Վարչապետ. Մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ

Օգտագործելով ծանր սպառազինություն` Ադրբեջանը գրոհի է ենթարկում Արցախի պաշտպանության բանակի դիրքերը բոլոր ուղղություններով: Այս մասին իր ուղերձում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայացմամբ` այս պահին էլ Պաշտպանության բանակը համառ մարտեր է մղում և պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը:

«Ալիևի վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների` հայտարարված հայ ժողովրդին: Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքն ու ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում էր ժողովրդին, չէր կարող որևէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմը:

Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայկական քաղաքականության պատանդն է դարձել և այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին:

Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն», — հայտարարեց Փաշինյանը:

Նա շեշտեց` Հայաստանը Արցախի անվտանգության և անկախության երաշխավորն է: «Մենք գործադրելու ենք հնարավոր և անհնարին ամեն ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար:

Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային և զինտեխնիկայի զգալի կորուստներ: Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբևէ: Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը», — նկատեց նա, ապա շարունակեց.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների և միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իրավիճակի լրջության վրա: Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետևանքներն ունենալ: Այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից և ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայունությանը:

Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսևորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ և շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետևանքներով է հղի Հարավային Կովկասի և հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը և տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից»:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *