Հայաստանի և Արցախի ղեկավարները կոչ են անում համախմբվել

Այսօր՝ պատերազմի 18-րդ օրը ուղերձով ժողովրդին են դիմել Հայաստանի և Արցախի ղեկավարները՝ կոչ անելով համախմբվել ու մասնակցել մարտական գործողություններին։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև ռազմաճակատի իրավիճակը ներկայացնելը, նախ անդրադարձավ պատերազմի պատճառներին։ Ադրբեջանը պահանջում էր տարածքներ ոչ թե Արցախի կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց, ինչն իր գլխավորած կառավարությունը անընդունելի է համարել, հայտարարեց վարչապետը։

«Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը», — ասաց Հայաստանի վարչապետը:

Գործող կառավարությունը հրաժարվել է այս քննարկումից՝ պնդելով, թե հարցի կարգավորումը հնարավոր չէ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության։ Իսկ Ադրբեջանը մերժել է՝ հիմք դնելով Արցախը հայաթափելու կառուցակարգերին ու հայատյաց քարոզին, ասաց Փաշինյանը։

«Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձևով հարցի քննարկումից, որովհետև՝ դա անընդունելի էր: Այս պայմաններում, երբ մենք փորձում էինք հստակ արձանագրել, որ առանց Արցախի կարգավիճակի որոշակիության հարցի կարգավորումը հնարավոր չէ, Ադրբեջանը մերժում էր կարգավիճակի շուրջ որևէ լուրջ քննարկում՝ ըստ էության, ասելով, որ միակ կարգավիճակը, որ կարող է ունենալ Արցախը՝ ինքնավար որևէ բան է Ադրբեջանի կազմում», — հայտարարեց նա:

Տավուշյան մարտերն էլ ապացուցեին անսպասելին՝ Ադրբեջանական բանակը ի վիճակի չէ ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, ինչը ցնցող նշանակություն ունեցավ Ադրբեջանի, նաև Թուրքիայի համար։ Թուրքիան որոշեց զբաղվել Ղարաբաղի հարցի լուծմամբ։ Իսկ այս փուլում արձանագրվեց մի հանգամանք, որ ռազմավարական զսպման գործոն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Այս իրավիճակում մենք փորձեցինք գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմներ՝ այն պարզ հաշվարկով, որ եթե Թուրքիան Հարավային Կովկասում հասնի իր նպատակներին, դա անխուսափելիորեն հանգեցնելու է իրադարձությունների շղթայական ռեակցիայի, և հետևաբար՝ տարածաշրջանային և արտատարածաշրջանային այն երկրները, որոնք անխուսափելիորեն դառնալու են այդ ապակայունացման օբյեկտ, պետք է ռազմավարական զսպման գործողություններ ձեռնարկեն:

Այս փուլում, սակայն, արձանագրվեց մի տարօրինակ հանգամանք: Ռազմավարական զսպման հնարավորություն ունեցող մի շարք երկրներ պատշաճ չգնահատեցին վտանգը՝ հարցը շարունակելով դիտել Ղարաբաղի հակամարտության համատեքստում և ըստ էության համարելով, որ տարածքներ խաղաղության դիմաց բանաձևն է, որ կարող է փրկել իրադրությունը», — հայտարարեց Հայաստանի կառավարության ղեկավարը:

Պատերազմի 18 օրվա ընթացքում հայկական զորքերը հյուսիսային ու հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել։ Արցախի պաշտպանական բանակը ծանր մարտերով վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը, բայց ստեղծվել է ծանր իրադրություն։ Վարչապետը նշեց՝ ահռելի թվով զոհերի մասին։ Այս պահին պաշտոնապես 532 զոհի անուն է հրապարակվել։

«Պատերազմի 18 օրվա ընթացքում մեր հերոսական զորքերը հյուսիսային և հարավային ուղղություններով որոշակի նահանջ են ունեցել: Վերջին օրերին հակառակորդը փոխել է իր մարտավարությունը՝ դիվերսիոն խմբերով փորձելով խառնաշփոթ սկսել թիկունքում: Այսուհանդերձ, Արցախի Պաշտպանության բանակը, ծանր մարտերով, մարդուժի և տեխնիկայի կորուստներ կրելով, վերահսկողության տակ է պահում ընդհանուր վիճակը՝ հակառակորդին պատճառելով մեծաթիվ կորուստներ մարդուժի և զինված տեխնիկայի:

Մեր ամեն կաթիլ արյունը մրմուռով է պատում մեզ բոլորիս, էլ չեմ ասում այն ահռելի թվով զոհերը, որ արդեն իսկ ունենք այս պահին», — ասաց Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի ելույթից մեկ ժամ առաջ համախմբվելու և մարտական գործողություններին մասնակցելու կոչ արեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Չնայած Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը շարունակում է հուժկու մարտական գործողությունները սահմանի ամբողջ երակայնքով։

«Հակառակորդը, հակառակը, օգտվելով առիթից, հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով՝ մանավանդ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ: Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, որը շատ կարևոր է, շատ շնորհակալ եմ դրա համար, նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքը զգում ենք», — հայտարարեց Արցախի նախագահը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *