ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Էմանյուել Մակրոնի փոխանցմամբ, Թուրքիան հատել է «կարմիր գիծը»:

Եվրոպական խորհուրդը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբին

Եվրոպական միության ղեկավարները երեկվա արտահերթ գագաթնաժողովում Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, բանակցությունների եղանակով ապահովել հրադադար և հակամարտւթյան խաղաղ կարգավորում:

«Կյանքի կորուստը, զոհերը խաղաղ բնակիչների շրջանում անընդունելի են: Ռազմական լուծում չի կարող լինել, դրսի ուժերի միջամտությունը պետք է բացառվի: Ադրբեջանը և Հայաստանը պարտավոր են ներգրավվել բովանդակային բանակցություններում՝ առանց նախապայմանների: Եվրոպական խորհուրդը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությանը: Եվրոպական խորհուրդը արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին առաջարկում է ուսումնասիրել խաղաղ կարգավորմանը Եվրամիության հետագա աջակցությունը», — հայտարարել են ԵՄ լիդերները:

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարներ Էմանյուել Մակրոնը, Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը, համատեղ կոչով կողմերին հորդորել են դադարեցնել կրակը և առանց նախապայմանների բանակցել:

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե «անընդունելի է, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը կրակի դադարեցում է պահանջում, նախ այն պետք է պահանջի, որ հայերը դուրս հանեն զորքերն Ադրբեջանից»: Նա պնդել է, որ Անկարան ըստ ամենայնի «կշարունակի օգնել եղբայրական Ադրբեջանին»:

Մինսկի եռյակը կներկայացնի հրադադարին ուղղված նախաձեռնություններ

Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովին մասնակցող Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ասել է, որ «Մինսկի խումբն ամենամոտ ապագայում կներկայացնի Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցմանն ուղղված մի շարք նախաձեռնություններ»:

Մակրոնը Անկարային մեղադրել է «Ադրբեջանին անխոհեմ և վտանգավոր հայտարարություններով սատարելու համար»:

Այսօր Ֆրանսիայի նախագաահը վերստին ասել է, որ Թուրքիան ջիհադականներ է ուղարկում Ադրբեջան, և պահանջել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն անդրադառնան Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիայի այդ գործողություններին:

Սիրիացի գրոհայիններին Հալեպից փոխադրել են Գազիանթեփ, ապա՝ Ղարաբաղ

«Կարմիր գիծը հատվել է, նման պահվածքն անընդունելի է ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար, կոչ եմ անում ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հակազդել անդամ երկրի այդօրինակ պահվածքին», — ասել է Ֆրանսիայի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, թուրքերն ավելի քան 300 սիրիացի գրոհայինների Հալեպից փոխադրել են Գազիանթեփ, որտեղից էլ ուղարկել են Ադրբեջան:

«Դա հաստատված փաստ է, նրանց ինքնությունը հայտնի է, նրանք բոլորը կապ ունեն «Իլամական պետություն» կառույցի հետ, ես այդ հարցը քննարկել եմ Վլադիմիր Պուտինի հետ, ով հաստատել է, որ ռուսական կողմն էլ ունի այդ տեղեկությունները», — ասել է Մակրոնը:

Անկարան շարունակում է քննադատել Մինսկի խմբին

Մինչդեռ, երկրորդելով Էրդողանին, Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը քննադատել է Մինսկի խմբին:

«Կրակի դադարեցման կոչ են անում երկրները, որոնք տարիներ շարունակ չեն կարողանում Լեռնային Ղարաբաղի խնդրի արդար լուծում գտնել, դրանք անկեղծ և համոզիչ կոչեր չեն, Թուրքիան մինչև վերջ պաշտպանելու է եղբայրական Ադրբեջանին հայրենի հողերն ազատագրելու առաքելությունում», — ասել է Աքարը:

«Յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական լինի»

Եվրամիության երկրները Թուրքիային կոչ են անում դադարեցնել միջամտությունը Ղարաբաղի խնդրին և առավել կառուցողական դեր կատարել իրավիճակը կայունացնելու համար:

«Այո, յուրաքանչյուրը պետք է ավելի կառուցողական լինի, մենք ուզում ենք, որ դրսի ուժերի միջամտությունն ավարտվի, քանի որ դա է՛լ ավելի է բարդացնում կացությունը», — ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

«Ոչ մի դեպքում զենք չկիրառել»

Քիչ առաջ Բյուսելում խնդրին է անդրադարձել նաև եվրոպական գերտերություն Գերմանիայի ղեկավարը:

«Մենք կոչ ենք անում հնարավորինս արագ հաստատել հրադադար, դա խնդրի լուծման միակ հնարավորությունն է, պետք է խաղաղ եղանակով քննարկել այդ շատ բարդ հարցը և ոչ մի դեպքում զենք չկիրառել» ,- ասել է կանցլեր Անգելա Մերկելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *