Covid-19. Թեստավորումների գրեթե 20 տոկոսը դրական է եղել, ինչը վերջին ամիսների համար «ռեկորդային» է

Պատերազմի պայմաններում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության մասին է հայտարարում Առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ այժմ խիստ կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը: «Օրեցօր ավելացող հիվանդացության դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին` Հայաստանի ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության նկատելի աճ», — զգուշացնում են առողջապահական գերատեսչությունից։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 718-ով։ Դրական է եղել իրականացված 3656 հետազոտությունների գրեթե 20 տոկոսը։ Սա վերջին 4 ամիսներին «ռեկորդային» ցուցանիշ է համարվում` հաշվի առնելով, որ հունիսի վերջին էր գրանցվել այսպիսի բարձր թիվ։

Չի նվազում նաև մահերի թիվը։ Երեկ 9 մարդ է մահացել, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություն։

«Եթե այս միտումը շարունակվի, ապա լրջագույն խնդիրներ կստեղծվեն առողջապահական համակարգի համար», — կորոնավիրուսով վարակվածների թվի շեշտակի աճի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. «Արդյունքում ունենալու ենք թե՛ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվածների, թե՛ կորոնավիրուսով վարակված բազմաթիվ հայրենակիցների բժշկական սպասարկման կարիք, ինչը կարող է հանգեցնել առողջապահական համակարգի ռեսուրսների գերլարման»։

Առողջապահական գերատեսչությունից փոխանցում են՝ այս տեմպերով իրավիճակը հնարավոր է շուտով անհանգստացնող դառնա. — «Շատ կարևոր է, որ մարդկանց գիտակցությունը բարձրացնենք, նորից լուրջ մոտենան, չի կարելի անտարբեր նայել այդ հիվանդությանը, պետք է հիշել, որ համաճարակը չի նահանջել, և շատ կարևոր է, որ մարդիկ պահպանեն այդ կանոնները», — ասում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը:

Այս պահին տանը բուժում է ստանում 6566 քաղաքացի, 1289-ը՝ հիվանդանոցներում։ Ծանր է գնահատվում 298-ի, ծայրահեղ ծանր՝ 72-ի առողջական վիճակը։ Կորոնավիրուսով վարակվածները բուժում են ստանում 12 բժշկական կենտրոններում, ընդհանուր մահճակալների թիվը 1500 է։ Այսինքն՝ այս պահին ազատ են մոտ 200-ը։ Եթե իրավիճակը սրվի, ապա կորոնավիրուսը բուժող հիվանդանոցների թիվը կրկին կավելացվի։

«Կախված իրավիճակից, կախված ցուցանիշներից, կախված հիվանդության տեմպից», — նշում է Բաբախանյանը:

Իսկ թե որոնք են վերջին շրջանում վարակի հիմնական օջախները, արդյոք դպրոցների վերաբացումն է պատճառը կամ մարդկանց կուտակումները, նախարարությունից դեռ չեն պատասխանում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *