Ադրբեջանական ռազմական ինքնաթիռի ռմբակոծությունից Մարտակերտում երեք խաղաղ բնակիչ է զոհվել

Ադրբեջանի ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, ինչի հետևանքով երեք խաղաղ բնակիչ է զոհվել, կան նաև վիրավորներ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ շեշտելով․ — «Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով գրոհում է խաղաղ բնակչության դեմ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը»:

Մարտերի սկզբից արդեն 8 խաղաղ բնակիչ է զոհվել, որոնցից մեկը Վարդենիսում։

Արդբեջանը, որ ոչինչ չի հաղորդում իր զոինվորական կուրուստների մասին, մինչև այս պահը հայտարարել է 12 քաղաքացիական զոհի մասին։

«Արցախում մարտագծի ամբողջ երկայնքով ինտենսիվ մարտերը շարունակվում են», — հայտնում է Պաշտպանության նախարարաւթյունը՝ մանրամասնելով, որ հյուսիս-արևելյան, ապա նաև հարավային ուղղություններում Ադրբեջանը կիրառել է թուրքական F-16 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ: — «Մի շարք ուղղություններում Պաշտպանության բանակն ունի նկատելի հաջողություններ, Ադրբեջանի մարդկային և ռազմատեխնիկական կորուստները ավելանում են, ոչնչացվել է նաև «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»:

Գիշերը մայրաքաղաք Ստեփանակերտի երկնքում խոցվել է Ադրբեջանի 2 անօդաչու թռչող սարք։ Պաշտպանության բանակի հաղորդմամբ, Ադրբեջանը թիրախավորել է նաև խաղաղ բնակչությանը:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. – «Վաղ առավոտյան հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը անցել են լանյածավալ հարձակողական գործողությունների, մասնավորապես ավիացիոն, հրետանային և հրթիռային հարվածներ են հասցրել: Այս պահին այդ ուղղությամբ ընթանում են մարտեր»:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին, ապա Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, ի տարբերություն երեկվա, այսօր Հայաստանի սահմանին ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել. – «Եղել են առանձին դրվագներ` հետախուզական, ուսումնասիրման և այլն, բայց կոնկրետ մարտական գործողություններ չեն ընթացել: Գործողությունները շարունակվել են Պաշտպանության բանակի հիմնական ուղղություններով»:

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչների մարտերին մասնակցության մասին հայտարարություն է տարածել Հայաստանի արտգործնախարարությունը, որում խստորեն դատապարտել է Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջել է թուրքական զինուժի և օդուժի անհապաղ դուրսբերումը ղարաբաղյան հակամարտության գոտուց:

Արտգործնախարարությունը հայտնել է նաև երեկ թուրքական կործանիչի հարվածից զոհված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուի անունը՝ Հայաստանի զինված ուժերի օդաչու, մայոր Վալերի Դանելին։ Թուրքիան և Ադրբեջանը կտրականապես հերքում են F-16-ի մասին հայտարարությունները: Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Թուրքիան Հայաստանի ինքնաթիռ չի խոցել, իսկ Ադրբեջանը պնդում է, թե «ադրբեջանական կողմը F-16 տիպի կործանիչներ չունի և մարտերում դրանք չի կիրառում»:

Արծրուն Հովհաննիսյանը այսօր հայտարարեց, որ ադրբեջանական զինուժի տրամադրության տակ գտնվող որևէ միջոց չէր կարող խոցել հայկական Սու-ն, բացի F-16-ից, իսկ այդ բազմաֆունկցիոնալ կործանիչներից Ադրբեջանի զինուժը չունի, փոխարենը նման կործանիչներ ունի Թուրքիան. – «Թուրքիայի օդուժից բերվել էին նաև այլ սարքեր: Օրինակ, «Բայրաքթար» և այլ տեսակի ԱԹՍ-ները, որոնք համադրելի չեն ՄիԳ-29-ի կան Սու-25-ի հետ, այսինքն` օպերատիվ իրավիճակի կառավարման տեսանկյունից չէին կարող օգտագործել: Եվ հետևաբար պետք էր F-16-ը, որպեսզի կարողանա էս համադրումը իրականացնել: Ավելին ասեմ. մենք շատ լավ հասկանում ենք, էդքան փորձ ունենք, որ F-16-ը օդում է, աշխատում է, «Բայրաքթարին» է օգնում, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի և կառավարման ինքնաթիռ է թռչում թուրքական… բորտերով գիտենք, համարներով գիտենք, շատ լավ գիտենք էդ ամեն ինչը: Եվ ինչպես են փոխհամագործակցված աշխատում իրար հետ: Իսկ ապացույցները, այո, մենք հավաքել ենք, ապացույցները մենք ունենք: Տեղին ու ժամանակին մենք էդ անակնկալները կներկայացնենք»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *