Հայկական կողմը ՄԻԵԴ է ուղարկել գլխատված հայ զինծառայողի մասին տեղեկատվությունը

Հայկական կողմն արդեն Մարդու իրավունքների Եվրոպական դատարան է ուղարկել գլխատված զինծառայողի մասին տեղեկատվությունը։ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ամենօրյա ռեժիմով Ստրասբուրգ են ուղարկում տարատեսակ փաստաթղթեր՝ Ադրբեջանի թույլ տված ռազմական հանցագործությունների վերաբերյալ։

«Այդ երկիրը խախտել է Ժնևյան կոնվենցիաները», — շեշտում է Կիրակոսյանը։ — «Ակնհայտորեն դրանք խախտումներ են միջազգային իրավունքի, պատերազմական հանցագործություններ են։ Դրանք ակնհայտ խախտումներ են և՛ Ժնևյան 3-րդ կոնվենցիայի, և՛ սովորութային մարդասիրական իրավունքի ուղղակի խախտումներ են, ինչպես նաև հանգեցնում են Եվրոպական կոնվենցիայի խախտումների՝ 3-րդ հոդվածի տրամաբանությամբ»։

Գիշերը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարեց, որ ադրբեջանցիները հայ զինվորի են գլխատել ու լուսանկարն ուղարկել նրա եղբորը։ Օմբուդսմենը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում: Ընդ որում, զանգահարել են գլխատված զինվորի հեռախոսահամարով։

«Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են», — հայտարարում է Թաթոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս կան և դրանք ներկայացվում են միջազգային ատյաններին։ — «Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ»։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանն ընդգծում է՝ դիակապտությունը պատերազմական հանցագործություն է․ — «Առկա է միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը, մարդասիրական տարրական կանոնների խախտում։ Այն նաև համարվում է պատերազմական հանցագործություն։ Եթե համապատասխան գանգատ ներկայացվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, կամ որպես այլընտրանք՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողով, ըստ գրեթե էության միանշանակ է, որ պատասխանատվությունն արձանագրվելու է Ադրբեջանի։ Ուրիշ հարց, որ դա լինելու է ուշ ու, բնականաբար, եթե նայում ենք խախտման ճանաչում և որոշակի փոխհատուցում գումարային, դա համարժեք չէ այն ցավին և այն տառապանքներին, որոնք պատճառվում են զոհվածի ընտանիքին»։

Սակայն, ըստ փորձագետի, Ադրբեջանին քրեական պատասխանատվության կանչելը առաջին հայացքից գրեթե անհնար է, դա կարող է իրականացվել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից իրավիճակը միջազգային քրեական դատարանում ներկայացնելու միջոցով, բայց նման նախադեպեր գրեթե չկան։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *