Արցախցի երեխաները ցանկանում են տուն վերադառնալ

Երևանի դպրոցներից մեկում՝ Արեգնազանում են ծանոթացել պատերազմի ականատեսներ 13-ամյա վարդենիսցի Մերուժան Գաբրիելյանը ու ստեփանակերտցի Մարիամ Մամունցը։

«Բան չկա պատմելու», — ասում էին երեխաները,- «պարզապես կրակում էին»:

«Երևանցի երեխաները ջերմ ընդունեցին, կընկերանանք», — վստահ էին երկուսն էլ, սակայն՝ հարազատ դպրոցն են կարոտել:

«Ուզում եմ վերադառնալ տուն, դպրոցները կբացվի, կգնամ իմ դասերին ու լավ կլինի», — ասաց Մերուժան Գաբրիելյանը:

Դասի վրա կենտրոնանալ այդքան էլ լավ չի ստացվում, Մարիամը անհանգիստ է՝ լսել է, որ Ստեփանակերտը հրթիռակոծվում է, հայրիկն իրենց հետ Երևան չեկավ։ Ամենանեղ պահին ավագ քույրիկ Դարինեն օգնության է հասնում։ Ուսուցչուհին՝ Օքսանա Ենգիբարյանն էլ ոգևորում է. «Ընդհանրապես Արցախի հողը տաղանդավոր ծնունդների հող է, երեխաները շատ լավ են ինտեգրվել, շատ խելացի աղջիկներ են, շատ պարտաճանաչ, գրագետ, գիտելիքով զինված: Ամենակարևորը՝ մեր նման լավատես»:

Լավատեսություն, հենց այս տրամադրությունն ապահովելու համար տարբեր կազմակերպություններ, կամավորներ, հիմնադրամներ պատերազմի մեկնարկից ի վեր փորձում են զանազան միջոցառումներով զբաղեցնել, ուրախացնել պատերազմի ականատես երեխաներին։

«Կազա» հիմնադրամի ներկայացուցիչ Նվարդ Գրիգորյանը պատմեց՝ արդեն մոտ 40 արցախցի երեխայի հետ են ծանոթացել. մի օր ձի վարելու են տանում, մի օր թատրոն են գնում, Էրեբունի թանգարանում պեղումների են մասնակցել, այսօր էլ թենիս խաղալու օր էր։

«Ուժեղ ձայներ չեմ սիրում», — Արմանը տեսնելով, որ նկարահանում ենք իրենց, ընդհատեց խաղը, մոտեցավ մեզ ու հարցրեց՝ Երևանում ապահով է, չէ՞։

Անդրանիկը, Ավետիսն ու Անին էլ պատմում էին՝ ամբողջ շենքում մենակ էին մնացել։ Պատմությունը շարունակեց մայրը։ «Ռազմական բուժքույր եմ, բայց չկարողացա մնալ սահմանում, ստիպված թողեցի Ստեփանակերտը», — ասում էր երեք երեխաներին միայնակ մեծացնող այրին՝ Էլեն Հարությունյանը, որ եղբորը, հորը, ամուսնուն կորցրել է նախորդող պատերազմներում:

«Անդրանիկը, որ էստեղ էլ է ինքնաթիռ տեսնում, ասում է՝ այստեղ էլ կա, մի քիչ վախենում է: Իրենց պատճառով եկա, որ երեխաները գոնե այստեղ ապահով լինեն: Նոր ենք տուն ստացել, արդեն քանի ամիս է: Ամուսնուս զոհվելուց հետո մեզ տուն են տվել: Արդեն ուզում ենք ուրախանանք, ապրենք, մեկ է՝ էլի մի բան լինում է», — ասաց Էլենը:

Վալերին ու Լիան էլ փոքր եղբոր, մոր, մորաքրոջ հետ են Երևանում։ «Կռվի առաջին օրերն ապաստարանում էինք»,- հիշում է Լիան: Վալերին էլ հուզված ավելացնում՝ «մենք եկանք, իսկ պապիկն այդպես էլ դուրս չեկավ տնից»։

«Խաղաղությունը կտանի մեզ տուն՝ պապիկի ու հայրիկի մոտ», — ասում էին երեխաները՝ ավելացնելով՝ Երևանում լավ է, բայց առանց պատերազմ Արցախ են ուզում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *