Վարչապետ Փաշինյան. «Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, առավոտյան հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն և կհաղորդվեն», — ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարում է ադրբեջանական երկու ուղղաթիռ ու 3 ԱԹՍ խոցելու մասին: «Հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Ամբողջ պատասխանատվությունը Ադրբեջանի ռազմաքաղքական ղեկավարության վրա է: Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ և երեք ԱԹՍ: Մարտերը շարունակվում են», — հայտնել է նա:

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ` «հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը»: «Բնակչությանը կոչ ենք անում պատսպարվել», — գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Ադրբեջանական կողմը հաղորդում է իր կորուստների մասին, որոնք դեռ ճշտվում են` իր հերթին մեղադրելով հայկական կողմին:

Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով` միաժամանակ տեղեկացնելով, որ այս պահին ՊԲ ստորաբաժանումները, «հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը»: «Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը: Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն: Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը», — շեշտել է Հարությունյանը:

Իր հերթին Հայաաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: ՊՆ խոսնակի փոխանցմամբ` նախարարը ներկայացրել է սահմանին տիրող իրավիճակը և տեղեկացրել, որ «Ադրբեջանը սանձազերծել է հերթական սադրանքը»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խստագույնս դատապարտել է «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան» Արցախի նկատմամբ:

2 օր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: «Խաղաղության գործընթացի հիմքում պետք է ընկած լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը ճանաչվել է միջազգային հանրության և միջազգային միջնորդների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս իրավունքի ուժով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը: Այդ իսկ պատճառով, նրանց ընտրած իշխանությունները պետք է կարողանան մասնակցել բանակցություններին: Հակամարտության գոտում բնակվող մարդկանց խնդիրներն ու կարիքները պետք է դառնան բանակցությունների օրակարգի գերակայություն», — ասել էր նա, իսկ ավելի վաղ կոչ արել վերադառանալ կառուցողական դաշտ:

Հիշեցնենք նաև, որ երեկ Միացյալ Նահանգները կոչ էր արել Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոն լինել, զգուշություն ցուցաբերել և խուսափել ճամփորդություններից դեպի Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններ` լարվածության սրացման և վերջին բախումների պատճառով:

Աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *