Ֆրանսիայից բժիշկների թիմը ժամանել է Հայաստան՝ Արցախում վիրավորվածներին բուժելու համար

Ֆրանսիայից բժիշկների թիմը երեկ ուշ երեկոյան ժամանեց Հայաստան։ Մի քանիսը կմնան Երևանում, մյուսները կմեկնեն Գորիսի հիվանդանոց, հետո էլ Արցախ՝ վիրավորներին բուժելու համար։

«Եկել ենք փորձենք օգնել մեր գործընկերներին, պատկերացնելով այդ մեծ ծավալն աշխատանքի, որ այս դժվարին պահին բաժին է հասել իրենց», — ասաց սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանը:

Լևոն Խաչատրյանն է հավաքել իր ծանոթ բժիշկներին, որոնք աշխատել են տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունեն։ Առայժմ վեց օրով են եկել, իրավիճակին կծանոթանան։ Բոլոր վտանգները գնահատել են՝ ռմբահարվող քաղաքում աշխատելու վախը կա, բայց վախից ավելի կարևոր բաներ կան:

«Իհարկե, լավ պատկերացնում ենք, մտահոգ ենք նաև դրա համար, բայց երբ որ մենք պատկերացնում ենք առաջնագծում մեր զինվորների քաջությունը, այլևս մտածելու բան չունենք», — նշեց Խաչատրյանը:

Ան Մարի Բերժեն ու Պիեր Ժիրարը վիրաբույժներ են, ֆրանսահայ Միքայել Չափարյանը՝ վիրաբույժ վնասվածքաբան, Պատրիկ Կնիպերը՝ ռեկունստրուկտիվ վիրաբույժ։ Վերջինիս մոտ դեռ թարմ են Գազայի գոտու պատերազմական հիշողությունները, սակայն եղբայրական Հայաստանին մենակ թողնել չէր լինի։ Լսել են՝ պատերազմում օգոտագործվել են միջազգայնորեն արգելված զենքեր, աշխատանքի ծավալն արդեն պատկերացնում են։ Աշխարհաքաղաքական վերլուծություններ չեն անում, բժիշկը պետք է հիվանդի կողքին լինի՝ յուրաքանչյուր դեպքում, ասում էին բոլորը։

Բժիշկ Կնիպերն էլ, որ, ի դեպ, 15 տարի առաջ էր եղել Հայաստանում, նուրբ ակնարկ արեց. «Ամեն ամեն անգամ հային բուժելիս, հայ վիրավորին օգնություն ցուցաբերելիս տպավորություն է, որ մի ամբողջ ազգի ես բուժում։ Մի մարդու դեմքով մի ամբողջ ազգ է ներկայանում»:

Ֆրանսիացի և ֆրանսահայ Բժիշկներն իրենց հետ բերել են անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։ Սա առաջին այցն է, բժիշկ Խաչատրյանը չի բացառում, որ առաջիկայում նորից կգան։

«Մեր հետ բերել ենք անհրաժեշտ պարագաներ, վերականգնողական փուլը կազմակերպելու համար նաև, այսինքն շաբաթներ անց պետք եկող նյութեր և պարագաներ կան: Նաև մտածել ենք կազմակերպել հետագայում նորից այց հենց այդ նպատակով՝ ավելի ուշ փուլերում վերականգնողական բժշկություն իրականացնելու համար այն զինվորներին, այն վիրավորներին, որոնք դրա կարիքն ունեն», — տեղեկացրեց սիրտ-անոթային վիրաբույժը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *