Ադրբեջանին ռազմական գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար կալանավորվել է ՊՆ նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Պետական դավաճանության մեղադրանքով կալանավորվել է Պաշտպանության նախարարության (ՊՆ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա։ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդմամբ՝ նա ադրբեջանական հետախուզական ծառայություններին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է հայտնել Հայաստանի զինված ուժերի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի մասին։

Ըստ ԱԱԾ-ի՝ կալանավորված նախկին պաշտոնյան ադրբեջանցիների հետ հանդիպել է Վրաստանի տարածքում, որտեղ էլ ստացել է առաջադրանքներ` Արցախի և Հայաստանի արտաքին անվտանգության, զինված ուժերի, սպառազինությունների մասին տեղեկություններ ձեռք բերել և նրանց փոխանցել։ Պաշտոնյայի ինքնության ու աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկություններ չի հաղորդում։ «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին այլ մանրամասներ չեն կարող հայտնել։

Հաղորդագրությունում նշված է, որ կալանավորված նախկին զինվորականը զինված ուժերում ծառայել է երկար տարիներ և պաշտոնի բերումով նրան հասանելի է եղել պետական և ծառայողական գաղտնիքներին առնչվելու թույլտվություն։ Արցախի պաշտպանական բանակից էլ տեղեկություններ է հավաքել իր կապերի միջոցով։ Տեղեկությունները ադրբեջանցիներին է փոխանցել Վրաստանի տարածքում, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի դեսպանատանը և այլ վայրերում։

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ նախկին բարձրաստիճան զինվորականը լրտեսել է բանակի անձնակազմի, զենքի, զինամթերքի, զինտեխնիկայի քանակի, տեսակի, զորամասերի, դրանց հրամանատարական կազմի, պաշտպանական շրջանների, ինժեներական կառույցների, սարքավորումների մասին։ Ազգային անվտանգության ծառայությունը կադրեր է հրապարկել նախկին զինվորականի բնակարանից, որտեղ հայտնաբերվել է մեծ քանակի ռազմամթերք, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք պարունակող փաստաթղթեր, ընդ որում մի մասը՝ եզակի բնօրինակներով։

Այս գործով այլ կասկածյալների ու մեղադրյալների մասին ԱԱԾ-ն դեռևս մանրամասներ չի հայտնում։ Պետական դավաճանությունը, թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, պետական գաղտնիք հայտնելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *