Հայկական կողմն այսօր կդիմի միջազգային ատյաններին՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություն կատարելու մասին

Երեկ երեկոյան Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հայտարարեցին, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութերերից պարզ է դառնում, որ հայ գերիների են սպանում, ընդ որում՝ դաժանաբար, արժանապատվությունը ստորացնող եղանակով, կրակահերթեր արձակում անզեն և անպաշտպան, ձեռքերը մեջքի հետևում կապած մարդկանց ուղղությամբ։

Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ արդեն հարուցվել է քրեական գործ Արցախի քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով՝ սպանությունը, որը կատարվել է զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներով։

Իրավապահները նաև պնդում են, որ նույնականացրել են տեսանյութերում երևացող անձանց։ Ըստ Հայաստանի գլխավոր դատախազի խորհրդականի, պաշտպանության միջոցներից զրկված, փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձինք են՝ Հադրութ քաղաքի 73-ամյա բնակիչ Բ.Հ.-ն և Հադրութի շրջանի Տայք գյուղի 25-ամյա բնակիչ Յ. Ա.-ն։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով միջազգային մարդասիրական իրավունքի փաստաթղթերին, որոնք վավերացրել է նաև Ադրբեջանը, շեշտում է՝ պատերազմի կանոնները ենթադրում են, որ սահմանի մյուս կողմում հայտնված թե՛ ռազմագերիների, թե՛ քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է ցուցաբերվի մարդասիրական վերաբերմունք, ինչը սահմանում են Ժնևյան կոնվենցիաները։

«Ժնևյան կոնվենցիան, կից արձանագրությունները վերաբերում են զինված հակամարտություններին, պատերազմներին, նրան, ինչը հիմա տեղի է ունենում։ Էնտեղ կա մոտավորապես 160 նորմ, թե ինչպես չի կարելի պատերազմ վարել։ Հիմնական նպատակն է նվազագույնի հասցնել քաղաքացիական բնակչության շրջանակներում և որոշ խմբերի շրջանակներում մահերը կամ նրանց ֆունդամենտալ իրավունքների խախտումը․ արժանապատվության նկատմամբ հարգանքը՝ վերաբերում է ռազմագերուն, անձնական կյանքի նկատմամբ հարգանքը՝ վերաբերում է նվաստացված վիճակում նրանց վիդեոները, նրանց պատկերը ցույց տալուն, փաստաթղթերը ցույց տալուն», — պարզաբանեց Ղազարյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ հայ երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիջյանյանը գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն արդեն դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան՝ նրանց Հայաստան վերադարձնելու պահանջով։

Արա Ղազարյանը վկայակոչում է միջազգային մի շարք փաստաթղթեր, այդ թվում Ժնյան կոնվենցիաները, որոնք սահմանում են, թե ինչպես պետք է վարվել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ։ Երկու դեպքում էլ հակամարտող կողմը իրավունք չունի նրանց զրկել կյանքից, բռնություն գործադրել, ցուցմունք կորզել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *