Մակրոնը և Պուտինը հանգամանալից քննարկել են իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում

Ակնկալվում է, որ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց է ունենալու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Դատելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ Մակրոնի հեռախոսազրույցի մասին հաղորդագրությունից՝ հնարավոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Էմանյուել Մակրոնը և Վլադիմիր Պուտինը Ղարաբաղի հարցով հանդես գան համատեղ հայտարարությամբ։

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ Մակրոնը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքէջը հայտնում է, որ հանգամանալից քննարկվել է իրավիճակի կտրուկ սրացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն է արտահայտվել լայնածավալ մարտական գործողությունների շարունակման կապակցությամբ։

Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը հակամարտ կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջովին դադարեցել կրակը, լիցքաթափել լարվածությունը և առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական մեթոդներով լուծումն այլընտրանք չունի։ Այս համատեքստում քննարկվել են հետագա համագործակցության կոնկրետ պարամետրեր, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով։

Պատրաստակամություն է ցուցաբերվել, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների առաջնորդների անունից հայտարարություն արվի՝ ռազմական առճակատումն անհապաղ դադարեցնելու և բանակցային գործընթացը վերսկսելու մասին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *