87-ամյա կինն իր վիրահատության համար խնայած գումարը փոխանցել է հիմնադրամին

Աչքի վիրահատության համար խնայած 100 հազար դրամն 87-ամյա Աշխարուհի Գրիգորյանը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Թեև սուր գլխացավերը պայմանավորում է աչքի խնդրով, միևնույնն է՝ չի փոշմանել, Արցախի փրկությունն ու առաջնագծում գտնվող թոռան ողջ-առողջ վերադարձն է նրա գլխավոր ցանկությունը:

«Հավաքել եմ, տղիս ու հարսիս էլ չէի ասել, 100 հազար դզվել էր, ասացի` ուղարկի օգնության Արցախի համար, տղես ու հարսս էլ ասացին` ինչի՞ ես հավաքել, ասացի վիրահատության համար: Թոռս զինվոր է, հիմա նախդի զինվոր է, գիշեր-ցերեկ մտածում եմ, ասում եմ` Աստված, երկրին խաղաղություն տուր, բոլոր երեխեքը գան, հասնեն իրենց տները», — ասում է նա:

Արմավիրի մարզի Արևիկ գյուղում բնակվող տիկին Աշխարուհու հայրն ու եղբայրը Հայրենական պատերազմից տուն չեն եկել։ Աղոթում է, որ զոհեր այլևս չլինեն։ Տանն ապրում են երեքով՝ ինքը, որդին ու հարսը։ Միակ եկամուտը այգու խաղողն է, որն այս տարի չի վաճառվում։ Բայց դրա մասին չի էլ մտածում, ասում է՝ կվիրահատվի, երբ կվաճառվի. — «Հիմա կասեն` միլիարդատեր եք, ուղարկել եք, լավ եմ արել, իմ հայոց բանակի համար եմ ուղարկել: Չէ, իմ տղի ձեռին փող չկա, խաղողն է, հլը չենք ծախել»:

Սոսե Հայրապետյանն տիկին Աշխարուհու հարսն է, փոխանցումն արել են, կտրոնն էլ տատին ցույց տալուց բացի, նաև Ֆեյսբուքում են հրապարակել որպես դրական օրինակ մյուսների համար։ Ասում է` այդ օրվանից օգնության առաջարկներով բազմաթիվ զանգեր են ստանում։ Տիկին Սոսեն ու իր ամուսինը մերժել են այդ բոլոր առաջարկները և զանգահարողներին խորհուրդ տվել համահայկական հիմնադրամին փոխանցումներ անել։ Անգամ երևանյան հիվանդանոցներից մեկից են զանգահարել, ասել են՝ կազմ ու պատրաստ տատին են սպասում, որ աչքն անվճար վիրահատեն։ Այս առաջարկն էլ են մերժել։ Հարսն ու որդին տիկին Աշխարուհուն խոստացել են աչքը վիրահատել սեփական բերքի վաճառքից գոյացած գումարով. — «Թոշակը ես եմ միշտ ստանում, ասենք ինչ վճարումներ անում եմ, չեմ անում, գալիս եմ` տատի, էսա մնացել, առ, ինքը տենց պահել է, չենք էլ հետաքրքրվել` ինքը ինչքան է հավաքել, ինչ` չէ: Էս էլ ուղարկեք, երեխեք ջան, ասինք` տատ, բա հավաքել ես, թող մնա, բա` չէ, ճիշտն ասած` ես ինձ ու ինձ որոշել էի աչքի վիրահատության հավաքել, ինչ կպակասեր, դուք կավելացնեիք, բայց որ սենց է, սա ամենակարևոր հարցն է: Մենք էլ ուրախացանք, ասինք` էտ էլ կանենք, հեսա որ մեր այգիները սկսեցինք վաճառել, էտ մենք կանենք»:

Այս օրերին նման փոխանցումներ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին քիչ չեն լինում։ Հիմնադրամն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է օրինակ՝ արմավիրցի 6-ամյա Վահեի լուսանկարը, որը դասերից հետո 1 ընկույզը վաճառել էր 100 դրամով ու ստացված գումարը նվիրաբերել հիմնադրամին:

Մասնավոր դպրոցներից մեկի 9-րդ դասարանի աշակերտ Արեգն էլ իր բարձր առաջադիմության համար ստացած 250 հազար դրամ կրթաթոշակն է ամբողջությամբ հիմնադրամին նվիրաբերել։

Այսպիսի մի քանի պատմություն էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանը պատմեց. — «Առաջին կարգի հաշմանդամ մի տատիկ 5000 դրամ էր ուղարկել և գրություն էր գրել, որ կներեք, սրանից ավելի չեմ կարող տալ: Եվ ինքը ծնկի, ոտքի խնդիր ունի և վիրաբուժական լուրջ միջամտության: Ես որոշել եմ, որ այդ տատիկին այս ամեն ինչից հետո անպայման հիմնադրամը պետք է վճարի վիրահատության ծախսը: Բայց հետո նմանատիպ շատ-շատ դեպքեր եղան. մի կին հենց իր վիրահատության գումարը` 300 հազար դրամ, բերել էր, որպեսզի նվիրաբերի հիմնադրամին: Բնականաբար, մերժեցինք, սիմվոլիկ խնդրեցինք` 5000 դրամ նվիրաբերի և գնա, հոգա իր առողջության ծախսերը: Ունենք բազմաթիվ երեխաներ, քույրեր, եղբայրներ, ովքեր գալիս են մեր գրասենյակ, իրենց դրամատուփերը բերում են և ինչ գումար որ ունեն, նվիրաբերում են»:

Մինչև այսօր համահայկական հիմնադրամի հաշվեհամարին հավաքվել է ավելի քան 120 միլիոն դոլար, առաջիկայում սրան կգումարվի նաև Լոս Անջելեսի հեռուստամարաթոնից հավաքված 30 մլն դոլարը։ Հիմնադրամի ղեկավարի խոսքով՝ Հայաստանից ու աշխարհի գրեթե բոլոր երկրներից աշխարհասփյուռ հայերն ավելի ակտիվ են սկսել փոխանցումներ կատարել։ Առաջատարները դեռ Հայաստանն ու Ռուսաստանն են, հետո Ամերիկան և մյուս երկրները։ Սա արդեն սովորական դրամահավաք չէ, ըստ հիմնադրամի ղեկավարի, այն վերածվել է համազգային շարժման՝ հանուն արդարության. — «Կենտրոնական բանկով միայն մենք ունեցել ենք մոտ 54 հազար նվիրատվություն ամբողջ աշխարհից, և բնական է` ամենաակտիվը Կենտրոնական բանկի պարագայում Հայաստանն ու Ռուսաստանն են: Եթե կայքով նայենք, ունենք 50 հազարից ավելի նվիրատվություն: Նաև իմացաք, որ sms-ներով հնարավորություն եղավ, այսինքն` շուրջ 100 հազարից ավելի sms-ներ են ստացվել: Իհարկե, գումարը փոքր է ի վերջո կազմում, բայց նաև դա էլ է մարդկանց ներգրավվածությունը բարձրացնում»:

Հիմնադրամի տնօրենը հիշեցնում է՝ այդ գումարներն ուղղվելու են միայն մարդասիրական ծրագրերի, կոչ է անում հավաքված գումարներով զենք գնելու ռազմաշունչ հայտարարություններ չանել։ Իսկ թե ով, որ երկրից և որքան գումար է փոխանցում, հիմնադրամի էջում է հրապարկվում, ցանկին նաև արմավիրցի 87-ամյա Աշխարուհի Գրիգորյանն է հետևում ու խորհուրդ տալիս. — «Բոլորը հարուստ-քյասիբ ինձ նմաններին նայեն, օգնեն հայ բանակին»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *