Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը կանցնի էական հարցեր լուծելու՝ Թուրքիային զսպելու առումով. քաղաքական մեկնաբան

«Հայաստանը շարունակելու է վճռականորեն հակադարձել Արցախի դեմ ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995 թվականների համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ», — հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Արտգործնախարարությունն ընդգծում է՝ Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ պաշտոնական Երևանի հղումը 94 -95 թվականների համաձայնագրերին շատ կարևոր է։

«Որևէ կասկած լինել չի կարող, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել բանակցության, պարզապես այդ բանակցությունը պետք է լինի հակամարտության բոլոր կողմերի միջ, և ինչը շատ կարևոր է, այդ բանակցությունը պետք է բացառի ուժի կիրառումը, առավել ևս որպես շանտաժի միջոց: Այս տեսանկյունից հայկական դիվանագիտության արձագանքը Մինսկի խմբի համանախագահներին արձանագրում է ընդամենը հայկական դիրքորոշման այն նվազագույն կետերը, որի վրա կարող է կառուցվել գործընթացը, որտեղ նվազագույնս կլինի արձանագրված և ապահովված հայկական անվտանգությունը: Բայց ինչը շատ կարևոր է շեշտել և նաև այդ մասին կա հայտարարության մեջ, գլխավոր գրավականն այդ անվտանգության հայկական բանակն է», — նշեց քաղաքական մեկնաբանը:

Հակոբ Բադալյանը կարծում է՝ կարևոր է, որ Միջազգային հանրությունն արձանագրել է Թուրքիայի կողմից ահաբեկիչներ ուղարկելը Ղարաբաղ ու դատապարտել այդ երկրի միջամտությունը, սակայն առավել կարևորն այս գործընթացում, ըստ քաղաքական մեկնաբանի, այն է, որ հայկական բանակի գործողությունների արդյունքն է կանխորոշում քաղաքական գործընթացների արդյունավետությունը։

«Ներկայումս ռազմագործողություններով և Հայաստանի ու Արցախի դեմ ահաբեկչական հարձակումով Թուրքիան ամենևին Արցախի հարցի լուծում չէ, որ փորձում է իրականացնել և օժանդակել Ադրբեջանին: Թուրքիան լուծում է իր հարցը, և դա Կովկասի հարցն է: Կովկասն իր համար ահաբեկչական օջախի վերածելը և հետո այդ օջախը կողմնացույցի 4 ուղղությամբ ըստ անհրաժեշտության և հնարավորության աշխարհին պարտադրելն է: Այդ իմաստով այսօր մեր զինուժը լուծում է ոչ միայն Հայաստանի և Արցախի անվտանգության հարց, այլ միջազգային անվտանգության համակարգի հարց, բառի բուն իմաստով», — ասաց նա:

Իսկ միջազգային հանրությունը ամբողջովին գիտակցո՞ւմ է խնդրի լրջությունը և Թուրքիայի հեռուն գնացող նպատակները, և արդյոք հայտարարությունները համապատասխա՞ն են իրավիճակին, Հակաբ Բադալյանը կարծում է՝ միջազգային ուժային կենտրոնները գիտակցում են, սակայն ունեն նաև այլ քաղաքական շահեր, և սա թույլ չի տալիս ձևավորել մեկ ընդհանուր ռազմավարություն Թուրքիայի դեմ։

«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ միջազգային հանրության արձագանքը այդուհանդերձ որոշակիորեն բավական դինամիկ է և բավականին շահեկան նաև մեզ համար առնվազն այն իմաստով, որ ճանաչեցին, որ Թուրքիան ահաբեկիչներ է բերում Հայաստանի դեմ: Իհարկե, այս ճանաչումը չի կարող բավարարել Հայաստանին ամբողջությամբ, և ինչպես մեր բանակն է իրենց համար նաև անվտանգության էական հարց լուծող, ակնկալում ենք, որ նաև միջազգային հանրությունը կանցնի էական հարցեր լուծելու՝ Թուրքիային զսպելու առումով, իսկ դրա հնարավորությունը ունեն: Ես կարծում եմ՝ ունեն նաև գիտակցումը, որ հակառակ պարագայում Թուրքիան շատ ավելի լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև իրենց համար», — նշեց Բադալյանը:

«Ազատության» հարցին՝ սա կարո՞ղ է, օրինակ, հանգեցնել ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերակատարման վերանայման, քաղաքական մեկնաբանը պատասխանեց. «Արագ հեռանկարում մենք դժվար թե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերության էական վերափոխումներ կլինեն, բայց հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահը կոչ արեց ՆԱՏՕ-ի երկրներին վերաբերմունք արտահայտել իրենց դաշնակից համարվող պետության ահաբեկչական քաղաքականության հանդեպ, նշելով, որ Թուրքիան այդպիսով անցել է կարմիր գիծը: Կարծում եմ՝ սրանք կարևոր քաղաքական արձանագրումներ են, ամբողջ հարցն այն է, թե սրա գործնական քաղաքականության հետագա ծավալման շրջանակում ինչպիսի զարգացում կունենան: Այս տեսանկյունից բնական է, որ առկա իրավիճակը կարող է դրական լինել արձանագրումների տեսանկյունից, բայց ոչ գոհացուցիչ որպես ամբողջական արձագանք», — ընդգծեց քաղաքական մեկնաբանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *