ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հերթական կոչով է հանդես գալիս։ Հունաստան այցի ընթացքում Երևանին և Բաքվին նման հորդորով է այսօր դիմել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն։ Այս մասին ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Կրետե կղզում Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հետ բանակցությունների ընթացքում։

«Արտգործնախարարը և ես քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որում ներգրավված երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն բռնությունները և աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ՝ շուտափույթ կերպով վերադառնալով առարկայական բանակցություններին», — նշել է Փոմփեոն։

Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով էլ` այսօր ուշ երեկոյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները դռնփակ խորհրդակցություն կանցկացնեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացությունը։ Վերջին անգամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ղարաբաղյան համակարտությունը քննարկել էր շուրջ 27 տարի առաջ`1993 թվականի աշնանը:

Այս անգամ քննարկման նախաձեռնողը Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Էստոնիան է։ Բալթյան այս պետության արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալված պատերազմի շուրջ քննարկումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու մտադրության մասին հայտարարեց նախօրեին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութան ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցների ընթացքում։

«Երկու նախարարների հետ իմ զրույցի ընթացքում ես ընդգծել եմ հարցի խաղաղ կարգավորման կարևորությունը և կոչ եմ արել կողմերին անհապաղ կերպով դադարեցնել բռնությունները։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է խաղաղ ճանապարհով լուծվի», — նշված է Ռեյսնալուի՝ բանակցությունների արդյունքում հրապարակած հայտարարության մեջ։

Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող ռազմական գործողությունները Անվտանգության խորհրդում քննարկելու Էստոնիայի նախաձեռնությանը միացել են նաև եվրոպական մի շարք պետություններ, այդ թվում` Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։

Այս պետություններն, ի դեպ, ՄԱԿ-ի ձևաչափից դուրս ևս փորձում են նպաստել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահաստատմանը։ Քիչ առաջ գերմանական լրատվամիջոցները, վկայակոչելով Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆեն Զեյբերտին, տեղեկացրին, որ այսօր դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հիշեցնելով, որ երեկ էլ կայացել էր Մերկելի հեռախոսազրույցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Զեյբերտը նշել է. — «Կանցլերը ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման և բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի անհրաժեշտությունը։ Մերկելի կարծիքով` ԵԱՀԿ Մինսկի խումբը նման բանակցությունների հարմար ձևաչափ է»:

Վերջին ժամերին ԵՄ ևս մեկ խոշոր պետություն՝ Ֆրանսիան, հայտարարեց, որ մոտ ապագայում ջանքեր կգործադրի Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ։ «Առաջիկա օրերին մենք զարկ կտանք Մինսկի խմբի գործունեության համակարգմանը պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել, ով է մեղավոր, ինչպես նաև փորձելով [ճգնաժամից] ելքեր գտնել», — Reuters գործակալությանն այսօր փոխանցել են Ելիսեյան պալատից։

Հայ-ադրբեջանական պատերազմի թեման երկուշաբթի երեկոյան հեռախոսով քննարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Միացյալ Թագավորությունը կոչ է անում շուտափույթ կերպով նվազեցնել տարածաշրջանում առկա լարվածությունը», — նշված է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմի հայտարարության մեջ։

Նույն ժամերին, երբ Ջոնսոնն ու Էրդողանը քննարկում էին Հարավային Կովկասում ծավալվող իրադարձությունները, հրապարակվեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբի և նրա կանադացի պաշտոնակից Ֆիլիպ Շամպանի համատեղ հայտարարությունը, որում մասնավորաբար նշված էր. «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունները խորապես մտահոգում են Կանադային և Միացյալ Թագավորությանը։ Խաղաղ բնակավայրերի հրետակոծությունների և քաղաքացիական զոհերի մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են։ Մենք կոչ ենք անում անհապաղ կերպով դադարեցնել ռազմական գործողությունները, հարգել հրադադարի մասին համաձայնագիրը և քաղաքացիական անձանց պաշտպանելու պարտավորությունները», — նշում են Մեծ Բրիտանիայի և Կանադայի արտգործնախարարները՝ հավելելով. — «Այս հակամարտության ցանկացած լուծում պետք է բացառի բռնությունը և հիմնված լինի խաղաղ, բանակցությունների արդյունքում ձեռք բերված լուծման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի շրջանակներում», — նշված է արտգործնախարարների հայտարարության մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *