Ի վերջո, ոչ մի պատերազմում շահել հնարավոր չէ, ընդգծում է Թոմ դե Վաալը

«Ազատություն» ռադիոկայանի հյուրը Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն է։ Բրիտանացի հայտնի լրագրողի հետ զրուցել է Հրայր Թամրազյանը: Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

«Ազատություն». — Մեր բացառիկ հյուրը այսօր Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալն է։ Նա նաև հայտնի բրիտանացի լրագրող և գրող է։ Կովկասում և Հայաստանում նրան շատերը ճանաչում են իր «Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով» գրքի շնորհիվ։

Շատ շնորհակալություն, Թոմ, Ձեր ժամանակը տրամադրելու այս հարցազրույցի համար: Դուք այժմ, կարծում եմ, աշխարհի ամենազբաղված փորձագետներից մեկն եք: Մենք Ձեզ կարդում ենք, դիտում ենք: Ես ուզում եմ այս զրույցը սկսել հարցնելով Ձեզ՝ ի՞նչը սխալ գնաց այս անգամ, ո՞վ սկսեց պատերազմը և ինչո՞ւ:

Թոմաս դե Վաալ. — Նախ նշեմ, որ ուրախ եմ Ձեզ և ձեր հեռուստադիտողների հետ զրուցելու համար, թեև շատ ողբերգական և դժվարին պահ է այժմ։ Ի՞նչը սխալ գնաց։ Ակնհայտորեն կարող ենք դիտարկել մի շարք գլոբալ գործոններ, օրինակ, ենթադրում եմ, դրանցից մեկը ԱՄՆ-ի, որը ուժեղ դերակատար էր, ներգրավված չլինելն է այս տարածաշրջանում։ Թրամփի վարչակազմն իսկապես մեծ ուշադրություն չի դարձրել այս հակամարտությանը: Կարծում եմ՝ մեկ բացառությամբ, երբ 2018 թվականին Ջոն Բոլթոնը այցելեց տարածաշրջան: Բայց պարզվեց, որ նա հավանաբար ավելի շատ հետաքրքրված էր Իրանով, քան Հայաստանով և Ադրբեջանով: Եվ դա, կարծում եմ, միակ դեպքն էր, երբ Միացյալ Նահանգները լիարժեք ուշադրություն դարձրեց այս խնդրին:

Ակնհայտ է, որ Եվրոպան ունի իր սեփական խնդիրները: Ռուսաստանը, կարծում եմ, նույնպես ունի իր սեփական խնդիրները: Ես միշտ ասել եմ և կարծում եմ, որ դա հաստատվում է այժմ, որ Ռուսաստանի ազդեցությունն այս հակամարտությունում մի փոքր չափազանցված էր:

Բացի այդ, կարծում եմ, Ադրբեջանի կողմից խոր հիասթափություն կար Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նրանք Փաշինյանից ավելին էին ակնկալում, քան Սերժ Սարգսյանից, և հետո հասկացան, որ ավելի քիչ են ստանում: Դուշանբեում տեղի ունեցավ դրական հանդիպում երկու առաջնորդների միջև, երբ ադրբեջանական կողմը մեծ հույսեր էր կապում այդ հարաբերությունների հետ, և իրենց տեսանկյունից նրանք բարելավում էին անվտանգության իրավիճակը, նպաստում հրադադարի ռեժիմի խախտումների հետ կապված լարվածության նվազեցմանը, հայերին տալիս էին ավելի մեծ անվտանգություն: Փոխարենը նրանք ցանկանում էին ավելի առարկայական բանակցություններ վարել պարոն Փաշինյանի հետ: Եվ իրենց կարծիքով՝ նրանք ավելի քիչ ստացան պարոն Փաշինյանից՝ հիմնականում հայրենասիրական որոշ ելույթներ, այդ թվում՝ բուն Ղարաբաղում նրա այն պնդումը, որ Ղարաբաղի հայերը պետք է մասնակցեն գործընթացին։ Նման պնդում ակնհայտորեն չէին արել պարոն Սարգսյանը կամ պարոն Քոչարյանը։ Եվ նրանք տեսակետ ձևավորեցին, որ հայկական կողմն այլևս չի ընդունում հիմնարար սկզբունքների շրջանակը:

Այսպիսով, Ադրբեջանի տեսանկյունից՝ նրանք զգացին, որ այլևս բանակցային գործընկեր չունեն, ինչը, կարծում եմ, մեծացրեց ռազմական տարբերակը դիտարկելու պատրաստակամությունը։ Իսկ այդ դեպքում կար նաև մեկ լրացուցիչ տարր՝ դա նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիայի աջակցությունն էր:

Կային նաև մի քանի այլ գործոններ՝ միգուցե մոտալուտ ձմեռը, ԱՄՆ ընտրությունները:

Նրանք որոշեցին, որ սա լավ պահ է ստատուս քվոն փոխելու և գործողություն սկսելու համար: Սա է իմ վերլուծությունը։

«Ազատություն»— Թոմ, ո՞րն է այստեղ Թուրքիայի դերը: Ի՞նչ եք կարծում, սա տեղի կունենա՞ր առանց Ռուսաստանի «կանաչ լույսի», թե՞ կարծում եք, որ թուրքերը պարզապես անտեսեցին Ռուսաստանին: Նույնը վերաբերում է Ադրբեջանի ղեկավարին: Շատերը կարծում են, որ առանց նախ ռուսների հետ խոսելու, նա չէր համաձարկվի լայնածավալ ռազմական գործողություն սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ: Ի՞նչ եք կարծում այդ մասին։

Թոմաս դե Վաալ. — Չեմ կարող նման պնդում անել, բայց ես անձամբ կողմ եմ երկրորդ տեսակետին, որ Ռուսաստանը հանկարծակիի եկավ այս գործողությունից, նրանք չէին սպասում նման բան։ Գուցե ռազմական գործողությունների սկսվելուց հետո նրանք դժկամությամբ փորձեցին կասեցնել դրանք՝ պարոն Փաշինյանի հետ ունեցած բարդ հարաբերությունների և Հայաստանի հետ կապված որոշ հիասթափությունների պատճառով: Բայց տպավորությունս այն է, որ նրանք «կանաչ լույս» չեն տվել, հակառակը՝ հանկարծակիի եկան, և, իրոք, մենք դեռևս չենք տեսել ռուսական կողմի արձագանքը։ Ինչպես հայտնի է, ռուսական կողմի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց, դրանով կարծես թե Ռուսաստանը փորձում էր հետ վերցնել նախաձեռնությունը, բայց հրադադարը չի գործում։ Այնպես որ, Ռուսաստանի ազդեցությունն այստեղ դեռ շատ փոքր է։ Ռուսաստանը կուզենար խաղաղապահի դերը ստանձնել տեղում, բայց չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը դա կընդունի:

Այնպես որ, կարծում եմ, Ռուսաստանն այստեղ միշտ հավասարակշռման խաղ է խաղացել՝ ցանկանալով լավ հարաբերություններ ունենալ այս հակամարտության երկու կողմերի հետ էլ: Այն ցանկանում է փորձել օգտագործել իր ազդեցությունը՝ հավասարակշռելով երկու երկրների միջև։ Եվ դա նորմալ է, երբ կողմերի միջև ռազմական հավասարակշռություն կա: Բայց դա ստացվում է այնքան ժամանակ, քանի դեռ մի կողմը, խոսքը ակնհայտորեն ադրբեջանական կողմի մասին է, չի ցանկանում խաթարել ռազմական հավասարակշռությունը։ Այդ դեպքում, կարծում եմ, Ռուսաստանը հանկարծ հայտնվում է մի իրավիճակում, երբ շատ ավելի պակաս ազդեցություն ունի, քան կարծում է։

«Ազատություն». — Այս օրերին ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրվող քարոզչական տարատեսակ թոք շոուների նարատիվը Փաշինյանի մասին է: Ասում են՝ Ռուսաստանը կմիջամտեր, եթե Փաշինյանը չլիներ: Նույնիսկ նրանք առաջարկում են, որ հայերը պետք է ազատվեն Փաշինյանից, և «այդ դեպքում մենք կգանք և կօգնենք ձեզ»: Այս նարատիվը մտահոգիչ է, և դա ամենուր է, երբ դիտում եք ռուսական Առաջին ալիքը կամ մյուս ալիքը՝ Սոլովյովի մասնակցությամբ: Ի՞նչ եք մտածում այս մասին:

Թոմաս դե Վաալ. — Ես իրոք չեմ կարող մեկնաբանել դա: Ես չգիտեմ` արդյո՞ք սա պաշտոնական ռուսական քաղաքականություն է, թե՞ պարզապես ռուսական հրապարակային նախապաշարմունք: Կարծում եմ, եթե դա է տեսակետը, ապա դա ռազմավարական տեսակետ չէ, քանի որ պարոն Փաշինյանը գուցե ինչ-որ բաներ է արել, որոնք դուր չեն եկել պարոն Պուտինին, օրինակ՝ նրա ընկերոջը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելը, բայց, ի վերջո, Փաշինյանի օրոք Հայաստանը մնաց Մոսկվայի դաշնակիցը, մնաց բոլոր կազմակերպություններում: Հայաստանը վերահաստատեց իր ռազմական և տնտեսական հանձնառությունները Մոսկվայի առջև:

Այնպես որ, կարծում եմ, տարօրինակ կլիներ, եթե ռուսներն իսկապես կառուցեին իրենց քաղաքականությունը մեկ անձի նկատմամբ հակակրանքի վրա: Կարծում եմ, որ նրանց ազդեցությունը այս տարածաշրջանում կարգավորվում է Հայաստանի և Ադրբեջանի հետ հավասար հարաբերություններ ունենալով: Այնպես որ, Ադրբեջանին գերակշռություն տալը իրականում այնքան էլ տրամաբանական չէ: Դա ընդհանուր առմամբ թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում: Նրանք կպահպանեն Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան, բայց դա ի՞նչ իմաստ կունենա, եթե հանկարծ Ադրբեջանը շատ ավելի ուժեղ գտնվի և ավելի շատ Անկարային, քան Մոսկվային դիտարկի որպես իր գլխավոր գործընկեր:

«Ազատություն». — Թոմ, այս պատերազմում կարելի՞ է հաղթել: Ես նկատի ունեմ, որ այս մեկը տարբերվում է նախորդներից, երբ բոլորն ասում էին, որ խնդիրը լուծելու ռազմական տարբերակ չկա, և որ ոչ ոք չի կարող հաղթել այս պատերազմում: Տեսնո՞ւմ եք, որ հավասարակշռությունը փոխվում է դեպի ադրբեջանական կողմ: Ի՞նչ կարծիք ունեք այդ կապակցությամբ:

Թոմաս դե Վաալ. — Դե, իհարկե, ի վերջո, ոչ մի պատերազմում շահել հնարավոր չէ: Ոչ մի պատերազմ զուտ ռազմականորեն չի լուծվում: Ի վերջո, պետք է խաղաղություն հաստատվի, և, իհարկե, նույնիսկ եթե ադրբեջանական կողմը չակերտներում «լիովին հաղթեր», միևնույն է, խաղաղություն չէր լինի, քանի որ հայկական կողմը չէր հանձնվի: Սա ակնհայտորեն առաջին բանն է, որ պետք է ասել:

Բայց ես կարծում եմ, որ այն, ինչ մենք տեսնում ենք, որոշակիորեն ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը կարծում է, որ այստեղ նա ռազմական առավելություն ունի։ Կարծում եմ, որ իրենց կողմից օգտագործվող անօդաչու թռչող սարքերը, թուրքական և իսրայելական անօդաչուները նշանակալի գործոն են։ Կարծում եմ՝ նրանք փորձում են նաև կտրել մատակարարման գծերը Հայաստանի և Ղարաբաղի միջև: Հայկական կողմն ակնհայտորեն գտնվում է շատ բարդ իրավիճակում: Եվ ակնհայտ է, որ Բաքվում կան շատ մարդիկ, նրանց թվում գուցե նաև նախագահը, որոնք հավանաբար կցանկանային տեսնել լայնածավալ հարձակում ողջ Ղարաբաղի վրա:

Իմ կարծիքով՝ Ադրբեջանին կանգնեցնող հանգամանքը պարտադիր չէ, որ լինի հայկական ռազմական պաշտպանությունը, գուցե դա արդեն հնարավոր չէ, չգիտեմ։ Նկատի ունեմ, որ լայնածավալ ադրբեջանական հարձակումը զսպող գործոնը, եթե այն իրոք լինի, կարող է լինել միջազգային քաղաքական ճնշում բանեցնելը ադրբեջանական կողմի վրա` ասելով, որ դա անընդունելի է: Կարծում եմ, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում դիվանագիտական ջանքերը հենց այս ուղղությամբ է պետք կենտրոնացնել։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր բավականին համակրում են Ադրբեջանին, ովքեր ցավում են, որ Ադրբեջանը տարածքներ է կորցրել, ասեմ, որ ես ինքս էլ ընդունելի եմ համարում ադրբեջանական շատ փաստարկներ, ինչի մասին բազմիցս խոսել եմ Երևանում, երևի Ձեզ էլ եմ ասել, որ Ղարաբաղից դուրս գտնվող տարածքների նկատմամբ հայկական վերահսկողությունը երկարաժամկետ կտրվածքով անկայուն է… և հիմա նույնիսկ այդ մարդիկ, ովքեր կարծում են, որ ադրբեջանցիներն այդ տարածքները վերադառնալու լիակատար իրավունք ունեն, որոնց թվում նաև ես եմ, հիմա ակնհայտորեն կասեին նաև, որ Ադրբեջանի կողմից անընդունելի է ռազմական գործողություն սկսելը Ղարաբաղի հայերի դեմ: Հիմա հենց այդ պահն է։ Արդյո՞ք Ադրբեջանը կորոշի հարձակումը սկսել բուն Ղարաբաղը գրավելու համար, թե՞ ոչ:

«Ազատություն». — Դուք նաև շեշտում եք այն սարսափելի տառապանքը, որ կրում է Լեռնային Ղարաբաղի հայ խաղաղ բնակչությունը, դա Ձեր մեկնաբանությունն է։ Կարո՞ղ եք դրա մասին խոսել:

Թոմաս դե Վաալ. — Ակնհայտ է, որ դրան ականատես լինելը սարսափելի մի բան է, և ինձ համար դա անձնական բնույթ ունի, քանի որ այս տարիների ընթացքում ես բազմիցս այցելել եմ Ղարաբաղ, տասն անգամ կարծեմ, և այնտեղ շատերին եմ ճանաչում։ Կարծում եմ՝ դա գեղեցիկ վայր է: Միգուցե ես հաճախ համաձայն չեմ Ղարաբաղի քաղաքական դիրքորոշման հետ, բայց ես խաղաղություն և անվտանգություն եմ մաղթում Ղարաբաղի ժողովրդին: Ինձ համար սարսափելի է տեսնել Ստեփանակերտի ավերումը: Ես հասկանում են, որ նրանք սարսափելի վիճակում են հայտնվել։ Իհարկե, ես խոսում են նաև այն մասին, որ հայկական արկերը և հրթիռները հարվածում են Գյանջայի պես քաղաքներին: Դա նույնպես սարսափելի է: Ես այդ մասին ևս խոսում եմ՝ ինքս ինձ գուցե ոչ պոպուլյար դարձնելով, բայց մենք տեսնում ենք վրեժխնդրության մի այնպիսի շրջան, որի հետևանքով տառապում են միայն անմեղ մարդիկ: Եվ պետք է նաև ասեմ, որ շատ անհանգստացած եմ երկու կողմերի տեղեկատվական պատերազմով: Կարծում եմ, որ սա յուղ է լցնում պատերազմի վրա, ծայրաստիճան մտահոգիչ է այն բառապաշարը, որ օգտագործում են երկու կողմերն էլ։

«Ազատություն». — Մեկ այլ բան, որ Դուք կարևորում եք, դա եվրոպական արձագանքն է: Դուք դա բնութագրում եք որպես երկչոտ։ Դուք ասում եք, որ եվրոպացիների արձագանքը հապաղում է: Սա, իհարկե, հակամարտություն չէ, երբ տառապանքի և արդարության մենաշնորհ ունի միայն մի կողմը, բայց եվրոպացիները պետք է շտապ բարձրաձայնեն [իրենց դիրքորոշումը] մի քանի հիմնական հարցերի շուրջ:

Թոմաս դե Վաալ. — Այո՛։ Եվ ես այստեղ կներառեի նաև Միացյալ Նահանգները: Ես կցանկանայի շատ ավելի ուժեղ արձագանք տեսնել հումանիտար հարցերի վերաբերյալ` դարձյալ նշելով, որ աշխարհը չի ընդունում, որ Հայաստանը պետք է վերահսկի Ղարաբաղից դուրս գտնվող տարածքները, կարծում եմ, որ Հայաստանից դուրս դրա վերաբերյալ միջազգային կոնսենսուս կա: Բայց նաև տեղի է ունենում հումանիտար աղետը՝ խաղաղ բնակչության անընդունելի թիրախավորումը, որը, կարծում եմ, բավարար չափով Եվրոպայի և Միացյալ Նահանգների տեսադաշտում չի հայտնվել: Հուսով եմ և ուզում եմ այս հարցի վերաբերյալ շատ ավելի խիստ դատապարտում տեսնել:

«Ազատություն»— Թոմ, իսկ ի՞նչ կասեք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին: Դուք քննադատում եք նրանց։ Այս խումբը երբեմն համեմատվում է գաղտնի, փակ դռների ետևում միջնորդության հետ, որին բնորոշ է հին, սովետական կամ ռուսական ոճը։ Դուք քննադատել եք նրանց քաղաքացիական հասարակությանը և փորձագիտական համայնքին չներառելու համար։

Թոմաս դե Վաալ. — Իհարկե: Նախ պիտի ասեմ, որ հակամարտության վերջնական կարգավորման պատասխանատվությունը կրում են ոչ թե միջնորդները, այլ հակամարտության կողմերը: Իրենց խնդիրն է լուծել հակամարտությունը, և եթե նրանք ցանկանային, ապա Հայաստանը և Ադրբեջանը կարող էին իրենց սեփական պաշտոնյաներին նշանակել, որ նրանք հանդիպեին ու ժամերով խոսեին ինչ-որ չեզոք վայրում՝ Թբիլիսիում կամ Ժնևում: Այլ հակամարտություններն այսպես են լուծվում: Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը կարող էին ներկայացուցիչներ ունենալ, որոնք կհանդիպեին, կխոսեին և կլուծեին նրանց միջև եղած հակասությունները։ Սա իմ առաջին դիտարկումն է, և նման բան տեղի չի ունեցել ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։ Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նման լուրջ երկկողմ մեխանիզմ կար Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև:

Բայց երբ ասում եմ, որ անարդար է մեղադրել միջնորդներին, ես նաև կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը գուցե հակամարտությունների կառավարման մեխանիզմ է, բայց ոչ թե լուրջ միջնորդական մեխանիզմ է:

Կարծում եմ, որ Ռուսաստանն ունի իր օրակարգը, նա չի խոսում հասարակությունների հետ, կան շատ այլ դերակատարներ, որոնք կարող են ընդգրկվել, որոնք կարող են դրական ներդրում ունենալ, ինչպիսին են Եվրոպան, Եվրամիությունը, որոնք այնտեղ չեն:

Այսպիսով, ես քննադատություն ունեմ այս հանգամանքների վերաբերյալ, և հուսով եմ, որ երբ մենք վերադառնանք միջնորդությանը, իսկ ես հուսով եմ, որ կկարողանանք դա անել, դա կլինի շատ ավելի լայն ձևաչափ, ինչպես ասում ենք՝ ներառական ձևաչափ, ավելի շատ մարդ կլինի սեղանի շուրջ, քան Մինսկի խմբի համանախագահները:

«Ազատություն». — Օրինակ, այս անգամ մենք տեսանք, որ Ֆրանսիայի նախագահն իսկապես մեծապես ներգրավված էր երկու կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելու ջանքերում: Գոնե նա փորձում էր զանգահարել Թրամփին, ապա՝ Պուտինին, և ինձ թվում է, որ նա միակն էր, ով իսկապես հետաքրքրված էր, ով հասկանում էր ինչ-որ բան սկսելու հրատապությունը: Բայց Դուք ասում եք նաև, որ Մակրոնի ասածը հիմնականում Թուրքիայի դերի քննադատություն էր, ոչ ավելին:

Թոմաս դե Վաալ. — Իհարկե, նախագահ Մակրոնը անկեղծորեն ակտիվ է եղել, ինչը ավելին է, քան կարելի է ասել ամերիկացիների մասին: Բայց կարծում եմ՝ մի փոքր ցավալի է, որ նա խառնեց իր ուղերձները Թուրքիային ուղղված՝ Միջերկրական ծովի արևելքի, Լիբիայի և այլնի շուրջ քննադատության հետ: Այնպես որ, կարծում եմ, ավելի լավ կլիներ, որ նրա հայտարարությունները կենտրոնանային Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող հիմնական հարցերի վրա, քանի որ, իհարկե, Ադրբեջանում Մակրոնը ընկալվում է որպես հայամետ: Ես չգիտեմ, թե որքանով է նա ընկալվում որպես հայամետ Հայաստանում, Դուք կարող եք ինձ դա ասել, բայց Ադրբեջանում նրա ընկալումը դժբախտաբար այդպիսին է: Նա անկեղծ է եղել, բայց վստահ չեմ, արդյոք Բաքվում լսել են նրա ուղերձները:

«Ազատություն»— Թոմ, բայց այժմ նոր՝ անկանխատեսելի տարր կա այս բոլոր գործընթացներում: Դա Թուրքիան է: Թուրքական քաղաքականությունը, արտաքին դիվանագիտությունն այնքան անկանխատեսելի են։ Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունենալու, ինչպես են նրանք ազդելու Ալիևի վրա: Այժմ մենք տեսնում ենք, որ ադրբեջանական զորքերը դեռ շարունակում են առաջ գնալ՝ գրոհելով բոլոր կողմերից։ Եվ մենք չգիտենք, թե երբ թուրքերը կդադարեն Ադրբեջանին հրահրելը: Ի՞նչ կարծիք ունեք այս կապակցությամբ:

Թոմաս դե Վաալ. — Դե, ես լավ պատասխան չունեմ այս հարցին: Ակնհայտ է, որ Թուրքիայի ներգրավումը վճռորոշ գործոն է… թուրքական քաղաքական աջակցությունը, թուրքական անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև բավականին վստահելի այն տեղեկությունները, որ Թուրքիան Սիրիայից վարձկաններ է ուղարկում հակամարտության գոտի… ակնհայտ է, որ Թուրքիայի աջակցությունն այստեղ շատ կարևոր գործոն է: Բայց ինձ համար պարզ չեն Թուրքիայի նպատակները։ Արդյո՞ք Թուրքիան ցանկանում է աջակցել նախագահ Ալիևին մինչև վերջ, նույնիսկ եթե դա նշանակում է զանգվածային արյունահեղություն և մեծ արյունալի պատերազմ Ղարաբաղի համար, թե՞ պարոն Էրդողանը գոհ կլինի, եթե Ադրբեջանը կանգ առնի և հայտարարի հաղթանակի մասին, որպեսզի կարողանա ավելի ուժեղ դիրքերից բանակցություններ վարել, և որ Թուրքիան կարողանա խոսել հաղթանակի մասին ավելի շատ ներքին լսարանի ու ներքին կարծիքի համար։ Իրականում պարոն Էրդողանին ավելի շատ անհանգստացնում է Մերձավոր Արևելքը, քան Կովկասը: Այնպես որ, ես իրականում չգիտեմ, թե այս երկու դիրքորոշումներից որն է իրական:

«Ազատություն». — Թոմ, ո՞րն է այստեղ Ձեր լուծումը: Նկատի ունեմ ՝ ինչպե՞ս կլուծեիք այս խնդիրը, եթե միջնորդ լինեիք: Ի՞նչ խորհուրդ կտայիք:

Թոմաս դե Վաալ. — Անելանելի վիճակ է, բազմաթիվ մարդիկ են զոհվում, սա իսկական ողբերգություն է։ Իմ ծանոթները արդեն ինձ պատմում են, որ զոհվել են իրենց ընկերները։ Սա է՛լ ավելի է թունավորելու երկու ժողովուրդների հարաբերությունները։ Եթե դա հնարավոր է, ես կարող եմ ասել, որ հասկանում են հայերի խիստ մտահոգությունները, ես կասեի միայն, որ ցանկանում եմ, որ մարտերը դադարեցվեին և լուրջ բանակցություններ սկսվեին ավելի լայն ձևաչափով, ոչ միայն ռուսները, ֆրանսիացիները, ամերիկացիները, այլև եվրոպական այլ երկրներ, Եվրամիություն, Վրաստանը գուցե պետք է ներգրավվեին, որ սեղանին ավելի շատ մարդ լիներ, այդ թվում և Ղարաբաղի հայերը, ինչպես նաև Ղարաբաղի ադրբեջանցիները: Ես կցանկանայի տեսնել շատ ավելի լայն գործընթաց, գուցե ինչ-որ Մինսկի կոնֆերանս, որն առաջին անգամ եղել է 1992 թվականին: Սա կուզենայի տեսնել, բայց ես չգիտեմ, թե ինչպես կարելի է հասնել դրան այս կետից, երբ պատերազմական իրավիճակ է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *