Ըստ պատգամավորի, հրադադարի խախտումն Ադրբեջանի կողմից կբերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման

Մոսկվայում ձեռքբերված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուրջ բովանդակային բանակացությունների վերսկսումը «Կովկասի» ինստիտուտի տնօրենը շատ իրատեսական չի համարում, միևնույն ժամանակ Ալեքսանդր Իսկանդարյանը չի բացառում նաև մեծ թափով պատերազմի կրկնությունը։

«Ես չեմ կարծում, որ հնարավոր է լուրջ բանակցություններ ընթանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Սկզբունքորեն ռազմական գործողությունների դադարեցումը և ինչ-որ գործընթացի մեկնարկը հնարավոր է, միևնույն ժամանակ հնարավոր է պատերազմի շարունակություն», — ասաց Իսկանդարյանը:

Ռուսական կողմը փորձում է մարդասիրական հրադադարը երկարաձգել՝ առճակատումը բանակցային սեղանի շուրջ տեղափոխելու համար, կարծում է քաղաքագետը։

Իշխանական պատգամավոր, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանն էլ վստահ է՝ հրադադարի բացահայտորեն խախտումն Ադրբեջանի կողմից կբերի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացման։ Պատգամավորը կարծում է, չնայած այսօրվա խախտումներին, հնարավոր է հրադադարի հասնել։

«Իհարկե, լուրջ բարդություններ կբերի Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, որովհետև այս հրադադարի նախաձեռնությունը շատ հստակ եկել է Մոսկվայից, և շատ հստակ Ռուսաստանն է դրա պատասխանատուն: Հետագա իրադարձությունները կարող են շատ բարդ զարգացում ունենալ Ադրբեջանի համար», — նշեց պատգամավորը:

Մոսկվայում 10-ը ժամից ավելի տևած բանակցություններից հետո Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որով համաձայնեցին ոչ միայն մարդասիրական հրադադար հաստատել, այլև հավաստեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցություններից հետո հայտնեց, որ հայկական կողմի համար եղել և մնում է առաջնային արցախցիների անվտանգության գերակայությունը, ինչպես նաև առանձնահատուկ նշանակություն ունի նրանց ինքնորոշման իրավունքի ճանաչումը։

«Նրանք պետք է ապրեն ազատ և որոշեն իրենց կյանքը, ճակատագիրը այդ կարգավիճակում որպես մի միավոր, որը ճանաչված լինի բոլորի կողմից այն բոլոր առումներով, որպես անկախ պետություն», — ասաց արտգործնախարարը։

Արդյոք Հայաստանի իշխանությունները հետ քայլ են արել Արցախին՝ որպես բանակցային կողմ դարձնելու իրենց օրակարգից՝ համաձայնելով, որ բանակցությունների ձևաչափը փոփոխության ենթակա չէ: Իշխող ուժի պատգամավոր Միքայել Զոլյանը, այդպես չի կարծում։ Ասում է՝ որ հայկական կողմը դա երբևէ նախապայման չի համարել։

«Ըստ էության այդ օրակարգը երբեք էլ այնպես չի եղել, որ մենք բացառում ենք բանակցությունները մինչև Արցախի մասնակցությունը, ընդհակառակը՝ տարբեր մակարդակներում միշտ էլ հայտարարվել է, որ մենք կողմ ենք, որ բանակցային գործընթացը շարունակվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև էլ քննարկելու բաներ կան: Միևնույն ժամանակ վաղ թե ուշ առանց Արցախի մասնակցության որևէ իրական հակամարտության լուծում չի կարող: Այս իմաստով որևէ տարբերություն չկա», — ասաց իմքայլական պատգամավորը:

Իշխանական պատգամավորը վստահ է` ադրբեջանական կողմը և մարտի դաշտում, և դիվանագիտական դաշտում ձախողեց՝ գլխավոր աջակից Թուրքիայի հետ միասին։

«Այն ձևակերպումները, որոնք մենք տեսանք այս հրադադարի մասին հայտարարության մեջ, իհարկե, թուրքական կողմի դիվանագիտական պարտություն կարելի է համարել, որովհետև նրանք չկարողացան հասնել իրենց հիմնական նպատակին, այն է, այսպես ասած, քայքայել Մինսկի խումբը և Մինսկի համանախագահներին դուրս մղել գործընթացից և իրենց համար տեղ ստեղծել այս գործընթացում», — հայտարարեց Զոյլանը:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդրայանը ստեղծված իրավիճակը փակուղային է համարում երկու կողմերի համար, համոզմունք հայտնելով, որ կողմերը որոշակի անհաջողություններ են ունեցել։

«Ադրբեջանին չհաջողվեց բլիցկրիգը, չստացվեց այն պլանը, որը ծրագրվել էր ի սկզբանե, արդեն չի հաջողվել, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ակնհայտորեն չեղավ այն, ինչ հաշվարկել էին: Եվ բավականին լուրջ թվով զոհեր, տեխնիկայի կորուստներ։ Ղարաբաղցիները ևս խնդիրներ ունեն, քանի որ առկա վտանգը, ամբողջությամբ հնարավոր չի եղել չեզոքացնել», — ասաց քաղաքագետը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *