Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինտենսիվ մարտեր են ընթանում, փոխանցում է Հովհաննիսյանը

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն, սակայն արդեն վաղ առավոտյան ադրբեջանական կողմը լայնածավալ հարձակում է սկսել հյուսիսային ուղղությամբ, հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերը փորձել են գրավել հայկական կողմի դիրքերը, սակայն հետ են մղվել՝ կրելով զգալի կորուստներ։ Արծրուն Հովհաննիսյանը րոպեներ առաջ «Ազատությանը» հայտնեց, ռազմադաշտում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինտենսիվ մարտեր են ընթանում թե հյուսիային, թե հարավային ուղղությամբ։

«Հյուսիսային ուղղությամբ առավոտ 2-3 փորձից հետո մի փոքր հանդարտվել է, բայց հարավային ուղղությամբ շարունակվում են մարտական գործողությունները նույն լարվածությամբ, օդուժի կիրառությամբ, հրետանու, զրահատանկային զորքերի և հատկապես հետևակի ու գրոհող տարբեր խմբավորումների, նաև ահաբեկչական խմբավորումների», — ասաց Հովհաննիսյանը:

Ադրբեջանն էլ հայկական կողմին է մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու համար` պնդելով, թե հայկական կողմը հրետակոծում է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներին։ Բաքուն հայտարարում է նաև, թե հայկական կողմը զինտեխնիկայի ու մարդկային ուժի կորուստ ունի։ Հայկական կողմն էլ հերքում է Ադրբեջանի այն հայտարարությունը, թե իբր Հայաստանը երեկ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ հրթիռ է արձակվել։

«Սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը», — հայտարարել է Պաշտպանության նախարաության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Արցախի պաշտպանության բանակն այսօր հրապարակեց զոհված ևս 29 զինծառայողի անուն։ Հայկական կողմը մինչ այս պահը հաղորդել է 633 զինծառայողի մահվան մասին։ Մինչդեռ ադրբեջանական կողմն իր զինվորների կորստի մասին լռում է՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *