Ստեփանակերտի հրթիռակոծության ժամանակ տուժել է Արտակարգ իրավիճակների ծառայության շենքը

Կեսօրից հետո հրթիռակոծման է ենթարկվել Ստեփանակերտը։ Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրեց՝ խփեցին Ստեփանակերտին, կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։ Տուժել է փրկարար ծառայությունը։

«Ազատության» թղթակից Սարգիս Հարությունյանը Ստեփանակերտից փոխանցեց, որ զոհեր չկան, 4 վիրավորների մասին է հաղորդվում. – «Հարձակման է ենթարկվել է, ռմբահարվել է Արցախի Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը»:

Նախարարության ներկայացուցիչն ասաց. – «Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, ինչպես Կարմիր խաչը, ինչպես շտապօգնությունը, հումանիտար օբյեկտ է: Այսինքն` նրանք թիրախավորում են ոչ միայն խաղաղ բնակավայրերը, այլ նաև հումանիտար կազմակերպությունները: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը ոչ մի տարբերություն չի դնում: Այս պահի դրությամբ վիրավորները չորսն են: Զոհեր չունենք, փառք Աստծու»:

Ստեփանակերտից հնչեց առաջին արձագանքը: «Համաչափ պատասխան է լինելու, որի ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ալիև ընտանիքը», — Ֆեյսբուքում գրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Առավոտից պաշտոնապես հաղորդվում է ադրբեջանական նոր հարձակումների մասին։ Արծրուն Հովհաննիսյանը կեսօրին մոտ տեղեկացրել էր, որ Հադրութի ուղղությամբ երկու անգամ հարվածել են «Սմերչով», 5 քաղաքացի վիրավոր են։

Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանի փոխանցմամբ` հայկական ՀՕՊ ուժերը առավոտից հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններով խոցել են երկու ինքնաթիռ, երեք ԱԹՍ:

6-րդ օրը շարունակվող մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը արդեն 152 զոհ ունի։ 97-ի անունները ավելի վաղ էին հրապարակվել: Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը զինվորականների շրջանում 54 նոր զոհերի մասին այսօր առավոտյան հաղորդեց, պաշտոնապես 55-ի անունները հրապարակվեցին։ Վիրավորների թիվը ճշտվում է, Սարգսյանն ասաց՝ շատ են։ Քաղաքացիական բնակչության շրջանում Հայաստանն ու Արցախը պաշտոնապես հայտարարել են 13 զոհերի, 60-ից ավելի վիրավորների մասին։

Արթուր Սարգսյան. – «Թշնամու սահմանագոտում զոհերի, վիրավորների թիվը ես այս պահին չեմ կարող հայտարարել, քանի որ ճշտման կարիք ունի, ակտիվ փուլը ընթանում է, հրադադար չկա, որպեսզի մենք կարողանան էդ ամեն ինչը հասկանանք: Փոխանակման հետ կապված առաջնահերթ պետք ա, որ լինի գոնե ժամանակավոր հրադադար»:

«Այս պահին հրադադարի միտում չկա», — Ստեփանակերտում առավոտյան հայտարարեց լրագրողների հետ հանդիպած Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը։ Հակառակորդը անընդհատ հարձակվում է, նպատակը՝ հայկական կողմի պաշտպանությունը հյուսիսային ու հարավային ուղղությամբ ճեղքելն է։

Ադրբեջանցիները մահացած զինվորականների թիվ չեն հրապարակում, հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանցիները այսօր առավոտյան 8-ի տվյալներով 1750 զոհ ունեն։

Երեկվա մարտերը ամփոփելիս Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալը ասաց, որ ձախողվել են հակառակորդի առաջխաղացման բորլոր փորձերը։

Արթուր Սարգսյանը թե’ երեկվա մարտական գործողությունների դինամիկան, թե’ կիրառված սպառազինությունը աննախադեպ որակեց, հատկապես հյուսիսային ու հարավային ուղղություններով. – «Հակառակորդի կորուստները կազմել են. 39 զրահատեխնիկա, 4 ՍՈւ-25 ինքնաթիռ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ: Անձնակազմի կորուստը շուրջ 830-ի կարգի է: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն»:

Ստեփանակերտից հնչած ևս մեկ հայտարարություն։ Հայկական կողմը պնդում է, որ հայերի դեմ բախումներին Թուրքիայից Ադրբեջան բերված սիրիացի զինյալներ են մասնակցում: ՊԲ հրամանատարի տեղակալը այսօր հայտարարեց՝ բացահայտել են, որ ռազմական գործողությունների ընթացքում հրամանները նաև արաբերեն են արձակվում․ — «Երեկ հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության ռադիոկայան, որի վերծանման և մեր կողմից օգտագործման արդյունքում մենք կարողացել ենք ֆիքսել, որ նշված ուղղություններում գրոհող ստորաբաժանումները ղեկավարվում են արաբերեն լեզվով: Մնացած արդեն վերլուծությունը թողնում եմ ձեզ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *