Մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանն առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի հարավային ուղղությամբ, այսօր ասուլիսին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ գիշերը ռազմաճակատում համեմատաբար հանգիստ է եղել, որոշ հատվածներում փոխհրաձգությունները պահպանվել են, սակայն առավոտյան ամեն ինչ, Հովհաննիսյանի ձևակերպմամբ, սաստկացել է։

«Մեր զորքերը համառ մարտեր են մղում` հետ շպրտելով հակառակորդին», — ասաց նա:

Պաշտպանության բանակը ոչ միայն հարավային ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել, այս մասին էլ Ֆեյսբուքի իր էջում հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա տեղեկացրել է, որ վաղ առավոտյան եղել է առաջնագծի հարավային թևում՝ Մեխակավանում` հայտնի որպես Ջեբրայիլ։ Ի դեպ, պաշտոնական Բաքուն պնդում է, որ գրավել է Ջեբրայիլը։

Պաշտպանության բանակն այսօր օրվա երկրորդ կեսից հետո հրապարակեց զոհված ևս 21 զինծառայողի անուն։ Մինչ այժմ հայկական կողմը 219 կորստի մասին է հաղորդել։

Ադրբեջանական կողմի երեկվանից տարածվող տեղեկությունները, թե Հայաստանից հրթիռակոծվում են Ադրբեջանի մի շարք բնակավայրեր, Երևանից պաշտոնական մակարդակով կրկին հերքում են։ Երեկ Պաշտպանության նախարարությունն էր արձագանքել` ոչ միայն հերքելով դրանք, այլև հայտարարելով՝ Ադրբեջանը սադրանքի համար հող է նախապատրաստում։

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր սոցցանցերում գրառումներով պնդել, թե Գյանջայի վրա արձակվել է 4-ից ավելի հրթիռ, Խըզը և Ապշերոն շրջանի վրա՝ 300 կմ հեռահարությամբ 2 հրթիռ, Մինգեչաուրի ջրամբարի և էլեկտրակայանի ուղղությամբ՝ 4 հրթիռ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից էլ այսօր հայտարարեցին` ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում իր հանցավոր քաղաքականության շարունակման և պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: Արտաքին գերատեսչությունից կոշտ են արձագաքնում՝ ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից:

«Ապատեղեկատվական արշավի նպատակն է կոծկել Ադրբեջանի կողմից պատերազմի առաջին իսկ օրերից Լեռնային Ղարաբաղի խոշոր բնակավայրերի զանգվածային հրետակոծումը, որի հետևանքով միայն այսօր արձանագրվել են բազմաթիվ զոհեր քաղաքացիական բնակչության շրջանում, և լուրջ վնաս է հասցվել քաղաքացիական կենսապահովման ենթակառուցվածքներին», — ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարություններին, թե ադրբեջանական զինված ուժերն Արցախում մի շարք շրջաններ են գրավել. — «Դե իրենք շատ բան են հայտարարում: Ես երեկ ցույց տվեցի տեսանյութով, թե Մատաղիսից ինչպես են փախչում իրենց զինվորները: Իսկ նախորդ օրը ամուսին ու կին ուզում էին գալ Մատաղիս»:

Այստեղ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *