Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ «Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության»

Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցում:

«Հիմա՝ առավել ևս այս իրավիճակում, մենք տեսնում ենք, որ Ղարաբաղի հարցն ունի մեկ լուծում՝ անջատում հանուն փրկության: Այն, ինչ անվանվում է remedial secession: Որովհետև ուրիշ տարբերակ չկա: Հակառակ դեպքում հայերին սպառնում է ցեղասպանություն, ֆիզիկական ոչնչացում և էթնիկ զտում այն տարածքներում, որը կլինի Ադրբեջանի հսկողության ներքո», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է բանակցությունների: «Եթե սա լիներ զուտ Ղարաբաղի հարց, բանակցություններն արդեն սկսված կլինեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կամ նրանցից մեկի միջնորդությամբ: Ինչո՞ւ չեն սկսում: Որովհետև Թուրքիան տարածաշրջանը վերաձևելու և տարածաշրջանում իր ազդեցությունը հաստատելու խնդիր է լուծում», — հայտարարել է վարչապետը:

Libération — ի հարցին, թե ի՞նչ է ակնկալում Ռուսաստանից, Փաշինյանը պատասխանել է. «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն և կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները և ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան»:

Վարչապետն ընդգծել է՝ նույնն է ակնկալում նաև Ֆրանսիայից. «Բայց քանի որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի գործիքներն ավելի հասանելի են, կարծում եմ, որ Ֆրանսիան պետք է աջակցի և քաջալերի Ռուսաստանին այդ ջանքերում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *