Բնակիչները չեն պատրաստվում լքել Վարդենիսը

Վարդենիսում ներկայումս հանգիստ է, կրակոցների ձայներ չկան: Համայնքի բնակիչները «Ազատությանը» պատմեցին, որ ավելի շատ գիշերային ժամերին ու լուսադեմին է ակտիվանում ադրբեջանական կողմը:

Թե՛ հրետանին, թե՛ անօդաչու թռչող սարքերը այս գիշեր էլ աշխատել են, բայց բնակիչների խոսքով` չնայած գիշերային կրակոցներին և երկնքում երևացող անօդաչու թռչող սարքերին, չեն պատրաստվում հեռանալ: Հիմա հակառակ գործընթացն է. օրինակ` Արբակ Ղարիբյանը պատերազմական գործողությունների առաջին օրն իսկ Էջմիածնից եկել է հայրենի քաղաք, ասում է` այստեղ իր ծնողներն են, եղբայրները, րոպե անգամ չի մտածել գալուց առաջ: Երեկ էլ Երևանից հարևանն է եկել:

Տեղից հեռացողներ չունեն. — «Բոլորն էլ գալիս են, բոլորը կանգնած են մեր հայ ազգի առաջ, կեսն էլ պոստերում են, կեսն էլ վիրավորներին են տեղավորում»:

«Նրանք միշտ էլ Վարդենիսից վախեցած են, սաղ կյանք էլ Վարդենիսի անուն լսել, վախեցել են», — նշում են բնակիչները: Նրանք «Ազատության» նկարահանող խմբին ցույց են տվել երեկ հայկական ՀՕՊ-ի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների հատվածները: Բեկորները դեռ տեսանելի էին, թեկուզ հիմնական մասը հավաքել էին: Ղարաբաղյան պատերազմի մասնակից քաղաքացիները համեմատական էին անցկացնում, ասում` այս նոր սերնդի պատերազմը բավականին տարբերվում է, քանի որ կրակոցների ձայներ չկան, աշխատում են հիմնականում հրետանին և անօդաչու թռչող սարքերը, սակայն նոր սերունդը, վստահ են, յուրացրել և շատ լավ կատարում է իր առջև դրված առաջադրանքը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *