ու «Միլանը» համաձայնության են հասել Ֆերնանդո Ռեդոնդոյի տրանսֆերի հարցում։ Այս տեղափոխությունը տեղի է ունեցել ֆուտբոլիստի խնդրանքով, որը ցանկանում էր փոխել ակումբը»։ Ռեդոնդոն, որը սովոր չէր կեղծավորություններին, անմիջապես արձագանքեց՝ չոր փաստերը «մեխելով Պերեսի ճակատին».

«Խոսենք փաստերով. «Ռեալից» ոչ ոք ինձ հետ չի կապվել ու չի տեղեկացրել, որ ինձ ցանկանում են վաճառել այլ ակումբի։ Իմ փոխարեն մարդիկ արդեն որոշել էին։ Գործակալս ինձ ասաց, որ տրանսֆերի արժեքն արդեն հստակեցված է։ Ես հասկացա ամեն ինչ, սակայն ցանկանում եմ՝ իմանաք. հեռանալու որոշումն իմը չէ։ Սա է ճշմարտությունը, իսկ նման սուտը նպատակ էր հետապնդում կեղտի հետ խառնել իմ անունն ու հեղինակությունը»։

Ռեդոնդոյի հայտարությունից բառացիորեն ժամեր անց երկրպագուները «փչացած ռադիոյի» սկզբունքով սկսեցին սպառնալ, որ տապալելու են «Միլանի» հետ ընկերական հանդիպումը։ Մադրիդում «Ռեալի» ուլտրասները վանկարկում էին «Մենք Ռեդոնդոյին Ֆիգուի հետ չենք փոխի» ու «Ռեդոնդոն Մադրիդ է»։ Սակայն ծրագրված գրոհը տեղի չունեցավ, թիմերի միջև խաղը կայացավ, իսկ Ռեդոնդոն տխուր նստած էր Ադրիանո Գալիանիի կողքին տրիբունայում։

Դաժան ճակատագիրը, բումերանգն ու նորաձևության մայրաքաղաքը

Բոլորին պարզ էր, որ այս գործարքից գոհ են բոլորը, բացի Ռեդոնդոյից։ Արգենտինացի ֆուտբոլիստը, սակայն, երբեք չէր վախենում նոր մարտահրավերներից։ «Միլանն» էր «Ռեալի» պես ակումբ է, որն ունի հավատարիմ երկրպագուներ։ Ամեն ինչ, գուցե, լավ ստացվեր, եթե…

Ռեդոնդոն «Միլանի» հետ երկրորդ մարզումային օրվա ընթացքում, վազքի ժամանակ ձգեց ազդրի մկանը, սակայն դա չարյաց փոքրագույնն էր։ Երկու շաբաթ առաջ նա սայթաքեց ու ընկավ փոսը, ինչի պատճառով վնասեց ծնկի կապանները։ Բժիշկների կանխատեսումները լավատեսական չէին. նորամուտը պետք էր հետաձգել առնվազն կես տարով։ Հոկտեմբերի 2-ին նա ենթարկվեց վիրահատության։ Սակայն վերականգնողական գործընթացն ընթանում էր սպասվածից չափազանց դանդաղ։ Առաջին վիրահատությունը հաջող չէր, նա ստիպված էր երկրորդ անգամ պառկել վիրահատական սեղանին։ Պրոցեդուրան կրկնվեց նաև երրորդ անգամ….։

2001 թվականին, վերականգնողական հերթական փուլի ըտնթացքում Ռեդոնդոն ակումբի ղեկավարության առաջ հանդես եկավ երկու խնդրանքով։ Նախ, նա ցանկանում էր վերադառնալ Մադրիդ, որտեղ նրա վրա ճնշումը քիչ կլիներ։ Բացի դրանից, Ռեդոնդոն խնդրեց Գալիանիին նրան վերականգնողական փուլի ընթացքում աշխատավարձ չտրամադրել։ Գալիանին ապշած էր։ «Ես երբեք նման բան չէի տեսել։ Ֆերնանդոն՝ ֆանսատիկ անձնավորություն է»։ Ռեդոնդոն ցանկանում էր անգամ վերադարձնել առանձնատունն ու մեքենան, բայց Գալիանին դրան դեմ գնաց։

2002 թվականի հունվարին Ռեդոնդոն վերջին անգամ վիրահատվեց, դրանից 11 ամիս անց միայն նա առաջին անգամ հնարավորություն ստացավ կրելու «Միլանի» մարզաշապիկը։ «Անկոնայի» հետ արտագնա խաղում Ռեդոնդոն դուրս եկավ խաղադաշտ, «Միլանի» հետ պայմանագիր կնքելուց 30 ամիս անց, իսկ «Ռոմայի» հետ Ա սերիայի հերթական խաղի ժամանակ, երբ Ռեդոնդոն դուրս էր գալիս խաղադաշտ, նրան հոտնկայս ծափահարում էր 67 հազար երկրպագու։

Ռեդոնդոյի անցյալն ու ներկան հանդիպեցին 2003 թվականին՝ Չեմպիոնների լիգայի երկրորդ խմբային փուլում «Միլանին» բաժին էր հասել «Ռեալը»։ Արսեն ապահոված լինելով տեղը քառորդ եզրափակիչում՝ «Միլանը» «Սանտիագո Բերնաբեու» ստադիոնում հնարավորություն ուներ դուրս բերելու համեմատաբար էքսպերեմենտալ կազմ։ Ֆերնանդո Ռեդոնդոն ևս ստացավ իր շանսը՝ նորից Մադրիդի գլխավոր ստադիոնի խոտածածկը զգալու համար։ Խաղի մեկնարկից րոպեներ անց «Ռեալի» երկրպագուները վանկարկում էին Ռեդոնդոյի անունը, բացված էր «Աստվածը վերադառնում է դրախտ» պաստառը։ 79-րդ րոպեին Ռեդոնդոն փոխարինվեց, իսկ «Ռեալի» երկրպագուներն այնպես էին ծափահարում, որ աղմուկը լսելի էր ամբողջ աշխարհում…։

Ցավոք, արդեն այդ պահին պարզ էր, որ Ռեդոնդոն իր նախկին մակարդակին չի վերադառնա, ու 2004 թվականի մայիսի 16-ին, Ֆերնանդո Ռեդոնդոն մարզակոշիկները կախեց մեխից (նույն օրը «Միլանը» «Բրեշիայի» հետ խաղում հրաժեշտ էր տալիս նաև Ռոբերտո Բաջոյին)։

Իտալիայում անցկացրած ժամանակահատվածը Ռեդոնդոյի համար կհիշվեն որպես հիասթափության օրեր, ամիսներ, տարիներ, ինչպես նաև հավերժ հնչող «Իսկ ինչ կլիներ, եթե…» հարցադրում։ Սակայն այս ժամանակահատվածն ունի լուսավոր կետ. «Արքայազնը», ինչպես նրան կնքել էին երկրպագուները, նորից գողացավ երկրպագուների սրտերը, դարձավ բոլորի սիրելին, օրինակելի մարդ ու ֆուտբոլիստ, որն օժված է գնահատելու և սիրելու բացառիկ ունակություններով։ Ունակություններ, որոնք ցավոք չցուցաբերեցին ո՛չ Ֆլորենտինո Պերեսը, ո՛չ էլ Դանիել Պասարելան՝ խաչ քաշելով 90-ականների ամենատաղանդավոր ու զորեղ կիսապաշտպաններից մեկի կարիերայի վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *