Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է

Թեև գիշերը Ստեփանակերտում համեմատաբար խաղաղ էր, սակայն օրվա ընթացքում քաղաքը կրկին հրթիռակոծության տակ է հայտնվել։

Գիշերվա ընթացում ընդամենը մի քանի անգամ հնչել է օդային տագնապ, լսվել են մի քանի խուլ պայթյունի ձայներ, ամենայն հավանականությամբ, պայթյունները քաղաքից որոշկի հեռավորության վրա են եղել։

Առավոտյան ժամը 10։00-ից Ստեփանակերտը նորից ակտիվ հրետակոծվել է Ադրբեջանի կողմից: Պայթյունի ձայները բավականին ինտենսիվ և ուժեղ են եղել։ Այս պահին ևս հրթիռակոծությունը շարունակվում է, քիչ առաջ հարված հասցվեց նաև հիվանդանոցի հարակից տարածքին։ Վնասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ։

Առավոտյան պայթյուններից բնակելի տներ են վնասվել նաև Շուշիում։ Պատճառված վնասներն ամենուր են նկատելի՝ փլված շենքեր, կառույցներ։ Նշենք, որ քաղաքում որևէ ռազմական օբյեկտ չկա, չնայած դրան, Շուշին կրակի տակ է, խաղաղ բնակչությունը պատսպարվում է ապաստարաններում։

Երեկ, հիշեցնենք, Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է երկու անգամ թիրախավորվել։ Այսօր Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն Ադրբեջանի կողմից իրականացրածը բարբարոսություն որակեց։

Արցախ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծություններից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.
Արցախ — Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին հրթիռակոծություններից հետո, 8-ը հոկտեմբերի, 2020թ.

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից՝ պատերազմական գործողությունները սկսելուց անմիջապես հետո, թիրախավորել էր Արցախի խաղաղ բնակչությանը՝ կրակի տակ պահելով մայրաքաղաք Ստեփանակերտը, Արցախի Մարտակերտ, Հադրութ քաղաքները և այլ բնակավայրեր։

Պարգև Սրբազանն այսօր անդրադարձավ պատերազմական գործողություններին, միջազգային հանրության լռությանն ու դանդաղկոտությանը․ — «Կարող էին ավելի արագ արձագանքել և կարող էին ավելի կտրուկ արձագանքել, մնանք սպասող»։

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան

Հարցին, թե ինչո՞ւ է արձագանքն ուշանում, Պարգև Սրբազանը պատասխանեց․ — «Կոպիտ բառ ասեմ, թող ոչ ոք չնեղանա՝ քաղաքական առևտուրներ են գնում»։

Ըստ պաշտոնական տվյալների, սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածը Արցախում վիրավորվել է 93 քաղաքացիական բնակիչ, կա 20 զոհ, չհաշված Հայաստանի տարածքում 2 զոհը( Մեծ Մասրիկում, Վարդենիսում ): Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր գույք է շարքից դուրս եկել, 750 տարբեր ենթակառուցվածքներ:

Ադրբեջանական կողմն իր հերթին հաղորդում է հայկական կողմից հրետակոծությունների մասին, մասնավորապես Բարդայի շրջանում ավերածությունների, ինչպես նաև տուժածների մասին: Ըստ նրանց, Ադրբեջանը մինչ այժմ ունի 31 քաղաքացիական զոհ, 154 վիրավոր, 133 քաղաքացիական օբյեկտ է վնասվել, 928 տուն:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *