Պեսկովի փոխանցմամբ, Հայաստանի,Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ

Ներկայում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և ղեկավարների եռակողմ հանդիպում չի նախատեսվում, սակայն Մոսկվան ողջունում է ցանկացած շփում, որը կարող է նպաստել զինված բախման դադարեցմանն, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինի գրաֆիկում նախատեսված չէ նաև հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ։

Երեկ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդեց, որ հոկտեմբերի 12-ին պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն՝ ընդգծելով՝ այցը պլանավորված էր նախքան պատերազմի վերսկսումը։ Հայաստանի ատգործնախարարությունը նաև հերքեց տեղեկությունը, թե այսօր Ժնևում սկսվում են բանակցություններ ղարաբաղյան խնդրի շուրջ, որոնք կշարունակվեն հոկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում։

Հայաստանի արտգործնախարարը Ժնև չի մեկնել և Ադրբեջանի արտգործնախարարն այսօր մենակ է հանդիպելու Մինսկի խմբի համանախագահների հետ։ Ի՞նչ ձևաչափով կանցնեն բանակցությունները Մոսկվայում եկող շաբաթ, դեռ հայտնի չէ։ Այս պահին հայտնի է միայն, որ Մնացականյանը հոկտեմբերի 12-ին ղարաբաղյան խնդիրը քննարկելու է Մոսկվայում՝ իր ռուսաստանցի գործընկերոջ հետ։

Պեսկովն այսօր նաև շեշտել է, որ Ռուսաստանի նախագահն ակտիվ շփման մեջ է Հայաստանի վարչապետի հետ և որ այդ շփումը շարունակվելու է։

Հիշեցնենք, որ վերջին 12 օրվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին է զանգել 5 անգամ։

Պեսկովն այսօր ընդգծել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման համար ռուսական կողմն իրականացնում է շփումներ տարբեր մակարդակներում, այդ թվում՝ բարձրագույն։

Ի դեպ, թեև ռուսաստանցի փորձագետներն արդեն շուրջ 10 օր է դաշնային հեռուստաընկերությունների բոլոր քաղաքական թոք-շոուների եթերներում հայտարարում են, որ Թուրքիան անուղղակի կերպով ներգրավված է այս պատերազում, որը նաև սպառնալիք է Ռուսաստանի անվտանգության համար, և որ Ղարաբաղում պատերազմին վերջ տալու համար Մոսկվային անհրաժեշտ է խոսել Անկարայի հետ, այդուամենայնիվ պատերազմը սկսվելուց ի վեր Ռուսաստանի նախագահը չի խոսել Թուրքիայի նախագահի հետ։

Պաշտոնական Մոսկվան նաև չի պատասխանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը, թե Բաքվի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման վստահելի միջնորդները Մոսկվան և Անկարան են։

Մոսկվան վերջին շրջանում ակտիվ զբաղվում է ղարաբաղյան հարցով, թեև իր քայլերի մասին միշտ չէ, որ հրապարակային ասում է, գրում են ռուսաստանցի մեկնաբանները։

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ պատերազմը սկսվելուց ի վեր առաջին անգամ Հայաստանի և Ադրեջանի պաշտպանության նախարարների հետ առանձին խոսել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, Պուտինի ամենամտերիմ թիմակիցներից համարվող Սերգեյ Շոյգուն։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշված է միայն, որ Շոյգուն իր գործընկերների հետ քննարկել է իրավիճակը Ղարաբաղում։

Ռուսաստանցի փորձագետները շարունակում են ուշադրությամբ հետևել ռազմական գործողություններին․ ռազմական հարցերով փորձագետ Օլեգ Ժելտոնոժկոն ՛՛Московский комсомолец՛՛ թերթին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է․ — «Բաքվում շատ լավ հասկանում են, թե ինչ կլինի, եթե գործին միջամտի 102-րդ ռուսական ռազմաբազան։ Այդ պատճառով նրանք փորձում են ամեն ինչ այնպես անել, որ ոչ մի դեպքում չհրահրեն Ռուսաստանին։ Ադրբեջանին օգնում է ժամանակի գործոնը։ Նրանք հնարավորություն ունեն երկար և համառորեն «կծել» վիճելի տարածքների կտորներ։ Ի՞նչ անել Հայաստանին։ Պետք է ինչ-որ կերպ, նվազագույն կորուստներով, պահել գոյություն ունեցող սահմանները։ Եվ, իհարկե, հուսալ, որ ինչ-որ արտաքին քաղաքական ճնշում Ադրբեջանին կստիպի կանգ առնել»։

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսեց ղարաբաղյան պատերազմից՝ անվանելով այն ողբերգություն և շեշտեց, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած բոլոր պարտականությունները Երևանի նկատմամբ կատարել և կատարելու է։

Պուտինը նաև շեշտեց, որ ռազմական գործողություններն ընթանում են ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *