Ադրբեջանական զինուժը հրետակոծում է Վարդենիսի շրջանը, զոհվել է մեկ քաղաքացիական անձ

Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ` այդ թվում թիրախավորելով նաև քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Այս մասին տարածած հայտարարության մեջ տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը` ընդգծելով, որ Ադրբեջանը ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին` դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Մինչև Վարդենիսի ուղղությամբ օդուժի կիրառումն ու գյուղերի հրետակոծումը Հայաստանի արտգործնախարարությունն այսօր հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ, որով հերքել էր ադրբեջանական կողմի այն տեղեկատվությունը, թե Վարդենիսի շրջանից հրթիռակոծվել է Ադրբեջանի Դաշկեքսանի շրջանը:

Հայաստանի արտաքին գերատեսչությունն ընդգծել էր, որ այս «կեղծ տեղեկատվության միջոցով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում մարտական գործողությունների աշխարհագրությունն ընդլայնելու, այդ թվում Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար»:

Այս հայտարարությունից րոպեներ անց հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակել են նաև Հայաստանի զինված ուժերի Վարդենիսի զորամասի վրա, ինչպես նաև օդուժ են կիրառել:

Ինչպես այսօր առավոտյան հրավիրած ճեպազրույցում տեղեկացրեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ն նաև քաղաքացիական ավտոբուս է խոցել, որը այրվել է: Նախնական տեղեկություններով, ավտոբուսը դատարկ է եղել:

Արծրուն Հովհաննիսյան. – «Վարդենիսի ուղղությամբ ադրբեջանական ԱԹՍ-ները և օդուժը հարված են հասցրել: ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին: Մենք րոպեներ առաջ հրապարակեցինք նյութեր, թե ինչպես է այրվում քաղաքացիական ավտոբուսը»:

Վարդենիսի Մեծ Մասրիկ համայնքի բնակիչ Իրինա Գասպարյանը «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, որ մի քանի անգամ կրակել են գյուղի հարակից տարածքների վրա` հավելելով, որ խուճապ չկա, և որևէ մեկը չի պատրաստվում լքել իր տունը. – «Անընդհատ կրակոցներ… Մենք ապշած ենք, որովհետև 90-ականներին էլ նման բան չենք լսել: Ահավոր ա վիճակը: Էս վերջին քսան րոպեին լռության ա, ոչինչ չկա, բայց դրանից առաջ շատ-շատ, մի քանի անգամ իրար հետևից կրակեցին: Ու մենք ծուխերը տեսնում էինք: Նաև մեկ զոհ ունենք, ցավոք, Վարդենիսում: Ասում են, որ Նորակերտ, Փոքր Մասրիկ, էդ կողմերի վրա են կրակել: Խուճապ չկա, որևէ մեկը դուրս չի գալիս»:

Հայկական կողմի փոխանցմամբ, այսօր վաղ առավոտվանից ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները արցախա-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով: Գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են TOC-1A ծանր հրետանային համակարգեր: Ըստ Պաշտպանության նախարարության, TOC, Cмерч և այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը` այն բարձրացնելով նոր մակարդակի, ինչի արդյունքում հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ:

«Ազատության» հարցին, թե որ ուղղություններով են ձեռնարկվել այդ հարձակումները, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. – «Հիմնականում նույն ուղղություններն են` Արցախի սահմանի հյուսիսային և հարավային հատվածները, մերձարաքսյան հովիտը, Թալիշի ուղղությունը, Մատաղիսի ուղղությունը: Այլ ուղղություններում էլ են ընթանում մարտեր: Մարտունիի ուղղությամբ են ընթացել մարտեր, Ասկերանի որոշակի ուղղությամբ են ընթացել մարտեր»:

Պաշտոնական տվյալներով, սեպտեմբերի 27-ից մինչև օրս ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 83 հայ զինծառայող: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհվածների թիվը հասել է 5-ի, ևս 30 մարդ վիրավորվել է:

Ադրբեջանը իր զինվորականների շրջանում զոհերի մասին տեղեկատվություն չի տրամադրում, ընդամենը նշում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև օրս 10 քաղաքացիական անձ է զոհվել, 30-ը` վիրավորվել:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *