Արցախի ՊԲ-ն հերքում է հրադադարի հաստատման մասին շրջանառվող լուրերը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է ռուսալեզու, ապա և հայկական զանգվածային լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե կողմերի միջև այսօր երեկոյան կրակը դադարեցնելու հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Արդեն 12-րդ օրը մարտեր մղող Արցախի Պաշտպանության բանակը պնդում է, որ այս տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

Երեկ Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետո առանձին հանդիպումներ են անցկացնելու։ Այսօր արդեն Ժնևում համանախագահներին է հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ Հայաստանի արտգործնախարարը Ժնև չի մեկնի, փոխարենը երկուշաբթի կժամանի Մոսկվա, որտեղ ակնկալվում է նրա առանձին հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների հետ։

Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ մեկ սեղանի շուրջ բանակացությունների մասին դեռևս տեղեկություն չկա։ Ինչպես երեկ «Ազատությանը» փոխանցել էր Հայաստանի արտաքին գերատեսչության խոսնակը, անհնար է «մեկ ձեռքով բանակցություններ վարել, իսկ մյուս ձեռքով ռազմական գործողություններ իրականացնել Արցախի և Հայաստանի դեմ»: Հետևաբար նախ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն։

Այն, որ Ադրբեջանն ի վերջո որոշեց մասնակցել բանակցություններին՝ թեկուզ և առանձին ձևաչափով, հայաստանյան վերլուծաբանների համոզմամբ, պայմանավորված է սահմանին տեղի ունեցող վերջին զարգացումներով, մասնավորապես Պաշտպանության բանակի արձանագրած հաջողություններով։

Վերլուծաբան Հակոբ Բադալայանի համոզմամբ, հայկական կողմին հաջողվեց թույլ չտալ Ադրբեջանին ռազմական ճանապարհով որևէ հարց լուծել ու, տապալելով ռազմական ծրագրերը, Բաքուն ի վերջո որոշեց նստել բանակցային սեղանի շուրջ․ — «Էս առումով, ես կարծում եմ, հայկական ուժերը այդուհանդերձ կարողացան խաղաղություն պարտադրելու առաջին փուլը առնվազն իրականացնել։ Մենք տեսանք, որ թուրք-արդբեջանական «բլից կրիգի» փորձը բացարձակապես չստացվեց, և որևէ էական փոփոխություն ռազմաճակատային և ռազմաքաղաքական առումով չհաջողվեց իրականացնել։ Նաև սա է, կարծում եմ, որ բերեց նրան, որպեսզի Բաքուն առնվազն սկսի քննարկել կրակի դադարեցման դիվանագիտական ջանքերը։ Որովհետև հիշում ենք, որ առաջին օրերին Ալիևը կտրականապես հրաժարվում էր՝ ակնկալելով, որ ինր-որ բանի հասնելու է ռազմաճակատում»։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանը նույնպես հիշեցնում է Ադրբեջանի նախագահի՝ դեռևս հոկտեմբերի 5-ին արած այն հայտարարությունը, թե չեն գնա հրադադարի շուրջ բանակցությունների, քանի դեռ իրենց չի ներկայացվել այսպես կոչված օկուպացված տարածքներից հայկական ուժերի դուրս բերման գրաֆիկը․ — «Երկու օր առաջ Ալիևը ասում էր՝ ոչ մի տարբերակ չկա զինադադարի, մինչև Հայաստանը չհանձնվի, չէ՞։ Էդ ի՞նչ ա փոխվել։ Իրենք սկսեցին պարտվել մարտի դաշտում, ուզում են արագացնել պրոցեսը։ Զինադադար լինի, որ մեծ պարտություն չկրեն»։

Հակոբ Բադալյանի համոզմամբ, այսօրվանից մեկնարկած դիվանագիտական գործընթացը հիմնականում միտված է լինելու հրադադարի հաստատմանն ու խաղաղաղ գործընթացի վերսկսմանը։ Վերլուծաբանը սակայն կարծում է, որ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարարի մասնակցությամբ սպասվող բանակացությունների օրակարգում անպայման պետք է քննարկման առարկա լինի հայկական զինված ուժերի կողմից ահաբեկչության դեմ մղվող պայքարի հարցը։

Թուրքիայի միջնորդությամբ Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին ահաբեկիչների ներգրավելու և տարածաշրջանը ահաբեկլիչների որջի վերածելու հանգամանքը, Բադալյանի խոսքով, չպետք է անհետևանք մնա․ — «Այսինքն՝ մենք ունենք իրավիճակ, երբ Թուրքիան ահաբեկիչներ է տեղափոխել ռեգիոն, և Ադրբեջանը գործնականում վերածելով իր կցորդ պետության, դարձրել է ահաբեկչական ճամբար։ Եվ սա է արդեն ռեգիոնալ անվտանգության սպառնալիքը, որովհետև եթե չլինի անգամ Արցախյան հարցը, մենք ունենք արդեն ահաբեկչական ճամբարներ։ Եվ սրանք մի օր պայթելու են որևէ այլ ուղղությամբ։ Այս գաղափարն է նաև, որ մեր դիվանագիտությունը, արդեն սկսելով, պետք է փորձի խորացնել և առաջ տանել միջազգային գործընկերների հետ հարցերում»։

Իսկ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, Մոսկվայում կայանալիք բանակցությունների ժամանակ հայկական կողմը պետք է անպայման բարձրացնի նաև Ադրբեջանի կողմից Արցախին պատճառած ահռելի վնասների փոխահատուցման հարցը։ Ընդ որում, ըստ Գրիգորյանի, Հայաստանի արտգործնախարարը Մոսկվա պետք է մեկնի Արցախի ներկայացուցչի հետ․ — «Արցախցիք չեն կարող չմասնակցել այդ բանակցային պրոցեսին։ Ո՞նց դու կարաս գնաս, զինադադարի մասին խոսես առանց Ղարաբաղի ներկայացուցիչների։ Ի վերջո, էս անգամ ընդգծված Ղարաբաղի բանակն ա պատերազմում։ Մենք մենակ օժանդակ դեր ենք խաղում։ Հիմա լուծվում է Հայաստանի ու Արցախի ապագան։ Այ հիմա, այ էս պահերին։ Հիմա պատկերացնո՞ւմ եք, բանակը իր գործը կատարեց, սփյուռքահայությունը գործը կատարեց ու շարունակում ա, մենք՝ փորձագետներս, հասարակական գործիչները, հասարակությունը Հայաստանի, ԶԼՄ-ները հզոր աշխատանք կատարեցին։ Այդ պլացդարմը դիվանագիտության համար կա՝ աշխատելու, պահանջելու, խնդիրներ առաջ քաշելու, ու ստեղ մենք իրավունք չունենք սխալներ անենք»։

Սակայն Հակոբ Բադալյանը կարծում է, որ կրակի դադարեցմանն ուղղված բանակցային գործըթնացի այս փուլում այնքան էլ հավանական չէ Արցախի մասնակցությունը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *