Կառավարությունն առաջարկում է ավելի խստացնել ռազմական դրության սահմանափակումները

Կառավարությունն առաջարկում է էլ ավելի խստացնել ռազմական դրության սահմանափակումները և պատասխանատվության ենթարկել օրինախախտներին՝ ազատազրկմամբ կամ մինչև մեկ միլիոն դրամ տուգանքով։ Նախագծերի փաթեթն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մեկնաբանմամբ՝ այս փոփոխությունների նպատակը պատերազմական իրավիճակում որոշ ուժերի կողմից հակապետական տեղեկությունների տարածումը կանխարգելելն է. — «Հանրությունից, ի տարբերություն մեր հակառակորդի, որևէ տեղեկատվություն չի թաքցվում, և այս նախագծերի իմաստը որևէ կերպ հանրության համերաշխությունը խաթարելը չէ, այլ ընդհակառակը` այդ համերաշխության դեմ ոտնձգող որոշ ուժերի, գործիչների կամ անհատների կեղծ տեղեկությունների տարածումը, խուճապ առաջացնող տեղեկությունների տարածումը և ընդհանրական ձևակերպելով հակապետական գործունեությունը կանխարգելելն է»:

Առաջարկվող փոփոխություններով արգելվում է Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ և ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում են անգամ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններն ու ելույթները քննադատող, հերքող հրապարակումները: Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգված էր մասնավորապես այս կետով։ Ըստ նրա՝ այս փոփոխություններով սահմանափակվում է մարդկանց մտածելու ազատությունը, ինչն ավելի վտանգավոր կարող է լինել։

«Այստեղ հարց է առաջանում` այսինքն, երբ որ մենք մարդկանց մտածելու դեմ ենք արդեն գործում, մտածելու ազատությունն ենք ուզում սահմանափակել, սրանով ի՞նչ ենք ուզում ցույց տալ: Օրինակ` եթե ակնհայտ մեկը տեսնում է, որ մի պետական պաշտոնատար անձ տեղական ինքնակառավարման մակարդակում կամ պետական կառավարման մակարդակում ինչ-որ բան է անում, որն ակնհայտ խնդրահարույց է, ինքն էլ հասկանում է, որ դա խնդրահարույց է, չպետք է քննադատի հա՞, ու դա հետագայում պոստ ֆակտում պրոբլեմ առաջացնի, պոստ ֆակտում խոսա դրա մասին, հա՞: Ինչի՞ համար է սա արվում», — նկատեց Մարուքյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այս սահմանափակումները կարող են խուճապ առաջացնել հանրության շրջանում։ Մինչ այս պահը հանրությունը անվերապահորեն հավատում է պաշտոնական տեղեկատվությանը, բայց այս խստացումներով կասկածի տակ կարող է դրվել պաշտոնական տեղեկատվության արժանահավատությունը. — «Մտահոգությունս այն է, որ սա կարող է ավելի շատ անվստահություն սնուցի, քան ինչ-որ խնդիր լուծի, որովհետև խուճապից խուսափելու համար ամենալավ զենքը ճշմարտությունն անդադար ասելն է, անդադար ճիշտ տեղեկությունը տալն է: Եթե մեկն ինչ-որ բան սուտ է ասում, այդ սուտը շատ արագ երևալու է, բայց երբ պաշտոնական տեղեկատվությունը եղավ սուտ, ու ինչ-որ մեկն ասաց` չէ, տենց չի, այդ իրենն է գերակայում, հետևաբար խուսափելու համար ցանկացած սուտ լուրից, պետք է մենք տանք ճիշտ լուր, ուրիշ ինքը լուծում չունի: Արգելելով այս հարցերը մենք չենք լուծելու»:

«Սա դրա մասին չէ, և կառավարությունը չի պատրասվում իր գործելաոճը որևէ կերպ փոխել: Վերջին շրջանում բոլորս հետևում ենք սոցցանցերում առկա տեղեկատվությանը, այդ թվում` կեղծ տեղեկությունների, այդ թվում` ականատես ենք եղել, որ ակնհայտ սադրիչ տեղեկություններ են տարածվել, որոնք, այո, հերքվել են, բայց այդտեղ Ձեզ հետ համաձայն չեմ, որովհետև մինչև հերքումը դրանք լայնորեն տարածվել են: Այսինքն` այնպիսի տեղեկություններն են հայտնվում, որով չի բացառվում, որ նաև թշնամական երկիրն է զբաղվում Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ անենք, պատասխանատվության գործուն միջոցներ չունենա՞նք այդ դեպքերի համար», — արձագանքեց նախարար Բադասյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *