Շարունակվում է Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա

Շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Մոսկվա։ Այն նախօրոք էր պլանավորված, սակայն, պատերազմն Արցախում փոխել է այցի օրակարգը, և Մոսկվայում Մնացականյանը մասնավորապես քննարկում է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։

Երեկ Մնացականյանը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ այսօր հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։ Հանդիպումն անցնում է Ռուսաստանի արտգործնախարարության ընդունելության առանձնատանը։

Հոկտեբերի 8-ին համանախագահները Ժնևումհանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իսկ երկու օր առաջ նաև հեռախոսաազրույց են ունեցել նրա հետ։

Փորձագետներն ակնակալում էին, որ այս շաբաթ արդեն կշարունակվեն ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղ ահաբեկիչներ տեղափոխելու մասին հաղորդումների վերաբերյալ։ Այս մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել է լրագրողներին։

Թուրքական կողմը երեկ հեռախոսազրույցից հետո տարածած հաղորդագրության մեջ այս թեմային չէր անդրադարձել։ Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված էր միայն, որ Աքարը «նորից իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և պնդել, թե Հայաստանը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը գրավյալ տարածքներից»։

Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում նաև շեշտում են որ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր իրավասության սահմաններում ակտիվորեն մասնակցում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուտափույթ կայունացմանն ուղղված Ռուսաստանի նախաձեռնությունների իրականացմանը: Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս հարցի շուրջ բանակցություններ է վարել տարբեր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի գործընկերների հետ։

Այն բանից հետո, երբ հոկտմեբերի 8-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը կոչ արեց հակամարտող կողմերին դադարեցնել կրակը և Հայաստանի ու Արդբեջանի արտգործնախարարներին հրավիրեց Մոսկվա, ռուսական կողմը զգալիորեն ակտիվացրեց իր ջանքերը․ արցախյան խնդրի շուրջ բանակցություններ ու քննարկումներ այսօր անցնում են տարբեր հարթակներում։

Այսօր, մասնավորապես, Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարԱնդրեյ Ռուդենկոն հանդիպել է Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ և քննարկել Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և մարդասիրական հրադադարի իրագործման համար անհրաժեշտ քայլերը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած մամլո հաղորդագրությունում նշված է, որ հանդիպմանը դիտարկվել են այն հնարավոր քայլերը, որոնք ուղղված են հոկտեմբերի 10-ից մարդասիրական հրադադար հաստատելու վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների միջև Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության իրականացմանը։ Թե հատկապես ի՞նչ մեխանզիմների մասին է խոսքը, նշված չէ։

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ղարաբաղյան հակամարտության կողմերին այսօր կոչ է արել օգտագործել հրադադարի մասին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խնդրի կարգավորումը քաղաքական դաշտ վերադարձնելու համար։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *