Ըստ դե Վաալի` պատերազմի հիմա սկսվելու պատճառներից է Ալիևի և Փաշինյանի միջև վստահության խարխլումը

Ռազմական առումով տեսնում ենք հակամարտության նոր կոնֆիգուրացիան, ասում է Թոմաս դե Վաալը

Սրանք ակնհայտորեն ամենադաժան մարտական գործողություններն են Ղարաբաղյան ճակատում 1994 թվականին հրադադարի ռեժիմը հաստատելուց ի վեր, կարծում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող (մասնագիտացած Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի հարցերով) Թոմաս դե Վաալը:

«Զենքերը բոլորովին նոր սերնդի են և ավելի բարդ են՝ այդ հակամարտությունում նախկինում օգտագործված զենքերից: Այսպիսով, մենք ռազմական առումով տեսնում ենք հակամարտության նոր կոնֆիգուրացիան, բայց նաև տեսնում ենք մի բան, որն ակնհայտորեն հնարավոր չէր 90-ականներին: Մենք իրական ժամանակում տեսնում ենք տեղեկատվական պատերազմ: Սոցիալական ցանցերում սա է հակամարտության հիմնական տպավորությանը՝ ծայրահեղ թունավոր հաղորդագրություններ, թեև պետք է ասեմ` որոշ դրական բացառություններ կան», -«Կարնեգի» հիմնադրամում քննարկման ժամանակ նշեց Թոմաս դե Վաալը։ Ըստ վերջինիս` սա երկու կողմերից ավելի քան երկու տասնամյակ տևողությամբ բավականին անմարդկային հռետորաբանության արդյունքն է:

Իսկ թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա, ապա նրա խոսքով` կան մի շարք պատճառներ. — «Կարծում եմ ՝ Դոստոևսկին կասեր, որ բոլորն են մեղավոր: Դա ինչ-որ իմաստով հակամարտության լուծմամբ լրջորեն զբաղվելու՝ միջազգային ջանքերի և, առավել կարևոր է՝ հակամարտության կողմերի ջանքերի ձախողման երկար տարիների կուտակումն է։ Կան նաև որոշ կարճաժամկետ պատճառներ: Կարծում եմ, որ կարճաժամկետ պատճառները կապված են նախագահ Ալիևի և 2018 թվականին Հայաստանում իշխանության եկած վարչապետ Փաշինյանի միջև վստահության խարխլման հետ: Նրանք շատ լավ սկսեցին, շատ դրական հանդիպում ունեցան Դուշանբեում, և ադրբեջանական կողմը սկսեց, ինչպես իրենք էին տեսնում, իրենց գործարքի մատուցումը՝ անվտանգության իրավիճակի բարելավում, հրադադարի ռեժիմի խախտումների կրճատում, որը հայկական կողմի հիմնական պահանջն էր: Հայերը միշտ ասում էին` ինչպե՞ս կարող ենք բանակցել, եթե դուք անընդհատ կրակում եք մեզ վրա: Առաջնագծում ստեղծվեց թեժ գիծ հրամանատարների միջև: Կարծում եմ՝ հայկական կողմը դա ընկալեց իբրև ժամանակ շահելու միջոց: Հայկական կողմը ավելի շատ անձնական ուղերձներով ասում էր, որ այո, մենք ուզում ենք լուրջ բանակցություններ վարել, բայց պետք է ներքին խնդիրներ կարգավորենք: Բայց Բաքվում դա այդպես չէին ընկալում»:

Թոմաս դե Վաալն ընդգծում է` Բաքվում տեսան, որ իրենք կատարում են գործարքի իրենց մասը՝ կապված անվտանգության հետ, սակայն հայերից իրենց ցանկացած քաղաքական բաղադրիչը չեն ստանում. — «Եվ, իհարկե, ներքաղաքական դիսկուրսը շատ է ազդում այս հակամարտության վրա: Այսպիսով, մասնավորապես, ամեն ինչ սկսվեց վատթարանալ 2019 թվականի օգոստոսին, երբ վարչապետ Փաշինյանը գնաց Ղարաբաղ և հանդես եկավ շատ հայրենասիրական ելույթով՝ հայտարարելով Ղարաբաղում անցկացվող համահայկական խաղերի ժամանակ, որ Արցախը՝ Ղարաբաղը Հայաստանն է ու վերջ: Իհարկե, դա շատ լավ արձագանք գտավ Ղարաբաղում և Հայաստանում: Բայց նույնիսկ Փաշինյանի նախորդները, չնայած իրենց ղարաբաղյան ծագմանը, երբեք այդքան շեշտակի չէին ասել դա: Այսպիսով, ադրբեջանցիների հույսը, որ ղարաբաղյան ծագում չունեցող Հայաստանի ղեկավարի հետ ավելի հեշտ կլինի խոսել, ինչ-որ իմաստով չարդարացավ, քանի որ այդ ղեկավարը կարիք ուներ ապացուցելու իր հայրենասիրական նկրտումները Ղարաբաղում: Ակնհայտ է, որ դա շատ վատ ընկալվեց Ադրբեջանում, և դրանից հետո մենք տեսանք հարաբերությունների խաթարման գործընթացը»:

Carnegie Europe-ի ավագ գիտաշխատողը հիշեցնում է «շատ զայրացած և բավականին տարօրինակ քննարկում» էր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում, երբ և Փաշինյանև, և Ալիևն էլ շատ ժամանակ անցկացրին՝ խոսելով ոչ թե ներկայի, այլ անցյալի մասին: Հնչեցին պատմական դավադրությունների մասին տեսություններ. — «Եվ հետո ամռանը տեղի ունեցան քառօրյա բախումներ Հայաստանի ու Ադրբեջանի միջպետական սահմանին: Հետո էլ այս վերջին լուրջ մարտերը: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը լրջորեն կասկածում է, որ այս վերջին բախումները սկսել է հենց ադրբեջանական կողմը: Ես կարող եմ ինձ ոչ ընդունելի դարձնել՝ այդքան պարզ ասելով դա, բայց կարծում եմ, որ եթե նույնիսկ կարդաք Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները հակամարտության երկրորդ օրվանից, ձեզ համար պարզ կդառնա, որ նրանք դա դիտարկում էին որպես նախապես պլանավորված գործողություն «իրենց հողերը ազատագրելու համար»: Եվ դա էր ուղերձը»:

Դիմտրի Տրենինն ընդգծում է` ղեկավարությունները կարող են հասկանալ զիջումների կարևորությունը, բայց հասարակությունները չեն աջակցի դրան

«Istituto Affari Internazionali»-ի տնօրեն և Տյուբինգենի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նատալի Տոչիի համոզմամբ ևս` գործողությունները սկսել է Ադրբեջանը, քանի որ շահագրգռվածություն ուներ սկսելու, ինչը, Հայաստանը չուներ. — «Մենք չենք կարող անտեսել այն հիմնարար փաստը, որ Ադրբեջանը շահագրգռված էր դա սկսելու մեջ, քանի որ Մինսկի խումբը, որ պետք է ապահովեր խաղաղությունը, չէր անում դա»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու՞ սկսեցին, Թոմաս դե Վաալն ասում ` մի քանի լոկալ գործոններ ակնհայտ են` նախ «եթե դուք պատրաստվում եք ռազմական գործողություն իրականացնել, ապա այն պետք է սկսեք նախքան ձմեռը հասնի լեռներին»: Բացի այդ, մեկ այլ պատճառ էլ, նրա համոզմամբ, այն է, որ ԱՄՆ-ը, որը այլ հանգամանքներում կարող էր փորձել միջամտել իբրև Մինսկի խմբի համանախագահող երկիր` ռազմական բախումները կանգնեցնելու համար, զբաղված է իր ընտրություններով, իսկ Եվրոպան ակնհայտորեն զբաղված է այլ խնդիրներով, ինչպիս օրինակ, կորոնավիրուսի համաճարակը. — «Մոսկվան, որը այս հակամարտությունում ունի հավասարակշռող դեր, կարծում եմ, բավականին հանկարծակիի եկավ, չնայած հիմա փորձում է նախաձեռնությունը հետ վերցնել։ Եվ, իհարկե, վճռական գործոն էր նաև այն, որ Թուրքիան շատ ավելի բացահայտ աջակցություն է հայտնում Ադրբեջանին»:

Այն, ինչին այսօր ականատես ենք լինում Ղարաբաղում, Խորհրդային Միության տապալման հետևանքների տարրերից մեկն է, Կարնեգիի Մոսկվայի կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինի կարծիքն է: Ընդգծում է` սա Խորհրդային Միության ներսում առաջին ազգամիջյան հակամարտությունն էր, որը շարունակվում է ավելի քան երեք տասնամյակ անց. — «Խորհրդային Միության փլուզումից 30 տարի անց Ռուսաստանն այլևս միակ կամ նույնիսկ գերիշխողը չէ, որ բոլոր հարցերն է լուծում նախկին Խորհրդային Միության հանրապետություններում և իսկ ավելի վաղ Ռուսաստանի նախկին նահանգներում: Այս պահին գուցե շեղված լինի արևմուտքը, բայց այլ երկրներ են քայլեր ձեռնարկում: Թուրքիան նորեկ չի այստեղ, բայց նա սկսել է գործել տարածաշրջանում շատ ավելի տեսանելի կերպով, շատ ավելի մեծ ռեսուրսներով, քան նախկինում։ Եվ դրան նաև պետք է ավելացնել Իրանը, որը հետևում է, թե ինչ է կատարվում իր հյուսիսային սահմանից այն կողմ: Սա բազմաբևեռությունն է իր գործածման մեջ: Ոչ միայն գլոբալ դերակատարներն են ներգրավվում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր խնդիրների մեջ, այլև տարածաշրջանային տերություններից ոմանք, և այս դեպքում դա Թուրքիան և Իրանն են»:

Դմիտրի Տրենինը նաև նկատեց` ավելի կարճ ժամանակահատվածում ջիհադականների հոսք է նկատվում, այդ մասին հայտարարել է նաև Ֆրանսիայի նախագահը, ապա և Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը: «Խոսվում է Մերձավոր Արևելքից հարյուրավոր կամ գուցե հազարավոր ջիհադիստների մասին, ովքեր ժամանում են կամ արդեն ժամանել են հակամարտության գոտի: Այս մարդկանց կամ նման մարդկանց հետ նախկին փորձ գոյություն ունի, երբ 1994 թվականին ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողությունների ավարտից հետո այնտեղ ներգրավված այս մարդկանցից ոմանք երբեք չհեռացան տարածաշրջանից, այլ շարվեցին դեպի հյուսիս՝ Հյուսիսային Կովկաս և սկսեցին այնտեղ խնդիրներ ստեղծել: Ռուսաստանն առավելապես մտահոգված է իր հյուսիսային կովկասյան սահմանամերձ շրջանների կայունությամբ», — նկատեց նա:

Ըստ վերջինիս` Թուրքիայի ավելի անմիջական մասնակցությունից զատ, ղարաբաղյան համատեքստում հիմնական բանը, որ փոխվել է, այն է, որ Ադրբեջանի համբերության բաժակը լցվեց. — «Կարծում եմ, որ մենք բոլորս գիտեինք, որ հակամարտությունը հավերժ սառեցված չի մնա, և ժամանակը աշխատում էր ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի օգտին: Եվ խաղաղ գործարքի չհասնելն անխուսափելիորեն կհանգեցներ պատերազմի: Ադրբեջանը ինչ-որ պահի կսկսեր նախահարձակ լինել՝ կորցրած տարածքները վերականգնելու համար, և այժմ հենց դա ենք տեսնում։ Իմ եզրակացությունն այն է, որ չնայած Բաքվի և Երևանի ղեկավարությունները կարող են հասկանալ զիջումների կարևորությունը խաղաղության ինչ-որ գործարք կնքելու համար, բայց նրանց հասարակությունները չեն աջակցի դրան, և դա, կարծում եմ, կհանգեցնի գործարքի տապալմանը։ Ուստի կարծում եմ, որ այս առումով բավականին ծանր վիճակ է»:

Թուրքիայի ներքաղաքական հարցերը. անդրադառնում է Նատալի Տոչին

«Istituto Affari Internazionali»-ի տնօրեն և Տյուբինգենի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Նատալի Տոչին հավելում է` միանգամայն ճիշտ է, որ Թուրքիան անցած տասնամյակների համեմատ աննախադեպ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, հիշեցնում, որ այս օրերին խոսվում է ջիհադիստների ներկայության մասին, թուրքական անօդաչու թռչող սարքերի մասին, ինչպես նաև շատ հստակ քաղաքական աջակցության մասին ուղղված Ադրբեջանին: «Թուրքիան արտաքին կողմերից մեկն է, որը հրադադար հաստատելու կոչ չի արել, հակառակը, ինչ-որ իմաստով խրախուսել է այն կողմին, որին աջակցում է, շարունակել [ռազմական գործողություններ], քանի դեռ իրավիճակը չի…

Սրա պատճառները, անկեղծ ասած, բավականին ակնհայտ են: Դա, իրոք, բխում է, ինչպես միշտ, ներքաղաքական հարցերից: Թուրքիայի տնտեսությունը լավ վիճակում չէ: Իսկ ի՞նչ անել, երբ ձեր տնտեսությունը լավ վիճակում չէ։ Դե, ոչ միայն Թուրքիան նման կերպ է վարվում: Իրականում, Ռուսաստանն էլ է դա անում՝ օգտագործելով արտաքին քաղաքականության քարտը», — ասաց պրոֆեսորը:

Նա շեշտեց` Թուրքիան, ըստ էության, իրեն աստիճանաբար մարգինալացված էր զգում, հանկարծ հատկապես Լիբիայում ներգրավվածության տեսանկյունից իրավիճակը սկսեց փոխվել, և Էրդողանն իրեն ավելի ուժեղ զգաց. — «Մենք դա տեսանք Լիբիայի օրինակով, այնուհետև Միջերկրական ծովի արևելյան հատվածում… Եվ հիմա Թուրքիան ավելի բացահայտ դեր է ստանձնում Կովկասում ռազմական ներկայության միջոցով:

Այս ամենի հետ հանդերձ ես նաև կարծում եմ, որ չպետք է գերագնահատել Թուրքիայի ասպեկտը: Սա, ի վերջո, պատերազմ է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Եվ ես կարծում եմ, որ Թուրքիայի ասպեկտը ընդամենը մեկն է բազմաթիվ գործոններից, որով բացատրվում է, թե ինչու ամեն ինչ ընթանում այնպես, ինչպես ընթանում է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *