Վարչապետի և Դաշնակցության դիրքորոշումները չեն համընկել

Արցախում տեղի ունեցող զարգացումների շուրջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր նախաձեռնությամբ փակ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական մի շարք ուժերի ներկայացուցիչների հետ։

Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը մասնակցել են Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, մի շարք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը «Ազատության» հետ զրույցում փոխանցեց, որ հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը, իր պատկերացումներն առաջիկա քայլերի մասին, որոնք, ի դեպ, չեն համընկնում Դաշնակցության դիրքորոշումներին։

Իշխան Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյան

Սաղաթելյանը հրաժարվեց փակագծեր բացել․ — «Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք պատերազմի մեջ, մենք հանդիպել ենք պատերազմի մեջ գտնվող վարչապետի հետ՝ առաջին ձեռքից տեղեկություններ ստանալու և մեր տեսակետները փոխանցելու համար։ Շատ հստակ, շատ ուղիղ փոխանցել ենք այն, ինչ մենք մտածում ենք այս օրերին, պարզապես չեմ կարող հիմա հրապարակել՝ հաշվի առնելով ռազմական դրությունը ու էն բաները, որ էս պահին հրապարակման ենթակա չի»։

Անդրադառնալով հանդիպման ընթացքին՝ Սաղաթելյանն ասաց․ — «Ինքը ներկայացրեց ստեղծված իրավիճակը։ Մեր համար շատ կարևոր էր հասկանալ իր պատկերացումները առաջիկա քայլերի մասին։ Որոշակի բաներ լսեցինք։ Բավարարեց թե չէ՝ դա արդեն ուրիշ հարց է»։

Նա հայտարարեց, որ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումները չէին համընկնում Դաշնակցության դիրքորոշումներին․ — «Ոչ։ Ոչ, որովհետև մենք իրավիճակի գնահատական ունենք, պարզապես չենք կարողանում այս պահին շատ խոսել։ Վիճակը մտահոգիչ է, անելիքը՝ շատ մեծ։ Ունենք բազմաթիվ մտահոգություններ, որը շատ պարզ և ուղիղ հնչեցրել ենք»։

Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս շատ փակագծեր չբացեց։ Ասաց, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից յուրաքանչյուրը փակ հանդիպման ընթացքում ներկայացրել է իր կարծիքը, և Հանրապետականն էլ ներկայացրել է իր դիրքորոշումը։

Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով

Շարմազանովը չմանրամասնեց, թե արդյոք այդ համընկել է վարչապետի դիրքորոշմանը․ — «Համընկնում են թե չէ՝ պետք է հարցնեք իրենց։ Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»։

«Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչը հրավիրվել է այս հանդիպմանը, Շարմազանովը պատասխանեց․ — «Հանրապետականը առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ սառեցնում է ներքաղաքական օրակարգը, կանգնած է Հայաստանի և Արցախի կողքին, մեր Հայոց բանակի կողքին։ Մենք ենք ներքաղաքական օրակարգը սառեցրել»։

Պատասխանելով «Ազատության» հաջորդ հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի կողմից Արցախի անկախության հնարավոր ճանաչմանը հարցը, Դաշնակցության ԳՄ-ի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Արցախի անկախության ճանաչումն այլընտրանք չունի, բայց դա պետք է կատարվի ճիշտ ժամանակին, քանի որ իրադարձություններն ամեն պահի փոխվում են։ Հայաստանը միշտ կարող է ճանաչել, բայց խնդիրը նաև միջազգային հանրության ճանաչումն է։ Արցախի անկախությունը և Արցախի ճանաչումը այլընտրանք չունի, դա չի քննարկվում։ Դա արդեն կախված է բանակցային պրոցեսներից, ճիշտ ժամանակից և ստեղծված իրավիճակից։ Իրադարձությունները րոպե-րոպե զարգանում են, դա օրվա իշխանությունների պատասխանատվությունն է, որ ճիշտ պետք է գնահատի իրավիճակը»։

Էդուարդ Շարմազանովի համոզմամբ ևս, Հայաստանի կողմից Արցախի ճանաչման համար պետք է ճիշտ ժամանակահատված ընտրվի, որպեսզի այն շարունակական գործընթաց դառնա․ — «Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը պետք է, իմ խորին համոզմամբ, արվի այն ժամանակ, որը օգուտ կբերի Հայաստանի դիրքերի ամրապնդմանը և կլինի շարունակական այլ միջազգային ակտորների կողմից»։

Արամ Սարգսյան
Արամ Սարգսյան

Վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը մասնակցած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հույս հայտնեց, որ հրադադարը կպահպանվի, և հնարավոր կլինի խնդիրը լուծել քաղաքական ճանապարհով բանակցային սեղանի շուրջը։ Իսկ եթե ոչ, ապա Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը պետք է լուրջ քննարկման դնել՝ հաշվի առնելով թե՛ հնարավոր վնասները և թե՛ օգուտները․ — «Ստեղ շատ լուրջ խնդիր կա։ Նման քայլից հետո Մինսկի խմբի գործունեությունը տեսականորեն կասեցվում է, իսկ դա Էրդողանի ցանկությունն է»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *