Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն. ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան

Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 27 -ին սկսված ռազմական գործողություններին` ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Կոպիրկին. Պաշտոնական բոլոր մեկնաբանությունները տրված են, Ռուսաստանն ի սկզբանե շատ ակտիվ քայլեր էր կատարել կոնֆլիկտի դեէսկալացիայի ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է` ռազմական գործողությունները պետք է ավարտվեն, կողմերը պետք է վերադառնան բանակցային գործընթացին: Փոխզիջումի միջոցով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա:

Լրագրող— Բայց Դուք հավասարության նշան եք դնում ագրեսոր երկրի և պաշտպանվող Հայաստանի միջև, ինչո՞ւ:

Սերգեյ Կոպիրկին— Ես կրկնեմ` Ռուսաստանն իր առաջադրանքն է համարում այստեղ էսկալացիա թույլ չտալը և միջնորդ կարգավիճակում փորձում է պայմաններ ստեղծել, որ գտնվեն փոխշահավետ լուծումներ, և ինչը կարևոր է` խաղաղ լուծում: Հենց դա է մեր դիրքորոշումը: Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է և այլ երկրների հետ ամեն ինչ անում է, որ կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ:

Լրագրող— Կոնկրետ ի՞նչ քայլեր է անում այդ ուղղությամբ Ռուսաստանը:

Սերգեյ Կոպիրկին— Ռուսաստանն ակտիվ աշխատում է, կապի մեջ է բոլոր կողմերի հետ, եղել է Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հեռախոսազրույց, արտաքին գործերի նախարարներն են կապի մեջ: Ռուսական կողմը կապի մեջ է նաև ադրբեջանական և թուրքական կողմի հետ: Ամեն ինչ արվում է, որ այս էսկալացիան ավարտվի:

Կոպիրկինն այսօր փակ ձևաչափով հանդիպում էր Հայաստանի հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման մասին պայմանավորվածությունը եղել է շատ ավելի վաղ, և պայմանավորված չէ վերջին դեպքերով, լրագրողներին տեղեկացրեց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը, ով դիմավորում էր դեսպանին։

Դեսպանից հետաքրքվեցինք նաև ՀԱՊԿ գործողությունների մասին, ասաց` իր կարծիքով՝ կազմակերպության քարտուղարի արձագանքը բավականին հստակ էր:

Լրագրող— ՀԱՊԿ-ը պատրաստվո՞ւմ է միջամտել, քանի որ գործողությունները տեղափոխվել են հայ-ադրբեջանական սահման:

Սերգեյ Կոպիրկին— ՀԱՊԿ-ի քարտուղարի հայտարարությունը` կրակը դադարեցնելու, հստակ ազդակով էր:

Լրագրող— Այո, բայց դա չի օգնում, գործողություններն արդեն երրորդ օրն է` շարունակվում են:

Սերգեյ Կոպիրկին— Ես կրկնում եմ` Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որ բանակցությունները վերսկսվեն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *