Քաղաքացիները՝ Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման հարցի մասին

Այսօր Երևանի փողոցներում «Ազատության» հարցերին պատասխանած քաղաքացիների մի մասի կարծիքով՝ այժմ Հայաստանը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, մյուս մասն էլ համարում է, որ պետք չէ շտապել, որոշներն էլ ասում են՝ այս հարցը բացառապես իշխանությունների քննարկելիքն ու որոշելիքն է։

«Քանի որ արդեն պատերազմը սկսել է, հիմա պետք է ընդունենք, սրանից առաջ չեմ կարծում, որ ճիշտ էր», — ասաց հարցվածներից մեկը:

«Դա պետք է դիվանագիտությունը որոշի, կառավարությունը որոշի, աշխարհը որոշի, որ սենց պատերազմներ չլինեն», — կարծիք հայտնեց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց. «Իմ կարծիքով սկզբից պետք է ճանաչեն ուրիշները, նոր մենք, դա ավելի ճիշտ է, օգուտ կունենանք, որովհետև եթե մենք ճանաչենք, մի քիչ կդժվարանա մյուսների ճանաչելը, հետագա պրոցեսին կխանգարի»:

Որոշ քաղաքացիներ կարծիք հայտնեցին, որ այժմ Հայաստանի իշխանությունների նման քայլը կարող է հանգեցնել հայկական կողմի վրա միջազգային ճնշման:

«Ճանաչելը պետք է ճանաչենք, բայց քանի Եվրոխորհրդի հետ դեռ հարցեր ունենք, մենք չենք կարող ճանաչել: Թող գոնե մի երկիր ճանաչի, թեկուզ Կիպրոսը, նոր մենք», — ասաց մեկ այլ քաղաքացի:

Մի մասի գնահատմամբ էլ՝ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը կնպաստի հակամարտության վերջնական՝ խաղաղ կարգավորմանը: Որոշներն էլ ընդգծում են՝ այդ քայլը հնարավոր է այլ խնդիրներ ստեղծի, բայց այդուհանդերձ պետք է գնալ այդ ճանապարհով:

«Կարող է մի թեթև խորացնի, բայց ճիշտ կլինի, որ ընդունեն, որ հետագայում էլ խնդիրներ չունենանք», — նշեց հարցվածներից մեկը:

Շատերն այս հարցին պատասխանել չեն կարողանում, հակամարտության լուծման նախընտրելի տարբերակ էլ չունեն, միայն ասում են՝ խաղաղություն են ուզում: Մայրերը, որոնց որդիներն այժմ Ղարաբաղում են, ոչինչ ասել չկարողացան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *