Արցախի ԱԳՆ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար

Արցախի արտաքին գերատեսչությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանին՝ մարդասիրական նպատակներով զոհվածների և ռազմագերիների փոխանակման համար հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար։

«Հատկապես աղաղակող է այն փաստը, որ Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների եռյակ դաշինքը հարձակում է ձեռնարկել մարդասիրական հրադադարի շրջանակներում Արցախի Պաշտպանության բանակի կողմից կրակի դադարեցման մասին հայտարարելուց անմիջապես հետո։ Իր գործողություններով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հանդիսանում է վտարյալ պետություն, որը չի կատարում իր պարտավորություններն անգամ 5 րոպե», — ասված է Արցախի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Արցախի արտաքին գերատեսչությունում վստահ են՝ սա վկայում է, որ Ադրբեջանը բանակցությունները դիտարկում է բացառապես որպես քողարկում՝ ռազմական գործողություններին պատրաստվելու համար։

Հայտարարությամբ դիմելով միջազգային հանրությանը, Արցախի ԱԳՆ ընդգծում է՝ Ադրբեջանին կարող է կանգնեցնել միայն մեկ ճանապարհ՝ Արցախի ճանաչումը, ինչն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ կապահովի՝ խաղաղություն և անվտանգություն երաշխավորելու ինչպես Արցախի, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար։

Նկատենք, որ ավելի վաղ Հայաստանի ՊՆ խոսնակն էր գրություն տարածել՝ հայտարարելով՝ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:

Խոսնակը ենթադրում է, որ Ադրբեջանական կողմի գործողություններն ամենայն հավանականությամբ թելադրված են Հադրութը գրավելու Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով:

Երեկ Ալիևը Թվիթերում էր գրել, թե ադրբեջանական զորքերը գրավել են Հադրութը, ինչին ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակը, Հադրութից տեսանյութ հրապարակելով, գրել էր, թե Ադրբեջանի ղեկավարությունն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ Ֆեյսբուքում գրել էր, որ վերադարձել է Հադրութից, հետո էլ տեսանյութ տարածեց գրառումով՝ «Հադրութ քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի գրոհն այսօր ետ մղած մեր քաջարի տղաների հետ»:

Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Հայաստանն ու Ադրբեջանը այսօր՝ ուղիղ կեսօրին հրադադար պետք է հաստատեին Արցախում, պարտավորվել էին մարդասիրական նկրտումներով դադարեցնել 1994-ի հրադադարից ի վեր ծավալված ամենաարյունալի պատերազմը՝ Կարմիր Խաչի միջնորդությամբ ռազմագերիների փոխանակման և զոհվածների աճյունները դուրս բերելու համար։

Կա իրական հրադադար, թե՝ ոչ, այս պահին պաշտոնական աղբյուրները լռում են։

Կարմիր խաչը պատրաստ է աջակցելու զոհվածների աճյունների արտահանձմանը

ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին։ Քիչ առաջ տարածած հայտարարությմաբ Կարմիր Խաչը հայտնեց, որ պատրաստ է, չեզոք միջնորդի իր դերի համաձայն, աջակցելու մարտական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների արտահանձմանը և ազատազրկվածների համաժամանակյա ազատմանը։

ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի խոսքով՝ կանոնավոր քննարկումներ են ունենում կողմերի հետ։ Թե երբ կսկսվի գործընթացը, չեն հայտնում։

Կեսօրից հետո կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարի պայմանավորվածությունը խախտելու մեջ

Չնայած հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը, կեսօրից հետո կողմերը միմյանց մեղադրեցին պայմանավորվածությունը խախտելու մեջ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը կեսօրից հետո հայտարարել էր նաև, որ կրակում են «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։ Իսկ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե հայկական կողմը կրակ է վարում Թարթառի և Աղդամի շրջանների ուղղությամբ, ըստ Շուշան Ստեփանյանի, կեղծիք է։

Առավոտյան էլ Ստեփանակերտում դեռ օդային տագնապ էր հնչում։ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Ըստ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսայն՝ ադրբեջանակն ուժերը կիրառել են հարվածային ԱԹՍ Երիցվանք գյուղական համայնքի, նաև Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։

Արծվանիկի համայնքապետ Անուշավան Հարությունյանն «Ազատությանը» որոշ մանրամասներ հաղորդեց վնասների, զոհերի և վիրավորների մասին. «Երեք վիրավոր կա և մեկ զոհ: 9:30-ից մինչև 11-ը հրթիռակոծել են»:

Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն, հայտնում է ԱԳ նախարարը

Երեկ Մոսկվայում հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից հետո:

Կողմերը հավաստում են՝ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ, սկսում են հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցություններ` Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, հիմնարար սկզբունքների հիման վրա` խնդրի խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու համար: Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

Այդուհանդարեձ, մոտ 12 ժամ տևած բանակցություններից հետո Հայաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ դրանք չափազանց բարդ էին, իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն։

«Մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարի, որովհետև և՛ տարածաշրջանի, և՛ առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի համար սա դարձել էր բավական լուրջ մարտահրավեր և որևէ առաջընթացի մասին խոսելն առանց ավարտ դնելու, վերջնակետ դնելու այս իրավիճակին, իհարկե, անհնար կլիներ»,- նշել է Մնացականյանը:

Ավելի ուշ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով։

Ռուսական РБК-ին տված հարցազրույցում այսօր Ալիևը ասել է, թե Բաքուն պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել «հենց վաղը»։ Ըստ Ալիևի՝ ռազմական մասը կամ դրա առաջին մասը մոտեցել է ավարտին։ Այժմ քաղաքական փուլի հերթն է, որը, կապահովի հասնել մինչև վերջ և ստանալ այն, ինչ, ըստ Ալիևի, իրավունքով, իրենց է պատկանում։

Հայկական կողմից դեռ պատասխան չի հնչել Ալիևի այս հայտարարությանը։ 14 օր ընթացող պատերազմի հետևանքով հայկական կողմը հաղորդեց 404 զոհի մասին, 28 զինծառայողների անունները հրապարակվեցին այսօր առավոտյան։ Պաշտոնական Բաքուն մահացած զինծառայողների անուններ կամ թիվ չի հրապարակում՝ պատճառաբանությամբ, թե դա այս պահին «ռազմական գաղտնիք է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *