Հրթիռակոծվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը հարվածել է Շուշիի խորհրդանիշ Ղազանչեցոց եկեղեցուն, որը 90-ականների պատերազմից հետո վերակառուցվել էր։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքում․ — «Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից: Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին: Կվերականգնենք»։

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված ևս 30 զինծառայողների անուն-ազգանունները։

Արդեն 12 օր շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմի զոհված զինծառայողների թիվն այսպիսով հասավ 350-ի։

Ադրբեջանը չի հրապարակում ռազմական կորուստները, հայտնում է միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

«Ադրբեջանն անընդհատ ձեռնարկում է հարձակման փորձեր, որոնք մատնվում են անհաջողության», — հայտնում է Պաշտպանության նախարարությունը։ — «Ժամը 14 -ի սահմաններում Ադրբեջանը հարավային սահմանի երկու ուղղություններով գրոհ է ձեռնարկել, որը Պաշտպանության բանակը ստորաբաժանումները կասեցրել են, Ադրբեջանական զինուժին պատճառվել է կենդանի ուժի զգալի կորուստներ խոցվել է 9 միավոր զրահատեխնիկա»։

Հարավային ուղղությամբ Արդբեջանը հարձակումը սկսել է առավոտից, սակայն, ինչպես հայկական կողմն է հաղորդում, զոհեր տալով և տեխնիկայի կորուստով Ջեբրայիլի մատույցներում փախուստի է դիմել։ Ըստ Արծրուն Հովհաննիսյանի ոչնչացվել է Ադրբեջանի չորս միավոր Դ-30 հաուբից՝ անձնակազմով և զինամթերքով, Պաշտպանության բանակը թույլ չի տվել նրանց կրակային դիրքեր զբաղեցնել։

Արցախի պաշտպանության բանակը ավելի վաղ հայտնել էր, որ մարտերն այսօր վերսկսվել են թե՛ հարավային, թե՛ հյուսիսային ուղղություններում, գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակը եղել է կայուն-լարված, հակամարտության առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռահրետանային հարվածներ:

Պաշտոնական Բաքուն այսօր հայտնել է, որ հայկական կողմից «Գրադ» և «Սմերչ» է կիրառվում։ Ըստ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեդ Հաջիևի, «Գրադ» կայանքներից մեկը ադրբեջանցիները կարողացել են հրթիռով խոցել։

Գիշերվվա ընթացքում հրթիռակոծվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *