Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք

Կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին հայտարարում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման մեջ, որը հրապարակված է e-gov.am պաշտոնական կայքէջում, ասված է.

«Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից.

և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն:

2. Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես»:

Կառավարությունից հրապարակել են նաև որոշման հավելվածը ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումների, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և մարմինների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.«I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՀԱՎԱՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:

2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:

4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:

6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

II. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ

7. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեությունը փոխադրվում է ռազմական դրության աշխատանքային ռեժիմի սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 16:00-ից՝ «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «ե» ենթակետի հիման վրա ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը համապատասխան:

III. ՀԱՎԱՔՆԵՐ ԵՎ ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԱՐԳԵԼՔՆԵՐԸ

8. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

IV. ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

9. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

10. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

11. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

12. Որպես քաղաքացիական պաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմա-կերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գործո-ղության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

VI. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

13. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարու-թյան, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

14. Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից»:

Ավելի վաղ Արցախում հայտարարվեց ռազմական դրություն և զորահավաք:

Հիշեցնենք, որ առավոտյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել: Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է քաղաքացիական բնակչության շրջանում 2 զոհի և 2 վիրավորի մասին:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *