Հայկական կողմը հայտարարել է արդեն 604 զոհերի մասին

Պաշտպանության բանակն այսօր հրապարակեց ղարաբաղյան հակամարտության գոտում զոհված ևս 49 զինծառայողի անուն, պատերազմի 19-րդ օրը հայկական կողմը հայտարարել է արդեն 604 զոհերի մասին։ Ադրբեջանը մինչ օրս զինվորական զոհերի մասին որևէ տվյալ չի հաղորդում՝ դա համարելով ռազմական գաղտնիք։

Ինչ վերաբերում է իրավիճակին, ապա հայկական կողմի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածություն է եղել, իսկ առավոտյան հյուսիսային և հարավ-արևելյան ուղղություններով Ադրբեջանը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը: Այդ ուղղություններով ընթանում են թեժ մարտեր, մոտ երեք ժամ առաջ գրել է Պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմետ Հաջիևը Թվիթերում գրել է, որ հայկական ուժերը շարունակում են հարվածները Թարթար, Աղջաբադի, Աղդամ և այլ տարածքների ուղղությամբ։

Երեկ Ադրբեջանի կողմից թիրախավորվել է հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժում են ստանում նաև քաղաքացիական անձինք: Այս հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հայտարարել է Արցախի արտգործնախարարությունը։ Երեկ Արծրուն Հովհաննիսյանը ևս խոսեց այս հարվածի մասին. — «Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են հոսպիտալներից մեկը, ինչը մեծ հաշվով մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, և տեսնեն, թե ինչպես են բուժհիմնարկությունները ևս թիրախավորվում, չնայած մեզ համար դա բոլորովին զարմանալի չէ, որովհետև մենք տեսել ենք դա մի քանի անգամ իրենց կողմից: Եթե թիրախավորվում է եկեղեցին, նույն ձև կթիրախավորվի նաև հիվանդանոցը և հոսպիտալը»:

Երեկ Ադրբեջանը թիրախավորել է նաև Հայաստանի տարածքը. — «Թիրախավորվել է մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռային համակարգը, ինչը, հատուկ ուզում ենք շեշտել, լեգիտիմիզացնում է Հայաստանի Հանրապետության կողմից համապատասխան պատասխան քայլերը և թիրախավորումը նմանատիպ ռազմական նշանակության թիրախների Ադրբեջանի տարածքում»:

Այսօր Հայաստանի արտգործնախարարն է Թվիթերում գրառում արել` ևս մեկ անգամ փաստելով, որ հոկտեմբերի 10-ին կրակը դադարեցնելու վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված համատեղ հայտարարությունից 5 օր անց Ադրբեջանը տորպեդահարում է դրա իրականացումը: «Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմը Արցախի դեմ», — գրել է Զոհրաբ Մնացականյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *