ՌԴ անվտանգության խորհրդում նշվել է տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման վտանգը

Քիչ առաջ տեղի է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ` նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ։ Նիստին քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը:

Պուտինի խոսնակը նաև հայտնել է` Անվտանգության խորհրդի նիստին նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ նախապատրաստվում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություն:

Ռուսաստանի արտգործնախարարության երեկվա տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվում ահաբեկիչներ Սիրիայից, ազդարարեց Ռուսաստանի էլ ավելի ակտիվ ներգրավվածությունը ղարաբաղյան պատերազմի շուրջ ընթացող գործընթացներին։ Երեկ երեկոյան Ռուսաստանի արտգործնախարարությունը կարճ հաղորդագրություն էր տարածել, որում, մասնավորապես ասված է. «Ստացվող տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվում անօրինական զինված խմբավորումներ, մասնավորապես Սիրիայից, Լիբիայից մարտական գործողություններին անմիջական մասնակցության նպատակով: Կոչ ենք անում շահագրգիռ պետությունների ղեկավարություններին գործուն միջոցներ ձեռնարկել հակամարտության մեջ օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների օգտագործումը թույլ չտալու և տարածաշրջանից նրանց անհապաղ դուրս բերելու ուղղությամբ»:

Թե հատկապես որ երկրների մասին է խոսքը, հաղորդագրությունում նշված չէ, սակայն սա առաջին անգամ է, երբ պաշտոնական Մոսկվան խոսում է ղարաբաղյան պատերազմին Սիրիայից տեղափոխված ահաբեկիչների մասնակցության մասին։

Այս հայտարարությանը զուգահեռ փոխվեց նաև պատերազմի լուսաբանման ընդհանուր տրամաբանությունը դաշնային հեռուստաընկերությունների եթերներում։ Թուրքիայի մասնակցությունը այս պատերազմին դարձավ հիմնական հարցը, որ քննարկում են ռուսաստանցի փորձագետներն ու քաղաքական գործիչները` ընդգծելով, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ Էրդողանը դառնա Հարավային Կովկասում հիմնական դերակատարը։

Ավելին՝ ռուսաստանցի փորձագետները այսպես ասած` սկսեցին նկատել, որ հայկական բանակը ի զարմանս կանխատեսումների հաջող դիմակայում է ադրբեջանական հարձակմանը և նույնիսկ կարող է ինքը հարձակման անցնել: Коммерсантъ FM-ի մեկնաբան Դմիտրի Դրիզեն մասնավորապես ասում է. — «Չարժե հաշվի չառնել հայկական բանակը։ Այն ունի ոչ միայն հակահարվածի, այլև նույնիսկ հարձակման անցնելու բոլոր հնարավորությունները։ Բացի այդ, Հայաստանն ակտիվորեն շահագործում է այն թեզը, թե ինքը տուժող կողմ է, և դա կարող է դիվիդենտներ բերել»։ Ադրբեջանն այսօր ռուսաստանցի մեկնաբանի կարծիքով` պարտվում է ոչ միայն ռազմական, այլ նաև ինֆորմացիոն դաշտում. — «Այնպիսի դաշնակից, ինչպիսին Ռեջեփ Էրդողանն է, գուցե և օգնում է զենքով և, այսպես կոչված, խորհրդականներով, սակայն քաղաքականապես լրջորեն վարկաբեկում է Ադրբեջանի նախագահին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *