Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակը չի դադարում

Պատերազմի արդեն 23-րդ օրը, չնայած կողմերի միջև ձեռքբերված հոկտեմբերի 10-ի և 17-ի պայմանավորվածություններին, արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կրակը չի դադարում։

Հայկական կողմի հաղորդմամբ՝ գիշերը, ընդհանուր առմամբ, իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտերը, իսկ առավոտյան Ադրբեջանը վերսկսվել է հրետակոծությունները հյուսիսային և հարավային ուղղություններում։

Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները Ադրբեջանի կրակակետերը լռեցնելու համար դիմում են համարժեք գործողությունների։

Ավելի ուշ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարեց, թե մարտերը հատկապես թեժ են հարավային հատվածում։ Ադրբեջանը կրակ է բացել նաև Արցախի բնակավայրերի ուղղությամբ, մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Քաշաթաղի շրջանի Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները։ Արցախից հայտնում են՝ Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներ։ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ադրբեջանական կողմը նաև Հայաստանի բնակավայրերն է թիրախավորում։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդում է, որ ադրբեջանական անօդաչուների հարվածների հետևանքով անցած օրերի ընթացքում վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները։ Հարվածների ալիքից կոտրվել են ուսումնական հաստատությունների պատուհանների ապակիները, պատերին առաջացել են ճաքեր։ Տուժածներ չկան։

Բաքուն էլ հերթական անգամ մեղադրանքի սլաքները հայկական կողին է ուղղում, թե՝ հայերն են ադրբեջանական կողմի բնակավայրերը թիրախավորում։ Այս անգամ, սակայն, ադրբեջանական կողմից, վնասների ու զոհերի մասին չեն հայտարարում։

Պաշտոնական Երևանից կոշտ են արձագանքում Բաքվի գործողություններին։ «Հայաստանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը», — ասված է Արտգործնախարարության հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարությունը կրկին մեղադրում է ադրբեջանական կողմին՝ արդեն երկրորդ անգամ հրադադարի պայմանավորվածությունը խախտելու համար։ Երևանը միևնույն ժամանակ ևս մեկ անգամ շեշտում է՝ հայկական կողմը հավատարիմ է կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով։

«Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ և հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը», — ասված է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Պաշտոնական Բաքուն՝ Անկարայի հետ միասին ոչ միայն պատրաստ չեն բանակցությունների, այլև նման ցանկություն չունեն, համոզված է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։

Վերլուծաբանը Ադրբեջանական ու թուրքական կողմի պահվածքը արհամարհանք է համարում Ռուսաստանի ու Ֆրանսիայի նկատմամբ։

«Մենք տեսնում ենք, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան հրաժարվում են կատարել, ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ֆրանսիայի խնդրանքն ու պահանջը։ Սա չափազանց կարևոր է, քանի որ դա ապտակ է Մոսկվային։ Այլ կերպ ասած դա արտացոլում է Ադրբեջանի և Թուրքիայի հիասթափությունը, բայց դա առճակատում է հրադադարի ռեժիմ հաստատելու կոչերին և համաձայնության դեմ», — նշել է Կիրակոսյանը:\

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *