Փաշինյանը պատգամավորների հետ փակ հանդիպմանը քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը

«Իրավիճակը շատ բարդ է», — ասում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը երեկ մասնակցել է վարչապետի հետ խորհրդարանի նախագահի, խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների փակ հանդիպմանը: Ներկա է եղել նաև արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Արցախ այցից հետո, կարծում եմ, ամբողջական տեղեկատվությանը մենք տիրապետել ենք, և վարչապետի հանդիպումից հետո էլ, եթե ինչ-որ բան բաց է մնացել, դրան էլ իրազեկվել ենք: Իրավիճակը շատ բարդ է, պատերազմ է, և այս պահին մարտի դաշտում որոշվում է մեր պետության ճակատագիրը, մեր բոլորի ճակատագիրը, և իրավիճակը շատ բարդ է», — ասաց Մարուքյանը:

Եղավ պաշտոնական հաղորդագրություն՝ քննարկվել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքներն արտաքին քաղաքականության ոլորտում: Մասնակցածները մանրամասներ չեն բացահայտում վարչապետի հետ փակ հանդիպումից:

«Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը փոխանցեց՝ Նիկոլ Փաշինյանն է եկել Ազգային ժողով, հանդիպումն էլ տևել է մոտ երկու ժամ։ Ընդհանուր հայտարարի գալ-չգալու խնդիր, ըստ նրա, չի եղել, հնչել են հարցեր իրավիճակի մասին, տրվել պատասխաններ։ Մելքումյանի խոսքով՝ լուծման ուղիների վերաբերյալ վարչապետը դիրքորոշում հայտնել է:

Արդյոք ԲՀԿ-ի համար ընդունելի՞ է այն, Մելքումյանը պատասխանեց. «Ընդունելի-չընդունելիի հարց չկա այստեղ: Կա ստեղծված իրավիճակի քննարկում, որ բոլորս գիտենք, և ելքեր, թե ինչ պետք է անենք, որ այդ բանը զսպենք, այդքան բան: Բավարարել-չբավարարելու հարց չկա, այն, ինչ որ կա, կա, մենք այսօր խնդիր չենք դրել՝ բավարարում է, թե չի բավարարում: Կա տեղեկատվություն, կա իրավիճակ և այդ վիճակից դուրս գալու ելքերի քննարկում, դրանց օպերատիվության, դրանց ժամկետների և այլն»:

«Բաց խոսակցություն էր», — ասում է Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ իշխանական Արման Եղոյանը, նա էլ է երեկվա հանդիպման մասնակիցներից։

«Բոլորը տվեցին իրենց հուզող բոլոր հնարավոր հարցերը, որոնք հասկանալի պատճառներով միգուցե լիագումար նիստերի ֆորամատով չէին կարող տալ, և վարչապետը պատասխանեց բոլոր-բոլոր հնարավոր հարցերին: Այսինքն բոլոր երեք խմբակցությունները, ինչ հարց կարող էին ունենալ, այդ բոլորին վարչապետը պատասխանեց», — ասաց Եղոյանը:

«Ազատության» հարցին՝ «կարո՞ղ ենք ասել, որ տիրող իրավիճակին խմբակցությունները ծանոթ են», Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Միանշանակ: Այսինքն՝ ինչ գիտեր վարչապետը, այդ նույնը երեկվա դրությամբ գիտեն նաև երեք խմբակցությունները»:

Լեռնային Ղարաբաղի նախագահը երեկ հայտարարել էր՝ եթե առաջիկա երկու օրերին Ադրբեջանը չպահպանի հրադադարի վերաբերյալ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, դիմելու է Հայաստանին Արցախի անկախությունը ճանաչելու հարցով։

Մարուքյանի փոխանցմամբ՝ ճանաչման հարցը օրակարգ բերելու որոշում այս պահին չկա. «Կան կարծիքներ. մի ուժը ասում է սենց, մի ուժը ասում է նենց, պետք է քննարկվի, քննարկվում է: Այսինքն քննարկում ենք, թե դա ինչ կտա, եթե մենք մնալու ենք միայնակ այդ ճանաչման հետ, մենք հիմա էլ ենք ճանաչած էլի: Ճանաչած ենք, ամեն օր ճանաչում ենք, ամեն մեր խոսքով ճանաչում ենք, ամեն մեր գործով ճանաչում ենք, անվտանգությունը երաշխավորելով Արցախի ճանաչել ենք, հազար ու մի այլ մեթոդներով ճանաչած ենք: Այստեղ այլ բան է, սեղանի վրա պետք է դնել այն մոտեցումը, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչումը նաև Արցախի ժողովրդի կյանքի իրավունքի պաշտպանության հարց է»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *