Հայաստանի իշխանությունները Թուրքիային մեղադրում են իր օդային տարածքով դեպի Հայաստան մարդասիրական օգնության տեղափոխումը արգելելու համար։ Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Տաթևիկ Ռևազյանը «Ազատությանը» հայտնեց, որ չեղարկվել է «Քաթար էյրվեյզ» ավիաընկերության դեպի Հայաստան շուրջ 100 տոննա հումանիտար բեռ տեղափոխող Լոս Անջելես-Երևան չվերթը, ինչի առնչությամբ ավիաընկերոությունը որևէ հիմնավոր պատճառ չի ներկայացրել։ Պաշտոնյան ասում է՝ իրենք հիմքեր ունեն պնդելու, որ Թուրքիան միտումնավոր է փակել օդային ճանապարհը։
«Ոչ մի օֆիցիալ հիմնավորում տեղի չի ունեցել, բայց մենք տեղյակ ենք, և նույնիսկ ավիաընկերությունն էլ է հաստատել, որ խնդիրը եղել է Թուրքիայի օդային տարածքը, թույլտվություն չի տրամադրել Թուրքիան` հումանիտար բեռը տեղափոխել Հայաստան, բայց ավիաընկերությունն այդ իրավիճակում էլ իրականում հնարավորություն ուներ այլ ուղղությունով էլ թռիչքն իրականացնել, բայց որոշում է կայացրել չվերթը չեղարկել: Ինքը կարող էր բեռը բերել Ռուսաստանի և Վրաստանի օդային տարածքով, դա լուրջ խոչընդոտ իր համար չէր ստեղծի մանավանդ կարևոր է նշել, որ իրենք արդեն խոսք էին տվել, որ չվերթը կիրականացվի, փոխանցումն արվել էր, ամեն ինչ հաստատված էր, և վերջին վայրկյանին են այս որոշումը կայացրել: Այսինքն` եթե նախապես իմանային դրա մասին, այլ ընկերությունով կարող էին կազմակերպել չվերթը», — ասաց Ռևազյանը:
Պաշտոնական Անկարան դեռևս չի արձագանքել Հայաստանից հնչող այս մեղադրանքին:
Քաղավիցիայի վարչության պետի խոսքով՝ սա առաձին անգամը չէ, որ Թուրքիան խոչընդոտում է բեռների տեղափոխումը Հայաստան. — «Մեզ զեկուցել են, որ օրինակ` Թուրքիան պահանջում է, որ ամբողջ ապրանքի ցանկը ավիաընկերությունը տրամադրի, որ ինքը հաստատի իր օդային տարածքով անցնելը, և դա ընդունված չէ: Այսինքն` ինքն իրավունք ունի, որովհետև ինքն է կառավարում իր օդային տարածքը, բայց ընդհանրապես ավիացիայում ընդունված չէ ամբողջ ապրանքի ցանկը պահանջել ավիաընկերությունից: Եթե վտանգավոր բեռ կա օդանավի մեջ, դա կարող են իրենք պահանջել զուտ, որովհետև եթե դեպք պատահի ճանապարհին, և պետք է վայրէջք կատարի ավիաընկերությունը, որ պատրաստված լինեն որևէ դեպքին, բայց որ ընդհանրապես ամբողջ ցանկը պահանջեն, այդպիսի բան իրականում չի լինում»:
Ռևազյանն ասում է` այս բեռը ստուգումների փուլն արդեն իսկ անցել էր, վերջնական հաստատումը ստացել, սակայն վերջին վայրկյաններին չվերթը չեղարկվել է: Ամերիկահայ համայնքի կողմից ուղարկվող 100 տոննա հումանիտար բեռում և մեծաքանակ դեղորայք է, և բժշկական սարքավորումներ, քնապարկեր, հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ: