Միջազգային մամուլը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացող իրադարձությունների մասին

Չտեսնված համախմբում

Ամերիկահայերի Լոս Անջելեսյան բազմահազարանոց ցույցը անցած գիշեր ամերիկյան առաջատար հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում էր։ Որոշները երթին հետևում էին առաջին րոպեներից մինչև վերջ։

ABC հեռուստաընկերությունը, ուղիղ եթերում մեկնաբանելով Լոս Անջելեսի կենտրոնական փողոցներով ձգվող մարդկանց անծայրածիր բազմությունը, շեշտում էր՝ «սա չտեսնված համախմբում է, որի ականատեսն ենք վերջին մի քանի շաբաթվա ընթացքում՝ Լեռնային Ղարաբաղում վերսկսված պատերազմից ի վեր»։

ABC -ի լրագրողը պարբերաբար ընդգծում էր, որ հազարավոր hայեր Լոս Անջելեսում, ինչպես նաև ԱՄՆ բազմաթիվ այլ խոշոր քաղաքներում փողոց են դուրս եկել պատերազմի ճիրաններում հայտնված իրենց հայրենիքի համար խաղաղության պահանջով:

Fox-ը փոխանցում է, որ ամերիկահայերը ամերիկյան վարչակազմից պահանջում են զսպել իր դաշնակից Թուրքիային և պատժամիջոցներ սահմանել վերջինիս դեմ՝ հայերի հանդեպ սանձազերծած նոր պատերազմի համար:

Ղարաբաղում ԱԹՍ-ի ակտիվ կիրառումը ստիպում է մտածել ամերիկյան ՀՕՊ-ը արդիականացնելու մասին

Մինչ Թրամփի վարչակազմը լռում է, ամերիկացի ռազմական փորձագետները ուշադրությամբ հետևում են օվկիանոսից այն կողմ չդադարող արյունահեղությանն ու եզրահանգումներ անում։ Army Times պարբերականը նշում է, որ այդ տարածաշրջանում ռազմական գործողությունների մեթոդները ստիպել են մտածել հրետանու խոցելիության մասին՝ հրետանին դանդաղ և թանկարժեք է ժամանակակից պատերազմների պայմաններում:

Ամերիկյան զինված ուժերի գեներալ Ջեյմս Մակոնվիլը թերթի հետ զրույցում ասել է, թե ղարաբաղյան հակամարտության գոտում անօդաչու թռչող սարքերի ակտիվորեն կիրառումը ևս մեկ անգամ վկայում է, որ ամերիկյան հակաօդային համակարգը պետք է արդիականացվի։

Բրիտանիայի կառավարության լռությունն ամոթալի է

«Թուրքիայի խաղը մահաբեր է, և Ջոնսոնը դա լավ գիտի» վերտառությամբ հոդվածում Բրիտանական The Sunday Times-ը թուրքական արմատներ ունեցող Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին հիշեցրել է Օսմանյան կայսրությունում իր նախապապի դաժան սպանության մասին:

«Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը, ով Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարն էր, թերևս ավելի, քան որևէ այլ օսմանյան հանրային գործիչ, վճռական էր արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների համար պատասխանատու հազարավոր ոճրագործներին, և բացեիբաց խոսում էր այդ մասին: Բրիտանիայի կառավարության լռությունն ամոթալի է», — գրում է հոդվածի հեղինակը և եզրափակում, — «Իսկապե՞ս Էրդողանն այն մարդն է, որի համար բրիտանական կառավարությունը պետք է ավելացնի զենքի վաճառքը։ Ի՞նչ կզգա բրիտանիայի վարչապետը, երբ տեսնի, որ նրանք կոտորում են ավելի ու ավելի շատ հայերի, և վերջապես ի՞նչ կզգար իր նախապապը»։

Բաքուն ինքն իրեն պետք է մեղադրի միջազգային կառույցներին երկրից վտարելու համար

«Երբ Amnesty International-ը հրապարակեց իր զեկույցը, որում փաստում էր Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը կասետային ռումբերով հարվածները, Ադրբեջանի իշխանությունները բողոքում էին միջազգային կազմակերպություններից, թե վերջիններս անտեսում են Հայաստանի հարձակումները Ադրբեջանի խաղաղ բնակչության վրա։ Բայց ոմանք նկատում են, որ Ադրբեջանի իշխանությունները իրենք իրենց պետք է մեղադրեն այն բանի համար, որ վերջին տասնամյակում իրենց երկրից վռնդեցին այդ կազմակերպություններին», — գրում է Eurasianet -ի մեկնաբանը:

Անկարան կարծես դաշնամուր նվագի, դաշնամուրի յուրաքանչյուր մի ստեղն էլ մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն

The Jerusalem Post-ը նկատում է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմն ամեն շաբաթ միջազգային մի նոր ճգնաժամ է հրահրում ներքին տնտեսական ձախողումներից ուշադրությունը շեղելու և ազգայնական ու կրոնական քայլերի օգնությամբ հանրությանը ոգևորվելու նպատակով։

«Հայաստանից մինչև Լիբիա և Իրաքի հյուսիսում ընկած Սինջար քաղաք՝ Թուրքիան թեժ կետեր է ստեղծում ստիպելով լրատվամիջոցներին ու տեղացիներին վազել մի պատմությունից մյուսը: Անկարան խաղում է տարածաշրջանի հետ, կարծես դաշնամուր նվագի, դաշնամուրի յուրաքանչյուր մի ստեղն էլ մի նոր ռազմական ներխուժում է կամ ռմբակոծություն»:

Ղարաբաղում ստեղծված իրավիճակը տոն է թուրքիայի ազգայնականների և ռուսաստանյան ռազմական արդյունաբերության համար

Բրիտանական The Guardian-ում իր հերթական վերլուծությունն է հրապարակել ղարաբաղյան հակամարտության հարցով առաջատար փորձագետ Թոմ դե Վաալը: Ղարաբաղյան հակամարտության մասին ամենահայտնի՝ «Սև Այգի» գրքի հեղինակը իր հոդվածում նշում է, որ հակամարտության երկու կողմն էլ իր օրինական, սակայն տարբեր պահանջներն ունի:

«Հայերը մտավախություն ունեն, որ Ադրբեջանը ցանկանում է վերացնել Ղարաբաղի հայերին և վտարել նրանց իրենց հայրենիքից, ինչը քիչ էր մնում տեղի ունենար 1992 թվականին», — գրում է Դե Վաալը՝ շարունակելով, — «Ադրբեջանի նախագահը խոսել էր Ղարաբաղին «աշխարհում ամենաբարձր ինքնավարությունը» տրամադրելու մասին, սակայն 1991 թվականից առ այսօր Ադրբեջանի կառավարությունը նույնիսկ մեկ փաստաթուղթ չի նախապատրաստել, որում կնկարագրվեր, թե ինչ է դա նշանակում։ Հայերի համար Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղին հասցվող հրթիռներն են խոսում ճշմարտության մասին»։

Եզրափակելով՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ ռազմական հակամարտության մասին բրիտանացի վերլուծաբանը գրում է․ «Ստեղծված իրավիճակը տոն է Էրդողանի, Թուրքիայի ազգայնականների և ռուսաստանյան ռազմական արդյունաբերության համար, որը կզինի երկու կողմերին և պատրաստ կլինի զինել ավելի շատ, հենց կվերջանան մահացու այդ զենքերը»։

Պուտինի տան ետնաբեմում լայնածավալ հրդեհ է

Ծայրաստիճան հազվադեպ է եղել, երբ ռուսաստանցի նախագահը ստիպված լիներ միաժամանակ երեք լայնածավալ հրդեհի հետ գործ ունենալ իր տան ետնաբակում, անդրադառնալով հետխորհրդային երեք երկրներում՝ Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում տեղի ունեցող զարգացումներին, գրում է Financial times-ը։

«Վաղ է խոսել այն մասին, որ Պուտինը կորցրել է վերահսկողությունը հարևանների նկատմամբ, նախկինում նա ավելի լուրջ խնդիրների է բախվել», — գրում է հոդվածագիրը՝ հավելելով, — «Հնարավոր է Պուտինը, ով արդեն իշխանության է 20 տարի, և ևս 16 տարի էլ կշարունակի կառավարել, այդ բեռը ավելի շատ ու ավելի ուժեղ է ճնշելու, քան նախկինում»։

Ադրբեջանի դեմ Հայաստանի նոր զենքը

«Ադրբեջանի դեմ Հայաստանի նոր զենքը», այսպես է վերնագրել բրիտանական Telegraph-ը Հայաստանին ուղղված ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի աջակցության արշավի մասին հոդվածը:

«Քիմ Քարդաշյանի հայտնիությունը համացանցում այնքան մեծ է, որ նրա հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ դիտել է այնքան մարդ կամ նույնիսկ ավելի, որքան Հայաստանի ընտրյալ առաջնորդների հայտարարությունները։ Սակայն Քարդաշյանի հետևորդներից շատերին հազիվ թե հետաքրքրի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Բայց աշխարհում կա մի համայնք, որի համար այդ տարածաշրջանի իրադարձությունները շատ մեծ նշանակություն ունեն՝ խոսքը գլոբալ հայկական սփյուռքի մասին է։ Այդ սփյուռքի ներկայացուցիչները բնակվում են Լոս Անջելեսից մինչև Լիբանան, ինչպես նաև Ֆրանսիայում, Ռուսաստանում, Լոնդոնում, նրանք Օսմանների ձեռքով սպանված 1,5 միլիոն հայերի ժառանգներն են», — գրել է Telegraph-ը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *