Վարչապետ. Ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի և Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց՝ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ». վարչապետ Փաշինյանի ֆեյսբուքյան առավոտյան այս գրառմանը նախորդել էին նախ Ռուսաստանի, ապա և Իրանի հայտարարությունները։ Մոսկվան օտարերկրյա ահաբեկիչների և վարձկանների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը անթույլատրելի որակեց՝ կոչ անելով նաև շահագրգիռ պետություններին գործուն միջոցներ ձեռնարկել նրանց տարածաշրջանից անմիջապես դուրս հանելու համար։

Ապա Թեհրանը հայտարարեց, որ «թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն»:

Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներ՝ Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն գրել են, որ Թուրքիան սիրիացի գրոհայինների է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում:

Բոլոր հրապարակումները հենց զինյալների պատմությունների վրա են հիմնված։ Մեկն ասել է, թե ըստ իր տեղեկությունների՝ մոտ 1000 սիրիացի է մեկնելու Ադրբեջան, մյուսն էլ` թե 700-1000, բոլորը գումարի դիմաց՝ մինչև 2000 դոլարի։ Բաքուն և Անկարան այդ հայտարարությունները հերքում են։ Երևանը պնդում է, որ ապացույցներ ունի։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխանական «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը միջազգային հանրությունից ակնկալում է, որ կկիրառվեն ամենախիստ միջոցները. – «Մենք միջազգային հանրությունից սպասում ենք խստագույն դատապարտում Ադրբեջանի հարձակման, թուրքական ներգրավման և վարձկան ահաբեկիչների օգտագործման: Եվ ոչ թե մեզ համար, ոչ թե Հայաստանի համար, ոչ թե Արցախի համար, ոչ թե հայ ժողովրդի համար, այլ միջազգային և համաեվրոպական և համատարածաշրջանային անվտանգության համար»:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով`քաղաքակիրթ աշխարհը ուրիշ տարբերակ չունի, պետք է օգնի Հայաստանին ու Արցախին Ադրբեջանի կողմից կռվող ահաբեկիչների ու վարձկանների հարցում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *