Ավելի կոշտ ջանքեր պետք է կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ, որ կատարեն զինադադարը, նշում է Մայիլյանը

Ռազմական իրավիճակն անփոփոխ է, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում, ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, դրական միտումներ ենք նկատում, «Ազատության» եթերում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

«Տարբեր երկրներից, նաև խոշոր երկրներից սկսել են կրկնել այն ամենն, ինչի մասին մենք առաջին օրվանից խոսում ենք թե Հայաստանի Հանրապետությունից, թե Արցախից, և փաստորեն այն թեզերը, որ մենք առաջ էինք տանում, հիմա իրենց հաստատումն են ստանում տարբեր երկրների ղեկավարների շուրթերից: Այս առումով այս ամենը շատ դրական եմ համարում, և սա պետք է զարգացնենք, որ հասնենք մեր նպատակներին», — ասաց նա:

Հարցին, թե նկատի ունի՞ ահաբեկիչների մասին հիշատակումները, նախարարն ասաց` մի քանի թեզի մասին է խոսում` նախ որ ռազմական ագրեսիան Արցախի դեմ սկսել է Ադրբեջանը, ինչը երեկ նաև, ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հաստատեց: Մայիլյանը նշեց, որ պնդում էին նաև Թուրքիայի ներգրավվածության մասին, Մերձավոր Արևելքից ահաբեկիչների ներգրավվածության մասին ևս, ինչը ևս հաստատում է ստանում:

Անկարան, Բաքուն հերքում են ահաբեկիչների առկայությունն առաջնագծում և ընդհանրապես ռազմական գործողություններում: Մասիս Մայիլյանն ասաց` կան տվյալներ, որոնք դա հաստատում են, տարածաշրջանային խոշոր խաղացողներն ունեն ավելի լայն հնարավորություններ` հաստատելու այդ փաստերը, բացի այդ հայկական կողմն էլ է փաստեր հավաքեր, որոնք ժամանակի ընթացքում կհրապարակայնացվի:

Իսկ Մոսկվայի ջանքերը բավարա՞ր ակտիվություն են, երբ շարունակաբար խոսվում է այն մասին, որ Անկարան փորձում է Կովկաս մտնել, արտգործնախարարն ասաց. — «Այդ հրադադարն, իհարկե, պետք է նաև պարտադրել, այդ կոչերը կան, մենք տեղեկություններ ունենք, որ Ռուսաստանի նախագահը խոսել է Թուրքիայի նախագահի հետ, արտգործնախարարներն են խոսել, այսինքն` այդ մտահոգություններն արտահայտվում են այդ հեռախոսազրույցների ժամանակ, բայց տեսնում ենք, որ զինադադարը չի պահպանվում Ադրբեջանի կողմից, և կարծում եմ, որ հետագայում ավելի կոշտ ջանքեր պետք է կիրառվեն Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ, և իրենց պետք է պարտադրվի, որ իրենք պետք է կատարեն իրենց վրա վերցրած հանձնառությունները»:

Մասիս Մայիլյանը նաև շեշտեց` Արցախի անկախության միջազգային ճանաչումը «կտա լրացուցիչ հնարավորություններ` ավելացնելու անվտանգային հնարավորությունները»:

Դիտեք հարցազրույցն այստեղ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *