Արգիշտի Քյարամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է աշխատանքից, օրվա առաջին կեսին հրապարակվեց հանրապետության նախագահի հրամանագիրը՝ Քյարամյանն ազատվել է վարչապետի առաջարկությամբ։ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունները ժամանակավոր կկատարի գնդապետ Միքայել Համբարձումյանը՝ ծառայության փոխտնօրենը։

Քյարամյանի ազատման հրամանին նախորդել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը առաջնագծում դավաճանական գործողությունների մասին:

«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն»,- գրել է Փաշինյանը:

Վարչապետի հանձնարարությամբ Ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել, և Փաշինյանի տեղեկացմամբ՝ ստեփանակերտցի մի բնակիչ հայտնաբերվել ու ձերբակալվել է Երևանում։ Վարչապետ Փաշինյանը շեշտել է՝ հարուցված քրեական գործի շրջանակներում քննվում են տարբեր վարկածներ, ներառյալ` քաղաքական ուղղորդման վարկածը. «Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն: Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում»:

Վարչապետի գրասենյակից հավելյալ մեկնաբանություններ չեն տալիս։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի մասին այս պահին ևս մանրամասներ հայտնի չեն։

29-ամյա Արգիշտի Քյարամյանն Ազգային անվտանգության ծառայության ղեկավար նշանակվեց ընդամենը 4 ամիս առաջ, Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավարը այս տարվա մայիսի 4-ին մեկ օրով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում, 35 օր ԱԱԾ փոխտնօրենն էր, ապա տնօրենը: Քյարամյանի այս արագընթաց վերելքը վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն այդ ժամանակ հիմնավորեց քաղաքական որոշմամբ, որ կատարվել է օրենսդրական կարգավորումների շրջանակում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *