Պուտինը հրապարակային խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ այն անվանելով «ողբերգություն»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ռազմական գործողությունների մեկնարկից 11 օր անց՝ այսօր առաջին անգամ հրապարակային խոսել է հակամարտության մասին՝ տեղի ունեցողն անվանելով «ողբերգություն»:

«Ողբերգություն է, մենք շատ անհանգստացած ենք, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը, թե՛ Լեռնային Ղարաբաղը տարածքներ են, որտեղ ապրում են մեզ համար ոչ օտար մարդիկ: Բավական է միայն ասել, որ մեզ մոտ՝ Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն Ադրբեջանցի և մեր հաշվարկներով 2 միլիոնից ավելի հայ», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Պուտինը հույս է հայտնել, որ ռազմական գործողությունները ամենամոտ ժամկետներում կդադարեցվեն։

Ռուսաստանի նախագահը, անդրադառնալով Հայաստանի հանդեպ ունեցած դաշնակցային պարտավորությունների կատարմանը, նշել է՝ «մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել»:

«Ինչպես հայտնի է Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ պայմանագրի շրջանակում Ռուսաստանը Հայաստանի հանդեպ որոշակի պարտավորություններ ունի: Ռազմական գործողությունները Հայաստանի տարածքում չեն ընթանում: Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից ՀԱՊԿ շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապա մենք մշտապես դրանք կատարել ենք, կատարում ենք և շարունակելու ենք կատարել», — ասել է նա:

Խոսելով Հայաստանի վարչապետի հետ հարաբերությունների մասին, Վլադիմիր Պուտինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ մշտական աշխատանքային շփման մեջ է, և Հայաստանի ղեկավարության մոտ հարց չի ծագում կապված Ռուսաստանի կողմից դաշնակցային պարտավորությունների կատարման որակի հետ: Ի դեպ, վերջին 11 օրվա ընթացքում Հայաստանի վարչապետը Պուտինին է զանգել չորս անգամ:

Վլադիմիր Պուտինն այսօր չի խոսել ո՛չ ահաբեկիչներից, որ կռվում են ղարաբաղյան հակամարտության գոտում, ո՛չ ռուս խաղաղապահներից, որոնց մասին վերջերս հաճախ են խոսում ռուսաստանցի փորձագետները:

Պատերազմը սկսվելուց ի վեր առաջին անգամ Ռուսաստանի նախագահն այսօր զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Իլհամ Ալիևն այսօր զանգահարել է իր ռուսաստանցի պաշտոնակցին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *