Արցախի Մարտունի քաղաքի ռմբակոծության ժամանակ չորս լրագրող է վիրավորվել

Ադրբեջանական ռմբակոծության հետևանքով այսօր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում աշխատող չորս լրագրողներ: Հայաստանի կառավարության Տեղեկատվական միասնական կենտրոնի փոխանցմամբ, վիրավորվածների թվում են են Le Monde-ի 2 լրագրողներ: Նախնական տվյալներով, նրանք Ֆրանսիայի քաղաքացիներ են և արդեն տեղափոխվել են Մարտունու հիվանդանոց:

Վիրավորում է ստացել նաև տեղական «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես նաև 24News կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:

Վերջինս քիչ առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ բուժօգնություն է ստանում Ստեփանակերտի հիվանդանոցում, և իր կյանքին վտանգ չի սպառնում. – «Մարտունի քաղաքում լրագրողական պարտականությունները, մասնագիտական գործունեությունը ծավալելու ժամանակ գտնվում էինք այդ պահին Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքի տարածքում: Շատ անակնկալ ձևով ձայներ լսեցինք… հիշում եմ, որ մի սենյակում մի սեղան գտա, թաքնվեցի դրա տակ: Այդ ձայները մի քանի հատ եմ լսել: Հետո շենքից դուրս եկանք, վառվող մեքենա եմ տեսել: Մեզ հետ ուրիշ վիրավոր էլ կար, նրան տեղափոխել ենք Մարտունու ԲԿ, հետո էնտեղից անմիջապես տեղափոխվեց Ստեփանակերտի ԲԿ: Բարեբախտաբար լուրջ վնասվածք չկա»:

Վարդումյանն ասաց, որ մյուս վիրավորված լրագրող արտասահմանից էր: Հավելեց, որ շատ էին վիրավորում ստացած քաղաքացիական անձինք:

Ինչ վերաբերում է սահմանին տիրող իրավիճակին, չնայած ռազմական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ անցած գիշերը առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել, սակայն այսօր առավոտից կրկին մարտերը թեժացել են։ Ինչպես ավելի ուշ տեղեկացրեց Պաշտպանության բանակը, հայկական կողմն այսօր արդեն խոցել է հակառակորդի 3 ինքնաթիռ և 2 ուղղաթիռ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան. – «Ինչպես արդեն հաղորդեց Պաշտպանության բանակը, ընդհանուր առմամբ գիշերը թեժ մարտեր չեն եղել, եղել են որոշակի փոքր մարտական գործողություններ նույն հատվածներում, հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց: Սակայն առավոտյան, լուսաբացից հետո որոշակիորեն թեժացել են մարտերը: Րոպեներ առաջ Պաշտպանության բանակը հայտնեց, որ խոցել ենք ևս մեկ ուղղաթիռ, որը ընկել է Պարսկաստանի տարածք»:

Ի դեպ, այսօր կեսօրին մոտ Պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ Արցախի Պաշտպանության բանակի պաշտոնական կայքէջում շուտով լավ լուր են հաղորդելու։ Րոպեներ անց հրավիրած ճեպազարույցում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ, լավ լուրը Լելե Թեփեի հատվածում ադրբեջանական ուղղաթիռի խոցմանն է վերաբերում:

Արծրուն Հովհաննիսյան. – «Ուղղաթիռը ընկել է Պարսկաստանի տարածք, ինչի կապակցությամբ Պաշտպանության բանակը ներողություն է խնդրել Իրանի Իսլամական Հանրապետությունից, որ ուղղակի զուտ սահմանի երկայնքով տեղի ունեցող մարտական գործողությունները հաճախ անխուսափելի են դարձնում էդ պրոցեսները»:

«Ազատության» դիտարկմանը, որ երեկվանից համացանցում տարբեր չճշտված տեղեկություններ էին պտտվում մեր կողմից նոր բնակավայրերի և տարածքների գրավման հետ կապված, ու հարցին, թե արդյոք կան այդպիսի տեղեկություններ, Հովհաննիսյանն արձագանքեց. – «Ես ոչինչ չեմ բացառում: Մեր Զինված ուժերը, լիովին մարտունակ լինելով, միշտ չէ, որ վարում են միայն պաշտպանական մարտեր, և տարօրինակ կլիներ, որ վարեին միայն պաշտպանական մարտեր»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *